Դերասան Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը վերադարձել են հարսանեկան ճամփորդությունից։ Զույգն իր 12-օրյա հանգիստն անցկացրել է Հունաստանի Կրետե կղզում։
«Միշտ հիացել եմ Հունաստանի պատմությամբ, հին ճարտարապետական կառույցներով. այս ուղեւորությունը երկուսիս սրտով էր։ Կրետե կղզու Հերակլիոն քաղաքը տեսարժան վայրերին մոտ է, հյուրանոցային հարմարություններն իդեալական էին։ Առանց երկմտելու այնտեղ կանգ առանք»,- BRAVO.am-ին պատմել է Էդգարը։
Լուսինեն եւ Էդգարը
Նորապսակները նախապես պլանավորել էին իրենց երթուղին դեպի Կնոսոսի պալատ, Կրետեի ակվարիում եւ թանգարաններ։ Սակայն ծովափնյա քաղաքի ջերմ արեւն ու օդը մոռանալ տվեցին ամեն ինչ, նույնիսկ՝ սպորտասեր զույգի առօրյա խիստ սննդակարգը։ Հունական պիցցա, ծովամթերք եւ մսամթերք՝ համեմված հունական տնական գինիով։
«Կրետեում խմելու ջուրը խնդիր է, այն չափազանց աղի է։ Միգուցե դա է պատճառը, որ հույները քաղցրի հանդեպ սեր ունեն․նույնիսկ ձվածեղն ու աղցաններն են քաղցր, ինչը հայերիս համար անսովոր է։ Հունական գարեջրից արբելը դժվար է։ Երեւի հատուկ են խմիչքը նոսրացնում, որ կրկնակի պատվիրես»,- կատակել է դերասանը։
Էդգար Իգիթյանի կինը՝ Լուսինեն
Նրա խոսքով՝ երեկոյան ժամերին Հերակլիոնը նույնքան անվտանգ է զբոսաշրջիկների համար, որքան Երեւանը։ Մոլորվելու դեպքում կարելի է տեղացիներից ճանապարհը հարցնել. չնայած լեզվական խնդրին՝ միշտ սիրով են արձագանքում։ Այդ առումով հայերին նման են՝ նույնչափ ավանդապաշտ, մեծահասակին հարգող ու հյուրընկալ։ Զույգին հատկապես տպավորել է հույների անհոգ կենսակերպը․ նույնիսկ տարեցները, ձեռք ձեռքի տված, զբոսնում են հարազատ փողոցներով եւ վայելում իրենց ժամանակը։
Ճամփորդության ընթացքում զավեշտներ շատ են եղել։ Մի օր լողափով զբոսնելիս Էդգարը նկատել է «խեղդվող» կնոջ, որին ծածկել էին ալիքները, եւ որոշել օգնության հասնել։ Պարզվել է՝ կինը ֆոտոխցիկի առջեւ սայթաքել է եւ ընկել ջուրը, սակայն չցանկանալով փչացնել կադրը՝ շարունակել է ջրում բնորդուհու դեր խաղալ։
Էդգար Իգիթյանը
«Մի տարեց հույնի հետ ծանոթացանք, հայերի ցեղասպանության մասին շատ բան գիտեր։ Ասաց՝ մեր ժողովուրդները նույն ճակատագիրն ունեն՝ երեւի նկատի ունենալով Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Այդ հանդիպումը չեմ մոռանա»,- նշել է դերասանը։
Զույգը Հայաստան է վերադարձել նոր գաղափարներով եւ ստեղծագործական տրամադրությամբ։ Ընտանիքը փոքրիկով համալրելու մտադրություն դեռ չունեն․ առջեւում նոր ճամփորդություններ են, անձնական բիզնես սկսելու հեռանկարներ։
Տեքստը՝ Անի Անտոնյանի / Bravo.am/
Լուսանկարները՝ Էդգար Իգիթյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: