×


Պուտինի խորհրդականն ընդդեմ Անդրեասյանի եւ Կանդելակիի

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Ռուսաստանում թողարկել է իր նոր «Հեքիաթ ցար Սալթանի մասին» ֆիլմը՝ Պուշկինի սյուժեի ազատ մեկնաբանությունը։

Ֆիլմը լավ մեկնարկ ունեցավ կինոթատրոններում՝ առաջին հանգստյան օրերի ընթացքում այն դիտել էր 1,6 միլիոն հանդիսատես, իսկ հասույթը գերազանցել էր 700 միլիոն ռուբլին։ 

Սակայն ռեժիսորի գլխին սկսեցին ամպեր կուտակվել, երբ ֆիլմը դիտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Ելենա Յամպոլսկայան։

Դիտումից հետո նա Telegram-ի իր ալիքում գրել էր. «Կիրակի օրվա ճակատագրական սխալը երեխային այս կինոյին տանելն էր։ Ուզում էի կեսից դուրս գնալ դահլիճից»։

Նա Անդրեասյանի ֆիլմն անվանել էր «ինքնագործունեություն» եւ ավելացրել. «Անհրաժեշտ է հեղինակների լեզվական եւ ընդհանուր մշակութային լուսավորությամբ զբաղվել»։

Յամպոլսկայան ռուսական մշակույթում ամենաազդեցիկ անձնավորություններից մեկի համբավն ունի։ Նա համարվում է ռեժիսոր Նիկիտա Միխալկովի դրածոն, որը Պուտինի ընկերոջ կարգավիճակով ոչ պաշտոնապես վերահսկում է ռուսաստանյան կինոն:

Լրացուցիչ ինտրիգն այն է, որ ֆիլմի պրեմիերային ելույթ էր ունեցել «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ եւ TNT հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին՝ ֆիլմը հիմնականում ֆինանսավորել են նրա ղեկավարած հոլդինգի կառույցները։

Հիշեցնենք, որ անցյալ գարնանը Սարիկ Անդրեասյանն Անդրեյ Տարկովսկու ստեղծագործությունները որակել էր «դեգրադացնող» եւ ասել էր, որ ատում է ռեժիսորին։ Դրանից հետո Պետդումայում կոչ արեցին ստուգել Անդրեասյանի ֆիլմերին պետական բյուջեից միլիոնավոր ռուբլիներ հատկացնելու նպատակահարմարությունը։ ԶԼՄ-ները այն ժամանակ հաշվարկել էին, որ վերջին 10 տարիների ընթացքում Անդրեասյանի նախագծերը պետությունից ստացել են մոտ 590 միլիոն ռուբլի։

Կարդալ ավելին

Quality Sign BW