×


Ինչպես է անցել «Jamiroquai» խմբի մենահամերգը Երեւանում

«Silk Note» երաժշտական փառատոնը, որ նախաձեռնել է այս տարի Երեւանում անցկացնել միջազգային հայտնի խմբերի ու արտիստների մենահամերգները, իր առաջին քայլերն է անում Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Փառատոնի առաջին հեդլայները հանրահայտ «Jamiroquai» բրիտանական խումբն էր, որի մենահամերգին հայ հանդիսատեսը երկար էր սպասել: Նոյեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, հետեւել է երեկոյի ընթացքին եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

«Jamiroquai» խմբի երեւանյան համերգին


Հաճելի անակնկալները հանդիսատեսին սպասում էին դեռ նախասրահում: Բոլոր ցանկացողներին բաժանվում էին յուրօրինակ էկոպայուսակներ` #no_to_plastic գրությամբ: Շուտով ներկաների մեծ մասն արդեն շրջում էր նոր պայուսակներով՝ նշելով, որ հետագայում էլ հաճույքով կկրեն դրանք: Էկոպայուսակներից բացի, նախասրահում կազմակերպված էր նաեւ հատուկ շոու-ծրագիր, որն ազդարարում էր սպասվելիք համերգի մասին: Շատերը հենց այստեղ էլ սկսեցին պարել՝ ուրախ տրամադրությունն իրենց հետ տեղափոխելով նաեւ համերգային դահլիճ:

Ներսում արդեն տեսանելի ու հասկանալի էր, որ հանդիսատեսի շարքերում քիչ չեն նաեւ արտասահմանցի հյուրերը, որոնք ընկերներով եւ ընտանիքներով եկել էին մասնակցելու աշխարհահռչակ խմբի համերգին: Փառատոնի կազմակերպիչները դեռ մեկ ամիս առաջ նշում էին, որ տոմսերի մեծ մասն ի սկզբանե վաճառվել է հենց արտասահմանցի գնորդների շնորհիվ: Համերգից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նույնիսկ պատմեց, որ իրենց գործընկերներից մեկն օրեր առաջ Սեւանում հանդիպել է Բրազիլիայից եկած մի ընտանիքի, որը հատուկ ժամանել էր Հայաստան՝ «Jamiroquai» խմբի համերգին ներկա գտնվելու համար:

«Jamiroquai» խմբի երեւանյան համերգին


Նա նաեւ նշեց, որ որպես բարեգործական հիմնադրամ՝ իրենք նպատակ ունեն փառատոնի ողջ հասույթը տրամադրել մարզերում մշակութային կենտրոնների զարգացմանն ու մշակութային կյանքն ակտիվացնելուն, որպեսզի հավասար հնարավորություններ ստեղծվեն Հայաստանի բոլոր բնակիչների համար:

Իսկ մինչ այդ հայ հանդիսատեսն արդեն վայելում էր «Jamiroquai» խմբի համերգը, երգում ու պարում էր սիրելի արտիստների հետ: Ինչ վերաբերում է ներկաներին, ապա նույնիսկ Մարզահամերգային համալիրի աշխատակիցները նշում էին, որ նման քաղաքակիրթ հանդիսատես երբեք չէին ունեցել.«Մարդիկ գրեթե երկու ժամ հավասար շարքով հերթ են կանգնել դրսում՝ առանց միմյանց հրելու, վիրավորելու եւ առաջ անցնելու, ինչը հայաստանյան իրականության համար փոքր-ինչ անսովոր երեւույթ է»,- նկատեց տոմսավաճառներից մեկը:

«Jamiroquai» խմբի երեւանյան համերգին


Դե, իսկ «Jamiroquai» խմբի վոկալիստ Ջեյ Քեյը նախընտրեց քիչ խոսել համերգի ընթացքում եւ ողջ ժամանակը նվիրել հնարավորինս շատ երգեր կատարելուն: Նրանց ելույթները երբեմն ընդհատվում էին փոխադարձ ողջույններով ու շնորհակալություններով, իսկ համերգի ավարտին Ջեյ Քեյը նաեւ հասցրեց հաջողություն մաղթել հանդիսատեսին եւ նույնիսկ շնորհավորել գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ:

Խմբի համերգից հետո էլ հանդիսատեսը դեռ երկար ժամանակ պարելու հնարավորություն ուներ, քանի որ նախասրահում համերգային երեկոն շարունակում էր «Kami friends Project»-ը, որից հետո էլ մեծ դահլիճում կրկին նվագելու էր խմբի դիջեյը՝ ներկայացնելով «Jamiroquai»-ի երգերի հիման վրա հավաքած սեթեր:

«Jamiroquai» խմբի երեւանյան համերգին


Առաջիկայում հայ երաժշտասերներին սպասում է եւս երկու մեծ մենահամերգ`այս անգամ արդեն «Parov Stelar» բենդի եւ ջազ-կիթառահար Էլ Դի Մեոլայի կատարմամբ:

Փառատոնի հիմնադիրներն ու կազմակերպիչներն են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ու «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին