×


Ինչպես ջութակը փրկեց Արա Մալիկյանի պապիկի կյանքը

Հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանը միջազգային շրջագայությամբ ներկայանում է ամենատարբեր երկրներում, նրա ջութակի ելեւէջներն այսօր կվայելի փարիզյան հանդիսատեսը։ Հայազգի երաժիշտը ելույթ կունենա Փարիզի հանրահայտ «Casino de Paris» համերգասրահում` «Ֆրանսահայ կապույտ խաչ» միության 90-ամյակի առթիվ։ Արա Մալիկյանը BRAVO.am-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երաժշտական գործունեության, հայկական արմատների եւ պապիկի կյանքը Ցեղասպանության ժամանակ փրկած հրաշագործ ջութակի մասին։

-Ի՞նչ ծրագրով եք ներկայանալու Փարիզում:
- Ծրագիրը, որ ներկայացնելու ենք Փարիզում, մեր շրջագայության մասն է կազմում, որն իրականացնում ենք մոտ 2 տարի շարունակ։ Այս ծրագրի ընթացքում երաժշտության միջոցով պատմում եմ իմ ջութակի պատմությունը, որն իմ պապիկին էր պատկանում։ Բախի, Մոցարտի, Պագանինիի եւ նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ իմ հեղինակային մեղեդիները պատմում են պապիկիս կյանքը փրկած այս գործիքի մասին։ Ի դեպ, իմ ստեղծագործությունները հենց այդ պատմությունը ներկայացնելու համար են գրվել։

- Կպատմե՞ք Ձեր հրաշագործ ջութակի պատմությունը։
-Այս ջութակը պատկանել է իմ պապիկին, ով, սակայն, ջութակահար չի եղել, նա այն ձեռք է բերել բախտի բերմամբ։ Այս գործիքը փրկել է նրա կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ինչ-որ մեկը պապիկիս է տվել այս ջութակը, որ նա կարողանա ասել, թե օտարազգի նվագախմբի երաժիշտ է, եւ իրեն չսպանեն։ Այսպիսով հորական պապս կարողացել է փախչել եւ հասնել Լիբանան։ Սա մեծ հոգեւոր արժեք ունեցող գործիք է ինձ համար։

Արա Մալիկյանը


- Այս աննախադեպ պատմությունը Ձեզ ներշնչե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում։
-Իհարկե, այս պատմությունը ներշնչել է ե՛ւ հորս, ե՛ւ ինձ։ Երբ հայրս ծնվել է, պապիկս ցանկացել է, որ իր որդին ջութակ նվագի։ Սա կարծես դարձել է սերունդներով փոխանցվող երեւույթ. հայրս ջանք չէր խնայում ինձ ջութակահար դարձնելու համար։

- Ձեր հայրը եւս ջութակահար էր, արդյո՞ք ունեցել եք նույն բեմում միասին հանդես գալու հնարավորություն։
-Երբ փոքր էի` այո, միասին ելույթներ ունեցել ենք։ Նա միշտ հետեւում էր, թե ինչ եմ անում ես, նա ջանք չի խնայել իմ երաժշտական ուղին ապահովելու համար։ Հայրս շատ էր ուրախանում, երբ հաջողություններ էի ունենում, բայց, ցավոք, վերջին հինգ տարիների ընթացքում ունեցած վերելքը միջազգային ասպարեզում նա չկարողացավ տեսնել։

Նրա խիստ բնավորության եւ համառության շնորհիվ ես կարողացա առաջ գնալ։ Նա ինձ ստիպում էր ժամերով պարապել։ Երբ փոքր էի, չէի ուզում այդքան երկար սովորել, արցունքն աչքերիս էի պարապում։ Բայց շատ ուրախ եմ, որ նա նման ճիգեր է գործադրել։

-Մեծ ջանքերն ու աշխատանքը կարեւոր են, սակայն չենք կարող չանդրադառնալ Ձեր տաղանդին։
-Կարծում եմ՝ հաջողությունը մի շարք երեւույթների միասնությունից է կախված` աշխատանք, շանս, տաղանդ... Հաջողության գաղտնիք չկա, չենք կարող ասել, որ միայն տաղանդով կամ միայն աշխատանքով հնարավոր է հաջողության հասնել։

Արա Մալիկյանը


- Արդյո՞ք հայկական երաժշտությունը Ձեզ ոգեշնչել է։
- Անշուշտ, հայկական երաժշտությունն իմ կյանքի մասն է կազմել դեռ փոքրուց, մինչ օրս էլ այն ինձնից անբաժան է։

-Իսկ ո՞ր երաժիշտն է, որ Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է եղել կյանքում։
-Ես «բաց» եմ բոլոր տեսակի երաժշտությունների առջեւ։ Անչափ սիրում եմ Պագանինիին, նրա կերպարը ջութակահարի համար շատ ոգեշնչող է։ Մեղեդայնության առումով Բախ եմ շատ սիրում, բայց ես տարբեր ոճերի, երկրների երաժշտություն եմ լսում, իմ նախընտրած ստեղծագործությունները շատ բազմազան են։

- Կան որոշ կարծրատիպեր կապված դասական երաժշտության հետ. շատերը կարծում են, որ հեշտ լսվող կամ երիտասարդներին հարմար երաժշտություն չէ, սակայն Ձեր համերգների ընթացքում դահլիճը բազմամարդ եւ բազմաշերտ է լինում: Ինչպե՞ս եք կարողանում բարդ թվացող երաժշտությունն այդքան թեթեւ ներկայացնել։
- Ցավոք, դասական երաժշտության «աշխարհը» որոշ չափով փակ, պահպանողական եւ էլիտիստ է, բայց ես վստահ եմ, որ պետք չէ գիտակ լինել՝ դասական երաժշտություն սիրելու համար, համոզված եմ, որ անկախ նրանից, թե դասական երաժշտության հետ մարդիկ առնչվել են, թե ոչ` կարող են վայելել այդ կատարումները։ Մեր հանդիսատեսի արձագանքը վկայում է այդ ամենի մասին։

-Փարիզում հանդես եք գալիս «Ֆրանսահայ կապույտ խաչ» միության 90-ամյակի առիթով, Դուք մշտապես խոսում եք Ձեր արմատների եւ հայ լինելու մասին, կարծես անընդհատ փորձում եք հայերի կողքին լինել։
- Այս միջոցառմանը մասնակցելն ինձ համար շատ հուզիչ է եւ շատ ուրախ եմ, որ այս առիթով եմ ելույթ ունենալու։ Մայրս միշտ համագործակցել է այս կազմակերպության հետ, «Կապույտ խաչը» մեծ աշխատանք է տանում եւ մշտապես եղել է սփյուռքահայերի կողքին։ Ես հայ եմ, խոսում եմ հայերեն, գիտեմ Հայաստանի պատմությունը, երաժշտությունը եւ, բնականաբար, համաձայնեցի մասնակցել այս տարեդարձի արարողությանը։


-Դուք ելույթ եք ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, բայց Հայաստանում երբևէ համերգ չեք ունեցել, ինչու՞։
-Մի քանի անգամ հնարավորություն եղավ, բայց երբեք չստացվեց։ Հուսով եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենամ Հայաստանում համերգ ունենալ, դա ինձ համար հուզիչ ու նշանակալի կլինի։

Ամեն անգամ ինչ-որ պատճառ խանգարել է համերգի իրականացմանը. երկու տարի առաջ համերգը չեղյալ է հայտարարվել, կարծում եմ՝ պետք է հարմար պահի սպասել եւ լավ համերգ կազմակերպել, որը շատ չի ուշանա։

-Հայաստանում միայն որպես զբոսաշրջի՞կ եք եղել։
-Մի քանի անգամ եղել եմ հայրենիքում, վավերագրական ֆիլմ եմ պատրաստել Հայաստանի մասին։ Բավականին լավ գիտեմ Հայաստանը, 90-ականներին եւս եղել եմ այնտեղ, նկատում եմ բոլոր փոփոխությունները, մշատպես հետեւում եմ այնտեղ կատարվող իրադարձություններին։

Բազմահազարանոց դահլիճներում ելույթ ունեցող արտիստն իր հանդիսատեսին ամեն անգամ պատմում է իր նախնիների պատմությունը՝ թե ինչպես են նրանք փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ եւ հասել Լիբանան, որտեղ էլ երաժիշտը ծնվել է, այնուհետեւ` տեղափոխվել Իսպանիա։ Մադրիդում բնակություն հաստատած մեր հայրենակիցը կրթություն է ստացել միջազգային բարձր հաստատություններում, տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հայերեն եւ այլ լեզուների։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Արա Մալիկյանի արխիվից






Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport