×


Ինչպես է անցել Աննա Հարությունյանի 30-ամյակը Լոս Անջելեսում

Աննա Հարությունյանն այս օրերին Լոս Անջելեսում է, որտեղ էլ նշել է ծննդյան տարեդարձը: Նրա 30-ամյակը նշանավորվել է կարեւոր իրադարձությամբ, որի մասին պատմել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ ասել, թե ինչ առիթով է մեկնել Միացյալ Նահանգներ, ինչպես է անցկացրել ծննդյան օրը եւ Երեւանում կայանալիք ինչ իրադարձության է սրտատրոփ սպասում:

Դերասանուհու խոսքով՝ հունվարի 24-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում կայանալու է Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի ցուցադրությունը: Այդ նպատակով էլ ֆիլմի ստեղծագործական կազմով ժամանել են ԱՄՆ: Մինչ այդ, սակայն, հունվարի 16-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Աննա Հարությունյանի հեղինակած «Անիկո» ֆիլմի պրեմիերան, որը համընկել է իր ծննդյան օրվա հետ:

Աննա Հարությունյանը


«Սա խորհրդանշական պահ էր թե՛ ինձ համար, թե՛ ֆիլմի կենսագրության մեջ, ինչի առիթով շնորհավորում եմ ողջ անձնակազմին եւ խորին երախտագիտությունս հայտնում նրանց: «Անիկո»-ն իմ դիպլոմային աշխատանքն է, որը նկարահանել եմ ընկերներիս եւ տասնյակ բարի կամեցողների շնորհիվ: Հուսով եմ` առիթ կլինի, եւ նրանց անունները մեկ առ մեկ կնշեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Աննայի` յուրաքանչյուր տարիք մտածելու տեղիք է տալիս, երեսունը` գործելու, ուստի լցված է նորանոր մտքերով ու մտահղացումներով, որոնց իրագործմանը ձեռնամուխ պիտի լինի հայրենիքում.«Երջանիկ ժամանակներում ենք ապրում. հեղափոխությունը յուրաքանչյուրիս կյանքում մեծ իմաստ մտցրեց: Երջանիկ եմ եւ հպարտ, որ արել եմ իմ քայլը եւ հասունության շրջան թեւակոխում եմ նոր Հայաստանում: Այժմ սովորում եմ Մոսկվայի կինոյի համառուսական ինստիտուտում՝ ռեժիսուրայի բաժնում: Հունիսին տեղի է ունենալու դիպլոմիս պաշտպանությունը, որից հետո էլ կվերադառնամ Հայաստան»:

Աննա Հարությունյանը


Դերասանուհին ասաց` քանի որ ծնվել է Նոր տարուց անմիջապես հետո, ամեն տարեդարձի օր նախորդ տարվա հաշիվն է տալիս ինքն իրեն: Այս անգամ էլ անցած 30 տարիների հաշիվը պետք է տար.«Մեծ ցանկություն ունեի ծննդյանս տոնին ինքս նվեր տալ եւ ոչ թե ստանալ: Դա եղավ ֆիլմի տեսքով նվեր հանդիսատեսին, ինչը ե՛ւ մեծ պատասխանատվություն էր, ե՛ւ մեծ ուրախություն: Իհարկե, շատ կուզեի՝ ֆիլմի պրեմերան հայրենիքում տեղի ունենար՝ նրա ստեղծողների ներկայությամբ, բայց քանի որ հանգամանքներն այսպես դասավորվեցին, որոշեցի չդիմակայել եւ այդ հաճուքն ինձ պարգեւել. ամեն օր չէ, որ երեսունդ է լրանում, եւ հանդիսատեսի դատին հանձնելու աշխատանք ես ունենում...»,- նկատեց նա:

Զրույցի ավարտին Աննա Հարությունյանն ասաց, որ «Անիկո» ֆիլմն անշուշտ ցուցադրվելու է նաեւ Երեւանում, ինչին է՛լ ավելի սրտատրոփ է սպասում:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին