Էմմա Մանուկյանն այս շրջանում աշխատում է խիտ գրաֆիկով: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ օրեր առաջ 28-ամյակն էլ նշել է նկարահանման հրապարակում: Նրա հետ խոսել ենք «Եթե գտնեմ քեզ» սերիալում մարմնավորած կերպարի, թատրոնում ունեցած զբաղվածության, ընտանիքի եւ վաղեմի երազանքն իրագործելու նպատակի մասին:
Էմմա Մանուկյանը
«Ծննդյանս օրը մի քանի նկարահանում ունեցանք տարբեր ռեստորաններում: Մեր ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը նույնիսկ կատակեց՝ ասելով` «Տեսնո՞ւմ ես` ինչ լավ ենք նշում տարեդարձդ»:)»,-ասել է նա` խոստովանելով, որ չի սիրում տարեդարձի օրերը, տխրում է եւս մեկ տարով մեծանալու պատճառով.«Բայց այս անգամ անհասկանալի էներգիա ու տրամադրություն ունեի, շատ ուրախ էի»:
Էմման չի ցանկացել բացահայտել ամուսնու՝ դերասան Վիլեն Սարգսյանի նվերը` նշելով միայն, որ վերջինս շատ ջերմ է շնորհավորել. «Այս տարի նույնիսկ տորթի մոմ փչելու ժամանակ չեղավ: Միշտ մտապահել եմ երազանքներ ու հավատացել դրանց կատարմանը, բայց այս շրջանում այնպիսի լեցուն կյանքով եմ ապրում, որ մի տեսակ երազելու ժամանակը չէ. այժմ միայն աշխատելու մասին եմ մտածում»:
Խոսելով սերիալում կերտած կերպարի մասին` նա ասել է, որ Արեւիկը բացարձակապես իրեն նման չէ.«Հերոսուհիս շատ ժամանակավրեպ մարդ է, ինչպես ասում են՝ այս թվի ու կյանքի մարդ չէ: Իր պատկերացումները կյանքի ու մարդկանց մասին այնքան մաքուր են, որ չի կարողանում երջանկություն գտնել ոչ աշխատանքում, ոչ էլ անձնական կյանքում: Ի տարբերություն նրա` ես շատ ավելի ուժեղ եմ: Երեւի թե բոլոր այն իրավիճակները, որոնցում հայտնվում է նա, որոշ ժամանակ առաջ իմ կյանքում էլ են եղել, բայց կարողացել եմ լուծումներ գտնել»:
Վիլեն Սարգսյանը` դստեր հետ
Նա նաեւ հավելել է.«Արեւիկին շատ եմ սիրում: Հետաքրքիր ու Էմոցիոնալ կերպար է: Ճիշտ է` այդքան հույզեր փոխանցելն ինձ մաշում է, բայց այդ հույզերը միշտ վերականգնվում են ու ավելի հարուստ եւ հետաքրքիր են դառնում: Այս սերիալը իմ հեռուստատեսային յոթերորդ նախագիծն է, համոզված եմ, որ այն շատ լավն է լինելու, քանի որ յոթն իմ թիվն է»:
Անդրադառնալով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ծավալած գործունեությանը` դերասանուհին ասել է.«Նախորդ թատերաշրջանի վերջում պրեմիերա ունեցանք՝ «Անկոչ Աննան», որտեղ գլխավոր դերում Լիդիա Գրիգորյանն է: Ես եւ նա 9 տարեկան երեխաների ենք մարմնավորում, ռեժիսորը Գրիգոր Խաչատրյանն է: Շատ ծավալուն եւ բազմամարդ ներկայացում է, որը կարողացանք ընդամենը երեք ամսում պատրաստել եւ ներկայացնել»:
Պարզվում է` Էմման այս շրջանում հետաքրքրվում է սպորտով.«Այլեւս պարով չեմ զբաղվում. ծանրաբեռնվածության պատճառով առողջական խնդիրներ ունեցա ու վերջնականապես հրաժարվեցի՝ ընտրելով դերասանական արվեստը: Այժմ մարզասրահ եմ հաճախում, գուցե ապագայում իրագործեմ վաղեմի երազանքներիցս մեկը եւ զբաղվեմ օդային մարմնամարզությամբ, քանի որ մանուկ ժամանակ երազում էի կրկեսում աշխատելու մասին»:
Էմմա Մանուկյանը` դստեր հետ
Նրանից հետաքրքրվել ենք նաեւ` ինչպես են վերաբերվում աշխատանքային զբաղվածությանն ընտանիքի անդամները՝ ամուսինն եւ 4-ամյա Սառան. «Ամուսինս դեռ չի բողոքում, քանի որ ինքն էլ օրվա մեջ շատ զբաղված է լինում, իսկ Սառան նեղանում է հաճախ, չի խոսում ինձ հետ, զանգերիս չի պատասխանում, բայց երբ տանն եմ լինում, փորձում եմ մեղքերս քավել. միասին գիրք ենք կարդում, խաղում ենք»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: