×


Ժակլին Սարխոշյան.«Որոշեցի գեղեցիկ հեռանալ»

8 տարեկանից բալետային աշխարհում ապրող ու ստեղծագործող Ժակլին Սարխոշյանը որոշել է հեռանալ մեծ բեմից։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհին օրերս «Հրաժեշտ բեմին» խորագիրը կրող համերգային երեկո էր կազմակերպել։

Ժակլին Սարխոշյանի՝ «Հրաժեշտ բեմին» խորագիրը կրող համերգային երեկոյին


41-ամյա պրիմա պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հեշտությամբ է որոշում կայացրել, ցանկանում է միայն դասավանդել ու իր փորձը նոր սերնդին փոխանցել.«Հրաժեշտս չհետաձգեցի, որովհետեւ որպես պարուհի արդեն կայացել եմ։ Քանի որ վերջին շրջանում Հայաստանում չեմ աշխատում, շատ բարդ է «ֆորմայի մեջ» մնալ։ Լիբանանում ամիսներով բեմ դուրս չէի գալիս, մանավանդ մեծ տարիքում  դադարները խնդիր են դառնում։ Որոշեցի գեղեցիկ հեռանալ, քան երկար ընդմիջումներով պարել»:

Համերգային երեկոն կազմված է եղել 2 մասից՝ առաջին հատվածում պարել են Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի սաները, թատրոնի առաջատար արտիստները, Ժակլինն էլ ներկայացրել է իր պարային հատվածները «Սպարտակ», «Ժիզել», «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետներից, երկրորդում՝ Էդուարդ Համբարձումյանի «Երազ» բալետ-ֆանտազիան. «Ինձ համար հուզիչ էր պարարվեստի սաների առաջին ելույթը, իրենց համար էլ տոն էր։ Բեմ բարձրացան իմ ուսուցիչները՝  փորձավարներ Էլվիրա Մնացականյանը, Նադեժդա Դավթյանը, Աիդա Ռաֆայելովնան: Անուշ Արշակյանի հետ նոր համար էինք պատրաստել. նրա երգի ներքո պարում էի։ Ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ հինգ նոր բեմադրություն էինք արել, վերջին տարիներին այս ձեւաչափով համերգ չէր եղել»։

Ժակլին Սարխոշյանի՝ «Հրաժեշտ բեմին» խորագիրը կրող համերգային երեկոյին


Ժակլինը նաեւ ոսկե մեդալ է ստացել Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից.«Որքան հասկացա՝ նա չի ուզում, որ Հայաստանից հեռանամ, այլ ցանկանում է ինձ բեմում տեսնել։ Հետագա պլանները պարզ կլինեն»։

Բալետի պարուհին հոկտեմբերի 7-ին ամուսնու հետ կմեկնի Լիբանան. «Կրկին դասավանդելու ու նոր բեմադրություններ անելու առաջարկ ունենք: Վեց ամիս հետո կվերադառնանք Երեւան։ Աղջիկս կմնա, քանի որ սովորում է Սլավոնական համալսարանի 4-րդ կուրսում։ Ուրախ եմ, որ չի պարում։  Ինքս չէի ցանկանում, բալետի չտարա ու թույլ չտվեցի, որ իմ ուղին ընտրի»։

BRAVO.am
Լուսանկարները` Ժակլին Սարխոշյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW