“Եվրատեսիլ-2016” -ում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը մայիսի 1-ին պատվիրակության հետ կմեկնի Շվեդիա, իսկ մինչ այդ այսօր Երեւանում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ մարտական են տրամադրված.“Մեր ողջ ուժերը կենտրոնացրել ենք, որ Հայաստանի ելույթը հիանալի լինի: Իվետան իր կարիերան սկսել է մրցույթներից, գիտի ինչպես մասնակցել, այս առումով հանգիստ ենք”:
Իվետա Մուկուչյանը
Իվետան էլ պատմել է նախամրցութային տրամադրվածության մասին.«Չէի սպասում, որ վերջին օրերին այսքան հավասարակշռված կլինեմ, մտածում էի՝ շատ լարված կլինեմ, բայց հանգիստ եմ, ինչը մեր անձնակազմի միասնական լինելու արդյունքն է: Բնականաբար, ժողովրդի դրական վերաբերմունքը շատ գնահատում եմ, այդ լավ խոսքերն ինձ հետ բեմում մարտական հագուստի պես կրելու եմ, այնպես որ դուք ինձ հետ եք լինելու:)”:
Նրանք խոստանում են եվրատեսիլյան բեմում հետաքրքիր շոու ներկայացնել: Գոհարի խոսքով՝ բոլոր փակագծերը դեռ չեն կարող բացել, բեմադրության համար աշխատում են Շվեդիայից բեմադրող-խորեոգրաֆ Սաշա Ժան Բատիստի հետ, որն աշխատել է շվեդական նախագծերում եւ “Եվրատեսիլ”-ում.“Գրաֆիկական ու լուսային լուծումներով, հատուկ էֆեկտներով մոդեռն շոու կլինի: Մեր բեմադրությունը գուցե նմանեցնեք տեսահոլովակի. ուղիղ եթերում ձեզ մի պահ կթվա, թե տեսահոլովակ եք դիտում”:
Իվետա Մուկուչյանը
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընտանիքի հետ բնակվող Իվետա Մուկուչյանը նշել է, որ գերմանական մամուլը հետաքրքրված է իր մասնակցությամբ.“Բազմաթիվ դրական հրապարակումներ եմ տեսել, բավական շատ են անդրադառնում, համարում են, որ այս տարի երկու գերմանացի մասնակից ունեն, ասում են՝ մեր Համբուրգի աղջիկը ներկայացնում է Հայաստանը”:
Իվետան դժվարացավ նշել, թե որ երկրի երգն է հավանել եւ մրցակից համարում.“Ոչ բոլոր երգերն եմ լսել: Կան լավ երգեր, բայց կարեւոր է կենդանի ելույթը. բեմում երգերն այլ կերպ են ընկալվում”:
Ինչպես հայտնել է Գոհար Գասպարյանը, այս տարի “դրոշների քաղաքականության մեջ ” արգելված դրոշների ցանկում է նաեւ Արցախի դրոշը, բայց իրենց հետ տանելու են.“Կազմակերպիչները ցանկանում են երկրպագուներին զերծ պահել քաղաքականությունից, մրցույթն իր ուրույն կանոններն ունի եւ այդ կանոնների շնորհիվ 60 տարի շարունակ գոյատեւում է: Եթե մասնակցում ես, պարտավոր ես հարգել այդ օրենքները, չափի մեջ փորձում ենք խաղալ այդ օրենքներով՝ չխախտելով որեւէ բան”:
Իվետա Մուկուչյանը եւ Գոհար Գասպարյանը
Իվետան էլ հավելել է, որ Նիդերլանդներում իր ելույթը չեղյալ հայտարարելով, ժամանցային միջոցառումներին չմասնակցելով` ցանկացել են Եվրոպայում ուշադրությունը սեւեռել Արցախի պատերազմի վրա.“Ցավոք, դրսում շատերը չգիտեն՝ Հայաստանը որտեղ է գտնվում, եւ ինչքան էլ այս մրցույթը քաղաքականություն չի սիրում եւ բեմում չենք կարող քաղաքականության մասին խոսել, բայց երբ Մոսկվայում իմ ելույթը նվիրեցի Արցախի պատերազմին, նրանց մոտ հարցեր ծագեցին՝ ինչ է կատարվում եւ ինչ իրավիճակ է այստեղ: Դա մեզ համար ցանկալի քայլ էր”:
Ի դեպ, “LoveWave”-ը կունենա նոր գործիքավորում.“Անընդհատ պարապում եմ, փորձերն էլ տալիս են ինքնավստահություն: Ինձնից կախված է ելույթը, իսկ հորիզոնականն ու սփյուռքի քվեարկելն իմ ձեռքերում չէ: Մոտ օրերս կթողարկենք “LoveWave”-ի նոր տարբերակը, որը գժական ոճում է՝ համեմված ազգային գործիքներով: Բացի այդ, կունենանք երգի ռեմիքս տարբերակը: Բավական շատ “սիրո ալիքներ” ենք պատրաստել”:
Հավելենք, որ Իվետա Մուկուչյանի առաջին ելույթը կկայանա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին` 7-րդ համարի ներքո: Իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին:
Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: