×


“Ընտրյալներ”-ից Գոգայի դերակատարը` ճակատագրի, սերիալներից չփչանալու եւ դեռեւս չգտած միակի մասին :)

BRAVO.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել “Արմենիա” հեռուստաընկերության “Ընտրյալները” սերիալում Գեորգիի դերակատար Հենրիխ Մկրտչյանի հետ, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

"Ընտրյալները" սերիալի դերասան Հենրիխ Մկրտչյանը


Դերասանական կրթություն չունեմ:
Մասնագիտությամբ ծրագրավորող եմ: 2009-2010 թվականներին մասնակցել եմ “TV 5” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “16 բանալի” ռեալիթի շոուին եւ հաղթող ճանաչվել: Ամեն ինչ սկսվել է հենց այդտեղից:

Մինչեւ “Ընտրյալները” ոչ մի կապ չունեի սերիալների հետ:  Լուսանկարներս նայելուց հետո զանգահարում եւ տեղեկացնում են, որ նոր հեռուստասերիալում նկարահանվելու համար քասթինգ են հայտարարել: Առաջարկ ստացա կերտել բացասական կերպար եւ համաձայնեցի:

Ես եւ Գոգան նման ենք ընկերասիրությամբ եւ նվիրվածությամբ:  Մարմնավորածս հերոսի  նյութապաշտությունը սխալ դաստիարակության հետեւանք է:

Հենրիխ Մկրտչյանը


Շատ ընկերներ չունեմ, որովհետեւ կարծում եմ` իսկական ընկերները շատ չեն լինում: Ընկերությանը բավական լուրջ եմ վերաբերվում. ընկերը պետք է չդավաճանի, լինի ընկեր բոլոր առումներով:

Դերասանական կրթություն չունենալով` առայսօր մտավախություն ունեմ, որ չեմ կարողանա լավ խաղալ: Պատասխանատվության զգացումը շատ մեծ է: Իրենց խորհուրդներով շատ են օգնում պրոֆեսիոնալ դերասաններ Հարություն
Մովսիսյանը, Էվելինա Շահիրյանը, Լուիզա Ղամբարյանը:

Հենրիխ Մկրտչյանը


Նկարահանման հրապարակում լարվածությունս աստիճանաբար պակասում է. սկսել եմ ավելի վստահ խաղալ: Պարբերաբար նայում եմ իմ խաղը: Չեմ հավատում նրանց, ովքեր ասում են, թե չեն սիրում նայել իրենց խաղը: Դա անհրաժեշտ է. երբ կողքից ես նայում, շատ բաներ այլ կերպ են երեւում, հնարավորություն ես ունենում հասկանալ սխալներդ ու հետագայում շտկել դրանք:Անկեղծ ասած` մինչեւ հիմա իմ խաղը չեմ հավանում:

Շատերն են խորհուրդ տալիս, որ շարունակեմ կրթությունս Թատերական ինստիտուտում: Հնարավոր է` շարունակեմ. չի բացառվում: Չեմ սիրում խոսել մի բանի մասին, որը դեռ հաստատ չէ:

"Ընտրյալները" սերիալի դերասան Հենրիխ Մկրտչյանը


Իմ կարծիքն ամենակարեւորն է ինձ համար, թեեւ ընդունում եմ խորհուրդներ, տեղին քննադատություն: Թող եսասիրություն չթվա, բայց այդպես է:

Ընտանիքիս մասին չեմ սիրում խոսել: Միայն կասեմ, որ այս ասպարեզի հետ ոչ մի կապ չունեն: Սերիալում նկարահանվելուս նորմալ վերաբերվեցին, միայն դերիս բացասական լինելուց էին “դժգոհ”:

Ինձ չեմ համարում շոու բիզնեսի մարդ: Չգիտեմ էլ` կա՞ Հայաստանում շոու բիզնես: Արտասահմանում այն հստակ ձեւավորված է, ամեն ինչ պարզ է, այստեղ` ոչ:

Սիրում եմ ֆուտբոլ, համակարգչային խաղեր:


“Ռեալ Մադրիդ” ֆուտբոլային թիմի երկրպագու եմ:

Հենրիխ Մկրտչյանը


Սիրում եմ ռեփ, հիփ-հոփ, երբեմն նաեւ թեթեւ ռոք, լավ փոփ երաժշտություն: Հայկական ռեփը եւս հարազատ է:

Ժամանակին սիրում էի ակումբներ հաճախել: Հիմա արդեն չեմ սիրում: Քչերն են նման վայրեր գնում ուրախանալու համար, մի քիչ կեղծ է դարձել այդ ամենը եւ չի գրավում: Ձեւականություն չեմ սիրում:

Սիրում եմ իմ քաղաքը` Երեւանը:

Շատերը բողոքում են, թե սերիալները բացասական հետք են թողնում դաստիարակության վրա: Չեմ կարծում, որ այդպես է: Ամեն ինչի մեջ կա լավը, պարզապես պետք է գտնել այն: Եթե մարդը կայուն է, խելացի, սերիալը չէ, որ պետք է փչացնի իրեն:

Այսօր հեռուստատեսությունը, համացանցը շփվելու, տեղեկացված լինելու լայն հնարավորություններ են տալիս, որոշ առումով էլ խանգարում են սխալ դաստիարակությանը: Պետք է ավելի ուշադիր լինել ու վերցնել միայն դրականը:

Գոգայի դերակատար Հենրիխ Մկրտչյանը


Դեռ չեմ գտել այն միակին: Դժվարանում եմ ասել, թե ինչն եմ կարեւորում կնոջ մեջ: Եթե հիմա սիրահարված լինեի, կթվարկեի բոլոր այն դրական հատկանիշները, որոնք կունենար նա:

Կողքիս աղջիկը պետք է ինտելեկտ ունենա: Ընդհանուր հետաքրքրություններ, խոսելու թեմաներ պետք է լինեն: Ցանկացած հարաբերություններում սիրում եմ ազատություն, բայց չափի մեջ: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը:
Ոչինչ չէի փոխի իմ կյանքում. ամեն ինչ իր հունով է ընթանում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW