Թինա Քեյն այս օրերին ուրախանալու կրկնակի առիթ ունի. պարուհի-ակրոբատը նշել է դստեր 3-ամյակը եւ իր փոքրիկ սաների հաղթանակը։ Նրա ղեկավարած “Ti-Key” խմբի սաները հաղթել են Սոչիում տեղի ունեցած միջազգային պարային օլիմպիադայում։
Թինա Քեյն իր “Ti- Key” խմբի հետ` Սոչիում
Թինայի խոսքով՝ իր բեմադրած ոզնիների պարային շոուն շատ են հավանել ժյուրիի անդամներն ու հանդիսականները.“Խմբերը ժամանել էին ԱՊՀ գրեթե բոլոր երկրներից եւ ներկայացնում էին աշխարհի բոլոր պարային ուղղությունները։ Իմ սաների համարն այնքան էին հավանել, որ վերջում լուսանկարվում էին “ոզնիների” հետ։ Պետք է նշեմ, որ մինչեւ ելույթը մի տեսակ էին նայում, երեւի հագուստներից ենթադրել էին` ճղճիմ ենք, բայց հետո հիացական խոսքեր ասացին”։
Օդային ակրոբատ եւ մարզիչ Թինա Քեյի շոու-բալետից բացի, Հայաստանից մեկնել են Քրիստինա Հովակիմյանի “Life” եւ Արմեն Մխիթարյանի “Vivat” պարային խմբերը. “Նրանք 10-ը տարեկանից բարձր խմբում էին եւ գլխավոր մրցանակներ ստացան։ Ունեցանք նաեւ երրորդ, չորրորդ հորիզոնականներ, ուրախալի է, որ երեք խումբն էլ հնչեցրեց հայկական հիմնը։ Արմեն Մխիթարյանը նաեւ իմ պարընկերն է. միասին ենք աշխատում։ Անկեղծ ասած` ուզում էինք դուետով ներկայանալ, բայց քանի որ երեխաները շատ էին, իսկ պատասխանատվությունը մեծ էր, վախենում էինք աչքաթող անել, այդ պատճառով մենք այս անգամ կուլիսներում էինք”։
Թինա Քեյը` դստեր հետ
Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վերադարձից անմիջապես հետո կազմակերպել է Կամիլլա-Էսմերալդայի տարեդարձը.“Առավոտվանից հարցնում էր՝ “մամա ջան, բա ե՞րբ եմ տորթի մոմերը փչելու”։ Նա ինձնից, որպես ծննդյան նվեր, կարմիր զգեստ էր ցանկացել. խաղալիքներով չեմ խաբի։ Տոնական օրվա համար պատրաստել էր երեք զգեստ եւ համապատասխան կոշիկներով շարել, որ հերթով հագնի։ Մեկն էլ այդ կարմիր բալետային զգեստն է”։
Կամիլլայի ծննդյան տարեդարձը նշել են տանը՝ պարի ստուդիայի սաների հետ.“Մեր օգնությամբ փուչիկներով զարդարեց սենյակը, հետո էլ այցելեցինք գեղեցկության սրահ, որ մազերը վարսավիրը հարդարի։ Իր հասակակիցների հետ լավ ժամանակ անցկացրեց”։
Հավելենք, որ դեկտեմբերի 1-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք բարեգործական համերգին նրա սաները կներկայանան երկու բեմադրությունով, որոնցից մեկը կլինի “Ոզնիները”։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Թինա Քեյը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: