×


Ինչո՞ւ են Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին չեղյալ հայտարարել համատեղ համերգը

Ազգագրական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանն ու Ռուբեն Սասունցին չեղյալ են հայտարարել իրենց համատեղ ելույթը։ «Էրգրի կանչ» խորագրով համերգն, ի սկզբանե, պետք է կայանար հունիսի 20-ին՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սակայն կազմակերպիչն այն հետաձգել է հուլիսի 20-ին, որն էլ երգիչները համատեղ որոշմամբ կասեցրել են։

Գոհար Հովհաննիսյանը


Գոհարը BRAVO.am-ին պատմել է, որ ինքն ու Ռուբենն առաջին անգամ են առնչվել կազմակերպչի հետ։ Նրա խոսքով՝ պայմանագիր չեն կնքել, համագործակցությունը հիմնվել է միայն մարդկային փոխըմբռնման վրա.«Առանց մեզ նախազգուշացնելու նա համերգը հետաձգեց հուլիսի 20-ին։ Օրվա փոփոխությունն արդեն բարկացրեց, քանի որ ելույթ ունեցողների՝ մեզ հետ պետք է համաձայնեցներ, բայց ընդառաջեցինք՝ մտածելով, որ հնարավոր է՝ խնդիրներ ունի։ Իմ ու Ռուբենի միջեւ տարբերություն չկա, մենք իրար վստահում ենք, մեկս մյուսի փոխարեն կարող ենք պայմանավորվել, մեր որոշումն ու տեսակետը նույնն է։ Մեկ անգամ կազմակերպչին տեսել ենք, որից հետո տարբեր պատճառաբանություններով հետաձգում էր հաջորդ հանդիպումները։ Ի սկզբանե լավ տպավորություն եմ ստացել, այդ պատճառով համաձայնեցի նրա հետ աշխատել, բայց ասել եմ, որ երկու շաբաթում համերգ չեն կազմակերպում, լուրջ պատասխանատվություն է, այդ աղջիկն էլ պնդեց, որ կարող է կազմակերպել»։

Ռուբեն Սասունցին՝ Գոհար Հովհաննիսյանի երեխաների հետ


BRAVO.am-ը հարցի շուրջ զրուցել է նաեւ կազմակերպչի՝ Արմինեի հետ, որը հավաստիացնում է, որ վաճառված տոմսերի գումարը վերադարձնում է. այն մարդիկ, որոնք դեռ չեն վերադարձրել տոմսերը, կարող են տոմսարկղերից վերցնել գումարը. «Որպես կազմակերպիչ՝ գովազդը տարածել եմ տարբեր հարթակներում, բայց տոմսերը լավ չեն վաճառվել, ինչը կապ չունի ոչ երգիչների իմիջի, ոչ էլ իմ աշխատանքի հետ, նրանք պահանջված արտիստներ են։ Սխալս այն էր, որ համերգի համար ճիշտ սեզոն չէի ընտրել. արձակուրդ է, շոգ է, հարմար ամիս չէ։ Եթե 50 տոկոս դահլիճի տոմսերը չեն վաճառվում, համերգասրահի տնօրինությունը թույլ չի տալիս՝ համերգը կայանա։ Երգիչների հետ պայմանագիր պետք է կնքեինք գումարը տալու օրը։ Ես քաղցկեղով հիվանդ եմ, ծանր վիճակում գտնվող հայր ունեմ, բայց համերգը բարեգործական չեմ արել։ Եթե տպագրության ծախսերն ու հոնորարները տալուց հետո, ինձ մնար 300.000 դրամ եկամուտ, ես գոհ կլինեի համերգից»։

Գոհարն ու Ռուբենը նախատեսում են չկայացած համերգի փոխարեն իրենց ուժերով նորը կազմակերպել.«Այս անգամ արդեն մենք կհայտարարենք ու կզբաղվենք բոլոր հարցերով։ Այսպիսի դեպք մեր պրակտիկայում դեռ չէր եղել»,- նշել է երգչուհին։

BRAVO.am   
Լուսանկարները` Գոհար Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW