×


Իննայի 2 ջուր տվողները, Ռոզիի առաջին աղի բլիթը եւ Գուրգենի չուտելու պատճառը

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը չամուսնացածների համար առիթ է աղի բլիթ ուտել, մի լավ տառապել` ջուր չխմելու մասին է խոսքը, մի կերպ քնել եւ սպասել երազում ճակատագրով նախանշված մեկի օգնությամբ ծարավը հագեցնելուն: BRAVO.am-ը զրուցել է դեռեւս իրենց կեսին չհանդիպած դերասանուհիներ Իննա Խոջամիրյանի, Ռոզի Ավետիսովայի եւ երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ եւ պարզել աղի բլիթի «հետեւանքները» նրանց կյանքում:):

Ռոզի Ավետիսովան այս տարի առաջին անգամ հետեւել է ավանդույթին: Ասում է` ուտելուց հետո ջուր չի խմել, փոխարենը շուտ քնել է.«Կյանքում գոնե մեկ անգամ, կարծում եմ, պետք է փորձել: Դժվար չէր դիմանալը եւ ջուր չխմելը»: Դերասանուհին խոստովանել է, որ հավատով սպասել է երազին.«Ասպետիս հաստատ տեսա, բայց ինչ էինք անում` չեմ հիշում: Չեմ կարող ասել` ջուր տվել է, թե ոչ»:

Իննա Խոջամիրյանը


«Սուրբ Սարգիսն առաքելական եկեղեցու իմ ամենասիրելի տոներից է»,-ասել է Իննա Խոջամիրյանն ու հավելել.«Դեռ փոքր էի, բայց հստակ հիշում եմ, որ մայրս ամեն տարի փոխինձ էր դնում մեր պատշգամբում, աղի բլիթ էր թխում, քույրերս ուտում էին։ Դե, իհարկե, որպես տան փոքր, ոտքի տակ ընկնելով, ամեն դեպքում փորձում էի ես էլ մասնակցել «մեծական» արարողությանը, 9 տարեկանից սկսել եմ ամեն տարի ուտել։ Այն ժամանակ նույնիսկ չէի էլ հասկանում` ինչի համար, եւ ընդհանրապես, ինչպես կարելի է այդ անտանելի աղի ու կոշտ բլիթն ուտել, բայց քույրերս անում էին, ես ինչո՞ւ չանեի»:

Վերջին 10-12 տարվա ընթացքում Իննային երազում երկու հոգի է ջուր բերել.«Երկուսի դեմքն էլ չեմ մտապահել, սակայն հստակ հիշում եմ՝ մի երազում չվերցրի պլաստմասե շշով ջուրը, մյուս երազում էլ կոնյակի բաժակով ջուր տվեցին, վերցրի, բայց այդպես էլ չխմեցի։ Դե, եթե խմեի, ըստ ավանդույթի՝ ամուսնացած կլինեի արդեն, այդպես ավելի լավ ստացվեց»:

Ռոզի Ավետիսովան


Նրա խոսքով` Սուրբ Սարգսի տոնը միայն աղի բլիթ ուտելով չի ամփոփվում.«Թեկուզ ոչ 5, բայց գոնե 1-2 օր ծոմ եմ պահել ամեն տարի՝ նոր միայն տոնի նախօրեին աղի բլիթ կերել։ Այս տարի Սբ. Սարգսի նախօրեն ավարտական քննությանս հետ համընկավ, եւ չէի կարող տաժանակիր հունվարի վերջին քննական օրվա ավարտին մի լավ հաց չուտել ու չնշել առիթը: Խախտեցի ծոմի պայմանը, չհասցրի պատարագին մասնակցել, էլ ի՞նչ իմաստ ուներ տանջվելով աղի բլիթ ուտել: Իմ ջրաբեր ասպետն էլ կնեղանար, Սուրբ Սարգիսն էլ:): Համ էլ` ի՞նչ իմանաս, միգուցե մեկը սրտատրոփ ու եռանդով աղի բլիթ ուտի, որպեսզի իրեն երազում ջուր բերեն, իսկ դու չուտես, բայց քեզ իրական կյանքում ջուր բերեն` ամուսնական առաջարկի մատանին էլ հետը: Շնորհավոր Սբ. Սարգիս, սեր ու երջանկություն բոլոր սիրահարներին»:

Գուրգեն Դաբաղյանը


Գուրգեն Դաբաղյանն անցած գիշեր աղի բլիթ չի կերել, իսկ պատճառը գերզբաղված առօրյան է.«Նույնսիկ մոռացել էի տոնի մասին: Առհասարակ, կարծում եմ` գեղեցիկ է աղի բլիթ ուտելու ավանդույթը»,-ասել է նա եւ հավելել.«Վերջին անգամ այնքան վաղուց եմ հետեւել ավանդույթին, որ նույնիսկ չեմ էլ հիշում` ջուր խմել եմ, երազումս որեւէ մեկին տեսել եմ, թե` ոչ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW