×


Ինչն է խանգարում Մարինե Գյուլումյանի ընտանիքին բնակվել Երեւանում

Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած Մարինե Գյուլումյանը միշտ առիթ է գտնում Հայաստան վերադառնալու եւ այստեղ հանգստանալու համար: Երաժիշտն այս տարի երկրորդ անգամ իր դստրերի՝ Մադլենի եւ Բելլա Նազենիի հետ հայրենիքում է:

Մարինե Գյուլումյանի ընտանիքը


Հայաստան վերադառնալուց անմիջապես առաջ հայ-ֆրանսիական ընտանիքը ճամփորդել է Ֆրանսիայի 3 քաղաքում.“Նույնիսկ ճամպրուկի պարունակությունը չեմ փոխել, մեկ օր հանգստացանք, հաջորդ ինքնաթիռով եկանք Երեւան: Աղջիկներս ճանապարհները թեթեւ են տանում, միայն թե Մադլենն ինքնաթիռում մեկ անգամ սթրես է ունեցել եւ այնքան էլ չի սիրում նստել”:

Մեր հարցին, թե արդյոք չեն նախատեսում ընտանիքով տեղափոխվել Հայաստան, Մարինեն պատասխանել է, որ ցանկություն կա, սակայն ֆրանսիացի ամուսնու աշխատանքը թույլ չի տալիս.“Ադրիանն այնտեղ իր կարիերան է ստեղծում, բավական ճանապարհ է անցել, իսկ այստեղ պետք է զրոյից սկսի: Թեեւ պետք է փաստեմ, որ սիրում է Հայաստանը, եւ հաջորդ անգամ միասին ենք գալու”:

Մարինե Գյուլումյանը եւ Մադլենը


Նրա ավագ դուստրը հաճախում է բալետի, ֆլեյտայի, վոկալի, սոլֆեջիոյի դասերի, նաեւ մասնակցում է ապրանքանիշերի գովազդային լուսանկարահանումներին. “Աղջիկս իսկապես գերծանրաբեռնված է լինում, ես էլ իր հետ այդ տեմպի մեջ եմ: Հաճելի է, որ քասթինգներին նրան նկատում եւ առաջարկում են լուսանկարվել հայտնի բրենդների ֆոտոշարքերում: Սակայն այստեղ լիարժեք հանգստանում ենք, ծնողներիս հիմնած բիզնեսն էլ երեխաներիս օգտին է. քաղաքի տարբեր հատվածներում մանկական կարուսելներ ունեն, որոնցից գրեթե ամեն օր օգտվում են”:

Երգահանը Ֆրանսիայում շարունակում է համագործակցությունը այլազգի արտիստների հետ, առաջիկայում էլ երկու համերգային ծրագիր ունի.“Աշխատում եմ Ֆրանսիայի երկրորդ ալիքի հայտնի լրագրող Ֆրեդերիկ Զեյթունի հետ, որը ազգությամբ հրեա է ու մեծ ճանաչում ունի որպես երգերի խոսքերի հեղինակ: Աշխատում ենք մի համերգային ծրագրի երգերի վրա, որի յուրահատկությունն այն է, որ ես հայ եմ, նա` հրեա, երգչուհին էլ իտալացի է` Միլենա Մարինելին: Իսկ հաջորդ համերգը նախատեսել ենք ֆրանսուհի Իռեն Բոյի հետ”:

Մարինե Գյուլումյանը


Մարինեն նաեւ Հայոց ցեղասպանության մասին նոր երգ է ստեղծում ֆրանսահայ երգիչ-երաժիշտ Վինսենթ Բագյանի հետ.“Առաջին տունն ու կրկներգն արդեն պատրաստ է, պարզապես նա մեկնել է Հունաստան, ես էլ Հայաստանում եմ, արձակուրդից հետո կշարունակենք: Կարծում եմ՝ երգը ցույց կտանք ֆրանսահայ արտիստների, գուցե խմբով երգեն: Մենք նպատակ չունեինք հենց 100-րդ տարելիցին ներկայացնել, այդ ամյակով ոչինչ չի սահմանափակվում, հաջորդ տարիներին եւս պետք է բարձրաձայնենք”:

Խոսելով հայ երգիչների հետ համագործակցությունից` Մարինեն պատմել է, որ ունի մտերիմներ, Երեւան վերադառնալիս հանդիպում է եւ կապ պահպանում նրանց հետ, սակայն որեւէ հստակ նորություն չունի.“Հայաստանում երգարվեստի վիճակը վատթարանում է, քանի որ մեծ մասը ձգտում են ռեստորանային երաժշտություն մատուցել: Այն երգիչները, որոնք չեն ուզում պահանջարկի ետեւից գնալ, չեն էլ ցանկանում նոր երգեր ձայնագրել ու ներդրումներ անել, քանի որ քիչ գումար են աշխատում: Ֆրանսիայում էլ կա կոմերցիոն երաժշտություն մատուցելու մոլուցքը, այնտեղ ամեն ինչ բիզնես է, արվեստի գործ կատարելու ցանկություն չունեն, բայց գործիքավորման որակը կարեւորում են: Մեծ գումարներ կարող են ծախսել երգի ինքնատիպ մատուցման վրա, որ հանդիսատեսի համար նոր պահանջարկ ձեւավորեն: Ցավոք, մեր երկրում ոչ միայն ցածրորակ երգեր են, այլեւ միօրինակ, նույնիսկ 6/8 երգերը նոր մոտեցմամբ չեն ներկայացնում”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW