×


Էվա Խաչատրյան. «Էժանագին դերասանիկները գողացել են…»

Էվա Խաչատրյանին BRAVO.am-ը վերջերս լուսանկարեց հարսի կերպարում` զրուցելով անձնական թեմաների շուրջ։ Կամերային թատրոնի դերասանուհու հետ մեր նոր հարցազրույցը մասնագիտության, երազած կերպարների, թատրոնի ու հեռուստատեսության մասին է։

Էվա Խաչատրյանը


- Էվա, ինչպե՞ս ես ամառն անցկացնում։

- Այս անգամ որոշեցի անցկացնել Երեւանում։

- Այս ժամանակահատվածում նախագծերում չես երեւում, բայց շարունակում ես խաղալ թատրոնում։ Ինչի՞ հետ է կապված հեռուստատեսային դադարը։ 

- Թատրոնն իմ տունն է, որից երբեք չեմ հրաժարվի, իսկ էկրաններին չկամ, որովհետեւ դեռ հետաքրքիր որեւէ առաջարկ չունեմ։ Այսուհետեւ ուզում եմ դերերս հետաքրքիր լինեն, որպես դերասան աշխատելու հնարավորություն տան։ Չեմ կարծում՝ պարզապես եթերում լինելն ու հենց այնպես նույնանման դերեր խաղալը ճիշտ է, մանավանդ, որ մեր օրերում էկրանները գրավել են անտաղանդներն ու «դերասանիկները»։

- Մի անգամ էլ ասացիր, որ այսօր էկրանին են «պուպսիկ», «պապսավիկ» դերասանները, որոնք գողացել են իրական դերասանների աշխատանքը։

- Ոչ մասնագետ, ոչ գրագետ, նույնիսկ բերանի ապարատի խնդիր ունեցող մարդիկ են էկրաններին, որոնց ասել դերասան, կնշանակի ծաղրել իրական դերասաններին։ Էժանագին արտաքինով, հոգով, աչքերով եւ, իհարկե, անվճարին հավասար էժան վարձատրվող չդերասաններ են։ Ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ գողացել են իրական դերասանների աշխատանքը, որոնք ստիպված գնում են երկրից։ Սերիալում, թե ֆիլմում նկարվող դերասանը պիտի աշխատի տեքստի հետ։ Շատ եմ հանդիպել, որ տպած տեքստ էլ չունեն, հեռախոսով են ներկայանում տաղավար, ինձ համար արդեն թերի դերասան են, որ առանց մանրակրկիտ աշխատելու ուղղակի ուզում են էկրանին լինել։

- Իսկ ո՞վ է քեզ համար տաղանդավոր դերասանը։

- Բոլորս էլ գիտենք, որ տաղանդավոր ծնվում են, ոչ թե դառնում, դա ի վերուստ տրված շնորհք է։ Իհարկե, կարող ես հղկել, ավելի զարգացնել ու թրծել աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ: Ստեղծագործող դերասանների կերպարներին նայելով` հաճույք ես ստանում կերպարանափոխվելու հմտությամբ ու տարբերությամբ, զգում ես, որ մարդը մտածել է դերի մասին, երկար աշխատել, ոչ թե պարզապես ինչպես իրական կյանքում է, այդպես էլ ամիսներով եթերը զբաղեցնում է՝ չիմանալով դերասանի մասնագիտության հիմքը։

Էվա Խաչատրյանը


- Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում սովորել ես Արմեն Էլբակյանի կուրսում։ Սկզբում խաղում էիր նրա ղեկավարած թատրոնում, ինչպե՞ս անցում կատարեցիր Կամերային թատրոն։

- Ուսանողական տարիներին արտահաստիքային կարգով եմ աշխատել, իսկ մագիստրատուրան ավարտելուց հետո ընդունվեցի Կամերային թատրոն։ Այն առաջին թատրոնն է, որ ինձ գրավել էր, փառք Աստծո, ընդունվեցի: Շուտով կլրանա 4 տարին, որ աշխատում եմ, շատ եմ սիրում իմ թատրոնը։

- Կպատմե՞ս քո առաջին դերի մասին։

- Էկրանին հայտնվելս սկսվեց «Արմենիա» հեռուստաընկերության «Պահանջվում է գումար» ֆիլմաշարից, այնուհետեւ նկարահանվեցի «Եղբայրներ» սերիալում՝ մարմնավորելով Ռիտային. բացասական դեր էր, եւ մինչ օրս այդ կերպարը տպավորված է հանրության մոտ։ Վարպետ դասախոսս ասում էր՝ դերասանն ունի ճամպրուկ, որն ուսանողական տարիներից վերցնում է, լցնում իր գիտելիքով ու փորձով, հետո հանձնում է էկրանին ու բեմին, այդպես պարբերաբար լցվում ու դատարկվում է։

-Թատրոնի հանդերձասենյակներում ի՞նչ թեմաների շուրջ են դերասանների զրույցները։ Դերերը հաճա՞խ եք քննարկում։

- Քննարկում ենք թե' թատրոնի, թե' ֆիլմերի մեր դերերը։ Ներկայացումներից առաջ հավաքվում ենք գրիմանոցներում կամ դերասանների ամենասիրելի վայրում՝ գրադարանում` ներկայացումը վերհիշելու, ամրապնդելու եւ նոր հանդիսատեսին հանձնելու համար։ Ինչպես գիտեք, գրեթե բոլորը նկարահանվում են տարբեր նախագծերում, բավական քննարկելու նյութ կա։

- Քեզ համար թատրոնու՞մ, թե՞ հեռուստատեսությում է ավելի դժվար լինում նոր դերեր ստանալ։ 

- Էկրանին հայտնվելն ավեի դժվար է, որովհետեւ ոգեւորող դերեր շատ քիչ են առաջարկվում։ Ընտրության հնարավորություն էլ այս դաշտում չկա, իսկ թատրոնում չեմ ստանում դեր, որը չուզելով կամ պարզապես գումար վաստակելու համար կխաղամ։

Էվա Խաչատրյանը


- Ինչպիսի՞ կերպար կցանկանաս մարմնավորել, որը քո ներկապնակում դեռ բացակայում է։

- Ուզում եմ լեցուն, հագեցած դեր՝ իր դրական ու բացասական կողմերով։ Խարակտերային, գունավոր, ասելիքով եւ ավարտուն՝ այս բնութագրով յուրաքանչյուր դեր սիրով ու հպարտությամբ կմարմնավորեմ։ Եվ կարեոր չէ մարդասպան ես խաղալու, արքայադուստր, թե կյանքից չարացած մի աղջկա, կարեւորը նյութ ունենաս, որ սկսես ստեղծագործել։

- Որտե՞ղ ես քեզ պատկերացնում 10-12 տարի անց։

- Չեմ կարող պատկերացնել, մանավանդ այս արագ փոփոխվող քաղաքում նույնիսկ չգիտեմ՝ ինչ կլինի 2 ամիս անց։

- Որպես վերջաբան ինքդ քեզ հարց ուղղիր, որին կուզեիր պատասխանել, բայց երբեւէ չի հնչել։):

- Կհարցնեմ՝ ինչ կփոխեի աշխարհում` պատասխանելով` ոչինչ, ուղղակի կուզեի հնարավորություն ունենալ Աստծուն ավելի մոտեցնել մարդ արարածին, այդ ժամանակ բարությունը շատ կլիներ՝ իր հետ բերելով խաղաղություն, սեր ու անդորր։ Եվ մարդիկ կսկսեին չխաբել իրար։

BRAVO.am   
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արվին Քոչարյանի եւ Էվա Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW