Սոնա Շահգելդյանն 2011-ի լավագույն երգչուհու տիտղոսը ստանալուց հետո ոգեւորությամբ պատրաստվում է երաժշտական նորություններ ներկայացնել:
Սոնան "Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012"-ին
Հիշեցնենք, որ երգչուհին ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած “Արմենիա” մրցանակաբաշխությանն արժանացել է “Տարվա լավագույն երգչուհի” մրցանակին, մի քանի օր անց նույն անվանակարգում մրցանակ է ստացել “Ազգային երաժշտական մրցանակաբաշխության” շրջանակում:
Սոնան դեռ նախորդ տարի BRAVO.am-ին ասել էր, որ սպասում է այս մրցանակին. “Ինձ համարել եմ արժանի ու չեմ թաքցրել: Ամեն դեպքում, ուշացմամբ երկու մրցանակ ստացա: Պատասխանատվությունն ավելի մեծացել է, քանի որ գնահատականի արժանացա իմ հայրենիքում ու Մոսկվայում` սփյուռքահայերի կողմից: Երկու մրցանակն էլ թանկ են ինձ համար”:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը
“Ինքս իմ մեջ կասկածել եմ”. Սոնա Շահգելդյան
Սոնայի հավաստմամբ` մինչ մրցանակներ ստանալը, նախապես չի իմացել այդ մասին. “Մտքովս անցել է, ինքս իմ մեջ կասկածել եմ, բայց նախապես չէին ասել, որ անակնկալ անեն”: Երգչուհին հավելել է, որ մրցանակ չստանալու դեպքում էլ շարունակելու էր աշխատել. “Հաստատ չէի դոփի տեղում, անկախ մրցանակից` անցած տարի աշխատել եմ. մենահամերգ եմ տվել, նախագծերի եմ մասնակցել: Ինչո՞ւ չէ, հնարավոր է՝ այնքան լավ աշխատեմ, որ հաջորդ տարի էլ գնահատվեմ”:
Այն հարցին, թե արդյոք մրցանակներ ստանալուց հետո իր հոնորարների գինը բարձրացել է, Սոնան, հստակ թիվ չնշելով, պատասխանել է. ““Նոր ալիք” մրցույթից հետո համերգներին ավելի բարձր եմ վարձատրվում: Ես ինձ անգին եմ համարում՝ հատուկ թիվ չկա: Մարդ կա՝ շատ գումար ունի, սրտանց տալիս է: Մեկ-մեկ շատ եմ զարմանում, որ իրենցից ոչինչ չներկայացնող կատարողները բարձր գին են պահանջում, բայց չեմ ուզում ոչ ոքի հետ համեմատվել ու չեմ ուզում մրցել”:
Երգչուհիներ Սիբիլն ու Սոնա Շահգելդյանը
Երգչուհին պլանավորել է առաջիկա ամիսների աշխատանքը. պատրաստվում է նոր տեսահոլովակներ ներկայացնել, ակումբային մենահամերգ ունենալ ու հյուրախաղերի մեկնել արտերկիր. “Անկեղծ ասած, համերգս ուզում էի ապրիլի 7-ին անել, բայց այդ օրը տեղի ունեցավ “Արմենիա” մրցանակաբաշխությանը: Համերգն ուժի մեջ է, կենդանի բենդով ու նոր երգերով կլինի”:
Սուրեն Առուստամյանի համար ուրախ է :)
Խոսելով “Նոր ալիք-2012” մրցույթի մասին` “Նոր ալիք-2010”-ի հաղթողը հետեւյալն է ասել. “Ես Սուրեն Առուստամյանի համար ուրախ եմ: Լսել եմ, որ իր չափանիշները համապատասխան են. կարեւոր է մրցութային երգիչ լինելը: Գիտեմ, որ Հայաստանում նախընտրական փուլը տարբերվում է Մոսկվայի փուլից. այնտեղ պրոֆեսիոնալ ժյուրին ավելի խիստ եւ ստույգ է ընտրում մասնակիցներին”:
“Երկու մրցանակն էլ թանկ են ինձ համար”. Սոնա Շահգելդյան
Սոնայի ընկերների շարքում գերակշռում են տղաները
Սոնա Շահգելդյանը տեղեկացրել է, որ աջակցում է սկսնակ երգիչ Վագային. “Եղբոր նման սիրում եմ: Կոնսերվատորիայում է սովորում, հետաքրքիր ձայն ունի, ամենակարեւորը` շատ լավ մարդ է: Իրեն օգնում եմ, ուզում եմ իր ճանապարհը հարթի: Նաեւ առաջարկներ են լինում, որ երեխաների հետ վոկալ պարապեմ, ինչը վաղուց եմ անում ու կշարունակեմ”:
Երգչուհու խոսքով` իր ընկերների շարքում ավելի շատ տղաներն են, քան` աղջիկները: “Տղաներն ավելի անկեղծ են, չեն նախանձում աղջիկներին: Իմ կարծիքով` տղան ու աղջիկը կարող են լավ ընկերներ լինել: Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել, բայց շատ աղջիկներ նախանձ են, ինձ վրա զգացել եմ: Ավելի լավ է տղաների հետ շփվեմ”,- եզրափակել է Սոնան:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: