×


Ֆիլհարմոնիկը 101-րդ համերգաշրջանը կբացի «Սպարտակ» աննախադեպ սինեմատիկ շոուով

«Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքում Սեպտեմբերի 10-ին կթեւածի բոլոր ժամանակների ազատության խորհրդանիշ Սպարտակի ըմբոստ ոգին, կդղրդան հռոմեական անողոք մարտակառքերի անիվները եւ կհյուսվեն Սպարտակի ու Ֆրիգիայի սիրո ու նվիրումի մեղեդիները: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը համաշխարհային պրեմիերայով. Khachaturian Rooftop-ում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոուն: 

Նվագախմբի  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանին կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով ֆիլմը: 



«Հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմն իրենից ներկայացնում է պատմական բլոքբասթեր՝ արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով»,- նշված է հաղորդագրությունում: 

Ֆիլմի ռեժիսորն է DJAN AI Studio-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը: 

Նախագիծը հատուկ ստեղծվել է Khachaturian Rooftop-ի բացօթյա հարթակի համար՝ միավորելով կենդանի սիմֆոնիկ երաժշտությունը եւ մեծակտավ վիզուալ արվեստը:

Անդրադառնալով նախագծին՝ մաեստրո Թոփչյանը նշել է. «Արամ Խաչատրյանի «Սպարտակը» մեր ինքնության, մարդու ազատատենչ ոգու եւ երաժշտական մտքի ամենահզոր արտահայտություններից մեկն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար միշտ մեծ պատասխանատվություն ու հպարտություն է հնչեցնել այս հանճարեղ ստեղծագործությունը, սակայն այս նախագիծն իսկապես բացառիկ է»: 

Նրա խոսքով՝ դասական երաժշտությունը կարող է եւ անհրաժեշտ է, որ քայլի ժամանակին համընթաց. «Կենդանի նվագախմբային հնչողության եւ արհեստական բանականության ընձեռած վիզուալ հնարավորությունների այս համադրումը բոլորովին նոր իրականություն է ստեղծում: Սա պարզապես համերգ չէ, այլ զգայարանների վրա ազդող տպավորիչ ներկայացում է: 

Ուրախ եմ, որ New Generation Project-ի ու DJAN AI Studio-ի հետ այս համարձակ նորարարությունն իրագործում ենք հենց Khachaturian Rooftop-ի բացօթյա, տրամադրող միջավայրում: Վստահ եմ՝ մեր ունկնդիրն այս սինեմատիկ ձեւաչափի շնորհիվ «Սպարտակը» կբացահայտի միանգամայն նոր ու անսպասելի տեսանկյունից»։

Համերգաշրջանի նշանակալից իրադարձություններից են Երեւանյան 18-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին, որն ավանդաբար էլ ավելի կհարստացնի մայրաքաղաքի երաժշտական աշունը: Փառատոնի կմեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին՝ հռչակավոր դաշնակահար Ժան-Էֆլամ Բավուզեի (Ֆրանսիա) եւ դիրիժոր Կիրիլ Կարաբիցի (Մեծ Բրիտանիա, Ուկրաինա) մասնակցությամբ համերգով: Կհնչեն Ավետ Տերտերյանի, Յան Սիբելիուսի, Ռավելի եւ Միրոսլավ Սկորիկի գլուխգործոցները: Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Գրիգորի Սոկոլովի մենահամերգով:

Կարդալ ավելին

Quality Sign BW