×


Porsche-ն 2025-ին վաճառել է 279 449 սպորտային ավտոմեքենա

Առանձին շուկաներում վաճառքների հավասարակշռված կառուցվածքի շնորհիվ Dr. Ing. h.c. F. Porsche AG (Շտուտգարտ) ընկերությունը 2025 թվականին ամբողջ աշխարհում հաճախորդներին մատակարարել է ընդհանուր առմամբ 279 449 ավտոմեքենա։ Նախորդ տարում այս ցուցանիշը կազմել էր 310 718, ինչը նշանակում է նվազում 10 տոկոսով։ Porsche-ն շարունակում է առաջնահերթություն տալ այն մոդելային տարբերակներին, որոնք ստեղծում են ավելի բարձր արժեք: 

«Ռեկորդային մի քանի տարիներից հետո մեր մատակարարումները 2025 թվականին եղել են նախորդ տարվա մակարդակից ցածր։ Սա համապատասխանում է մեր  սպասումներին եւ պայմանավորված է 718 եւ ներքին այրման շարժիչով Macan մոդելների մատակարարման դեֆիցիտով, Չինաստանում բացառիկ արտադրանքի նկատմամբ պահանջարկի շարունակական նվազումով, ինչպես նաեւ մեր՝ արժեքի վրա հիմնված մատակարարման կառավարման համակարգով: 

2025 թվականին մենք մեր հաճախորդներին կուրախացնենք այնպիսի բացառիկ ավտոմեքենաներով, ինչպիսին է 911 Turbo S-ը՝ T-Hybrid հիբրիդային ուժային համակարգով։ 2025-ի վերջին արձագանքը Cayenne Electric-ի թողարկման նկատմամբ նույնպես ցույց է տալիս, որ Porsche-ն իր նորարարական եւ բարձր արդյունավետությամբ արտադրանքով լիովին արդարացնում է հաճախորդների սպասումները»,- նշել է Porsche AG-ի վաճառքի եւ մարքեթինգի գծով վարչության անդամ Մաթիաս Բեքերը:

Macan-ը՝ 84 328 ավտոմեքենայով, դարձել է ամենաշատ վաճառվող մոդելը։ Հյուսիսային Ամերիկան շարունակում է մնալ վաճառքների խոշորագույն տարածաշրջանը՝ 86 229 մատակարարմամբ․ այս ցուցանիշը համապատասխանում է նախորդ տարվա տվյալին։

2025 թ.-ին Porsche-ն իրականացրել է վերադիրքավորում եւ ընդունել ապագային միտված ռազմավարական որոշումներ։ 2025-ի մատակարարումների կառուցվածքն ընդգծում է, որ սպորտային ավտոմեքենաներ արտադրողը հետեւողականորեն արձագանքում է հաճախորդների գլոբալ նախասիրություններին՝ ընդլայնելով իր ռազմավարությունը ուժային համակարգերի ոլորտում եւ առաջարկելով ներքին այրման շարժիչով, հիբրիդային եւ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ։ 

2025 թվականին աշխարհով մեկ մատակարարված Porsche ավտոմեքենաների 34,4 %-ը եղել է էլեկտրական (+7,4 տոկոսային կետ), որոնցից 22,2 %-ը՝ ամբողջովին էլեկտրական, իսկ 12,1 %-ը՝ հիբրիդային։ Սա ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների համաշխարհային բաժինը դնում է 2025-ի համար նախատեսված 20-ից մինչեւ 22 %-ի թիրախային միջակայքի վերնամասում։


Եվրոպայում առաջին անգամ մատակարարվել է ավելի շատ էլեկտրական ավտոմեքենա, քան զուտ ներքին այրման շարժիչով մոդելներ (57,9 % էլեկտրաֆիկացում), ընդ որում՝ յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան եղել է ամբողջովին էլեկտրական։ Եվրոպայում Panamera եւ Cayenne մոդելների շարքում մատակարարումների ցուցանիշներով գերակշռում են հիբրիդային տարբերակները։ Միեւնույն ժամանակ, ներքին այրման շարժիչով եւ T-Hybrid համակարգով 911 մոդելը սահմանել է նոր ռեկորդ՝ ամբողջ աշխարհում 51 583 ավտոմեքենայի մատակարարմամբ։

Հյուսիսային Ամերիկան մնում է վաճառքների խոշորագույն տարածաշրջանը

Հյուսիսային Ամերիկան՝ 86 229 մատակարարված ավտոմեքենայով, մնում է վաճառքների ամենախոշոր տարածաշրջանը, ինչպես եւ նախորդ տարի։ 2024  թվականի ռեկորդային մատակարարումներից հետո արտասահմանյան եւ զարգացող շուկաները եւս հիմնականում պահպանել են նախորդ տարվա մակարդակը՝ մատակարարելով 54 974 ավտոմեքենա (-1 %)։ Եվրոպայում (առանց Գերմանիայի) Porsche-ն տարեվերջին մատակարարել է 66 340 ավտոմեքենա, ինչը 13 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Գերմանիայի ներքին շուկայում նոր ավտոմեքենաներ ստացել է 29 968 գնորդ՝ նվազում 16 %-ով։ Երկու տարածաշրջանում էլ նվազման հիմնական պատճառը 718 եւ ներքին այրման շարժիչով Macan մոդելների մատակարարման դեֆիցիտն է ԵՄ կիբերանվտանգության կանոնների պատճառով։

Չինաստանում հաճախորդներին մատակարարվել է 41 938 ավտոմեքենա (-26 %)։ Նվազման հիմնական պատճառները շարունակում են մնալ շուկայի բարդ պայմանները, հատկապես՝ լյուքս դասի ավտոմեքենաների սեգմենտում, ինչպես նաեւ սուր մրցակցությունը չինաստանյան շուկայում, հատկապես՝ ամբողջովին էլեկտրական մոդելների հատվածում։ Porsche-ն շարունակում է կենտրոնանալ արժեք ստեղծող վաճառքների վրա։

Macan․ ամենաշատ վաճառվող մոդելը

Macan մոդելի մատակարարումների ծավալը կազմել է 84 328 միավոր (+2 %), որից կեսից ավելին բաժին է ընկնում ամբողջովին էլեկտրական տարբերակներին՝ 45 367 ավտոմեքենա։ ԵՄ-ից դուրս շուկաների մեծ մասում շարունակվում է ներքին այրման շարժիչով Macan-ի առաջարկը․ մատակարարվել է 38 961 այդպիսի ավտոմեքենա։ Դեկտեմբերի վերջի դրությամբ մատակարարվել է 27 701 Panamera մոդել (-6 %):

Տարեվերջին վաճառվել է կուլտային համարվող 911 սպորտային ավտոմեքենայի 51 583 օրինակ (+1 %), ինչը հերթական ռեկորդն է մատակարարումների ծավալով։ 718 Boxster եւ 718 Cayman մոդելների դեպքում վաճառվել է 18 612 ավտոմեքենա. սա 21 %-ով պակաս է նախորդ տարվանից՝ մոդելի արտադրությունը դադարեցնելու պատճառով։ Արտադրությունն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։

Taycan մոդելի վաճառքը կազմել է 16 339 ավտոմեքենա (-22 %), հիմնականում էլեկտրոմոբիլների տարածման տեմպերի դանդաղման պատճառով։ 2025 թ.-ին հաճախորդներին է հանձնվել 80 886 Cayenne ավտոմեքենայի բանալի, ինչը 21 %-ով քիչ է, մասամբ՝ նախորդ տարում բաց թողածը լրացնելու ազդեցության պատճառով։ Նոր ամբողջովին էլեկտրական Cayenne-ն իր համաշխարհային պրեմիերան նշեց նոյեմբերին, իսկ այդ մոդելն առաջարկող առաջին շուկաներում մատակարարումները կսկսվեն այս գարնանը։ Այն կառաջարկվի ներքին այրման շարժիչով եւ հիբրիդային Cayenne տարբերակների կողքին։

Խոսելով հեռանկարների մասին՝ Մաթիաս Բեքերը նշել է․ «2026 թվականին մենք ունենք հստակ նպատակ՝ կառավարել պահանջարկն ու առաջարկը մեր՝ «արժեքը ծավալից կարեւոր է» ռազմավարությանը համապատասխան։ Միեւնույն ժամանակ, 2026-ի արտադրության ծավալները մենք պլանավորում ենք իրատեսորեն՝ հաշվի առնելով 718 եւ ներքին այրման շարժիչով Macan մոդելների փուլային դուրսբերումը շահագործումից»։ 

Զուգահեռաբար Porsche-ն հետեւողականորեն ներդրում է կատարում իր՝ ուժային ագրեգատների զարգացման եռակողմ ռազմավարության մեջ եւ 2026 թվականին նույնպես կշարունակի ոգեշնչել հաճախորդներին եզակի սպորտային ավտոմեքենաներով։ Կարեւոր բաղադրիչ է նաեւ բրենդն անհատականացնելու առաջարկների ընդլայնումը՝ ինչպես Exclusive Manufaktur, այնպես էլ Sonderwunsch ծրագրերի շրջանակում։ Այսպիսով, ընկերությունն արձագանքում է հաճախորդների՝ անհատականացման նկատմամբ մշտապես աճող ձգտմանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW