Երգի պետական թատրոնում մյուզիքլի պրեմիերա է։ Ներկայացումը ստեղծված է Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպի մոտիվներով։
Վարձով տուն փնտրող Սատուրնինեն փարիզյան շքեղ բնակարանում ստիպված է ապրել տանտիրոջ հետ եւ ընդունել նրա պայմանները․ երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ եւ դառնալ նրա սրտակիցը՝ վտանգելով սեփական կյանքը։ Իսպանացի առեղծվածային այս ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալն անհետացել են:
Ժամանակակից «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրում է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթն՝ այն հարստացնելով սուր երկխոսություններով, որոնց իսկական վարպետն է։ Ամելին ստեղծում է երկու վառ կերպար, որոնք ներքաշվում են մահացու մենամարտի մեջ՝ պաշտպանելով սեփական արժեքներն ու գոյության իրավունքը։ Վեպը մարդկանց հարաբերությունների սահմանների տարբեր հայեցակարգերի շուրջ մտորում է՝ մահվան, սպանության, սիրո եւ բազմակնության թեմաներով։
Չենք բացում փակագծերը, թե ինչ կա արգելված սենյակում, փոխարենը խոսելու ենք ներկայացման ուղերձների մասին։ Բեմադրության հեղինակը Հրաչ Քեշիշյանն է։
«Դոն Էլեմիրիոյին Նոտոմբը ներկայացրել է որպես ցինիկ, երբեմն նաեւ լկտի փիլիսոփա։ Նա տառապում է սիրո փոխարինման եւ հավատարիմ չմնալու մոլուցքով եւ միշտ ասում է՝ «Ձվին պետք է, որ իր վրա թուխս նստի»։ Եթե այլաբանորեն վերլուծենք, այսօր կյանքը շատ է հեռացել Աստծո պատվիրաններից։ Այս գործը սիրո օգտագործման եւ չարաշահման մասին է։ Եթե այլ տեսանկյունից նայենք՝ մենք ամեն օր փոխարինում ենք մարդկանց եւ արժեքները։ Առանց մեր էգոյից հրաժարվելու՝ ամեն օր մի տեսակ էմոցիոնալ սպանություն ենք գործում»,- ասում է Քեշիշյանը։
Դերասանուհի Նարինե Պետրոսյանը Երգի թատրոնում խաղում է առաջին անգամ։ Նշում է՝ չէր պատկերացնում, որ այս վեպը կարող է այսպիսի գեղեցիկ մյուզիքլ դառնալ:
«Սատուրնինե անունն արդեն ենթադրում է, որ նրա մեջ կա անհավանական ուժ։ Մենք տեսնում ենք աղջկա, որը մարտահրավեր է նետում մի մարդու, ով, կարծես, պետք է խլի նրա կյանքը։ Տեսնում ենք նաեւ, որ այս դարի կանայք դարձել են շատ ավելի համարձակ եւ պայքարում են իրենց տեղի համար։ Նա որոշում է գնալ եւ ապրել լավ պայմաններում։ Սակայն, երբ նժարին դրվում է իր կյանքը կամ հրապուրանքը, նա ընտրում է կյանքը։ Պետք է սիրել եւ վայելել կյանքը։ Եթե զգում ես՝ ինչ-որ բան սխալ է, պետք է պայքարել եւ հաջողել։ Այս ներկայացումը կյանքի եւ մահվան պայքար է»,- նշում է Պետրոսյանը:
1600-ականների պատմությունը համեմված է մեր օրերի հիթերով։
«Կապույտ մորուքին» մարմնավորում է դերասան Արսեն Գրիգորյանը, որը ներկայացման միակ տղամարդն է։ Նա ասում է, որ իսպանացի արիստոկրատի կերպարը կերտել է հեշտությամբ։
«Նա ունի գաղտնիք եւ դժվարությամբ է հասնում այն կետին, երբ այն պետք է բացահայտվի։ Այն կերպարներից է, որը հեռացել է իրականությունից։ Նա հասկացել է, որ սոցիումում սահմանները խախտված են, մարդիկ չեն պահպանում դրանք, եւ դրա պատճառով փակվել է իր մեջ։ Այդտեղից էլ առաջացել են նրա մանիակալ դրսեւորումները»,- ասում է դերասանը եւ հավելում, որ դերը հետաքրքիր է նաեւ ռեժիսորական լուծումների առումով։
Գրիգորյանն առանձնացնում է Երգի թատրոնի երիտասարդ սերնդի երգչուհիների ներգրավվածությունը: Նրանք ոչ միայն երգում են, այլեւ հանդես են գալիս դերասանական հմտություններով. «Ութ կանայք, որոնք բոլորն էլ իմ կերպարի կյանքի մասն են կազմում»։
Այսպիսով, բեմում բացվում է ոչ թե արգելված սենյակի դուռը, այլ մարդկային հարաբերությունների ամենախոր ու վտանգավոր գաղտնիքները։
Ներկայացման հագուստների հեղինակն է մոդելավորող Ֆանինա Հարությունյանը, խորեոգրաֆը Դիանա Հայրապետյանն է, երաժշտական ձեւավորումն իրականացրել է Էրիկ Նազարյանը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
129





