×


Թամարա Գեւորգյան.«Ես էլ Քրիստինայի նման մինչեւ վերջ գնացող եմ»

«Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գեւորգյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ նրա հետ անկեղծ զրույցի առիթ է դարձել: 21-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է լուսանկարներում արտացոլված իր տրամադրության մասին, եւ ոչ միայն: 

Թամարա Գեւորգյանը


-Դերին համաձայնելու Ձեր շարժառիթը:

-Կերպարային գույներ տեսա: Այն տվեց ինձ բավականաչափ «հումք»` իրենից  «մարդ» սարքելու համար: Ինձ համար՝ որպես դերասանուհի, կարեւոր չէ կերպարիս դրական կամ բացասական լինելը: Կարեւոր է ստանալ մարդ, մարդկային տեսակ: Վարպետս` Նիկոլայ Ծատուրյանը, միշտ ասում էր՝ «Փորձեք գտնել ներսի մարդուն»: Ինձ թվում է` Քրիստինային հասկացել եմ:

-Ի՞նչ արձագանքներ եք ստանում կերպարի, դերասանական Ձեր խաղի մասին:
-Կերպարիս մասին արձագանքները տարբեր են, շատ տարբեր: Դերասանական խաղի մասին դրական կարծիքներ եմ լսել, բայց դա էլ ինձ առանձնապես չի ոգեւորում: Երբ տեսնում ես, որ դերասանական շատ վատ խաղի մասին լավ են արտահայտվում եւ հակառակը, սկսում ես լուրջ չվերաբերվել այդ արձագանքներին: Դրական կարծիքները միշտ ոգեւորող են, իսկ ես իմ տեսակով փակ եմ բացասական էներգետիկայի առջեւ: Փորձում եմ նկատել միայն դրականը: Անկախ կերպարիս լավը կամ վատը լինելուց, կարծում եմ՝ սիրվեց, ինչը շատ հաճելի է:

Թամարա Գեւորգյանը


-Արձագանքներից  ամենաոգեւորողն ու նյարդայնացնողը:
-Այս հարցը վաղուց եմ հաղթահարել: Չկան նման ուժեր, որ ինձ ոգեւորեն կամ նյարդայնացնեն: Ես ինքս ինձ կողքից նայելու աչք ունեմ: Եվ առաջին հերթին ինձ ոգեւորողն ու նյարդայնացնողը ես եմ: Երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, շատ բաներ էին ինձ ոգեւորում եւ հակառակը: Հաղթահարել եմ դրանք: Սա այն մասնագիտությունն է, երբ գործ ունես մարդու հետ` մարդ ստանալու կամ ինչ-որ բան մարդուն հասցնելու: Բայց երեւի մի բան կա, որն ինձ իսկապես նյարդայնացնում է` անլուրջ վերաբերմունքը դերասանական արվեստի նկատմամբ: Այն, որ շատերն առանց համապատասխան գիտելիքի ու կրթության որոշում են զբաղվել իմ մասնագիտությամբ, ինձ նյարդայնացնում է: Ես խանդում եմ իմ մասնագիտությանը:

-Ի՞նչ նմանություն եւ տարբերություն կա Ձեր եւ Ձեր հերոսուհու միջեւ:

-Նմանություններ կան, տարբերություններ`առավել եւս: Քրիստինան ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք, կարծում եմ, ունի յուրաքանչյուր կին` մենակ մնալու վախ, սեփականատիրության զգացում, խանդ: Ես էլ Քրիստինայի նման մինչեւ վերջ գնացող եմ, բայց հերոսուհիս անում է շատ բաներ, որոնց ես ունակ չեմ: Ամեն դեպքում չեմ էլ փորձում խանգարել:

-Նոր ֆոտոշարքի մասին խոսենք: Նախապատմություն կա՞: Թեմայի ընտրությունն ինչպե՞ս կայացրիք:

-Շատ կանայք վատ տրամադրությունը ցրելու համար գնում են շոփինգի: Ես ավելի մատչելի տարբերակ եմ գտել: Նախապատմություն, որպես այդպիսին, չկա իսկ թեման վաղուց գլխումս էր:

Թամարա Գեւորգյանը


-Շատերի համար համարձակ ֆոտոշարք է: Դուք ինչպե՞ս կբնորոշեք:

-Ասում եք` համարձա՞կ է: Լավ:

-Մերկությունը Ձեզ համար արվեստ, գեղեցիկը ցուցադրելու միջո՞ց է, թե՞…
-Մերկությունն ինձ համար երբեք որեւցիե բան ցուցադրելու միջոց չի կարող լինել: Այն ինքնին անհետաքրքիր է: Առհասարակ, պարզ բաներն են անհետաքրքիր` բացառությամբ մարդկանց: Կիսամերկը, այո, հետաքրքիր է, ինչու չէ, նաեւ արվեստ, գեղեցիկը ցուցադրելու միջոց: Ֆոտոշարքը սեքսուալ կնոջ մասին չէ, այն բնական կնոջ մասին է:

-Սերիալից դուրս ինչպիսի՞ն եք:

-Խոստանում եմ, հենց հասկանամ, առաջինը ձեզ կպատմեմ դրա մասին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արամ Սալոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW