Հայկ Պետրոսյանը դարձել է 26 տարեկան: Կամերային երաժշտական թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տարեդարձը չի նշել, իսկ տոնական օրն առիթ է դարձել ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Հոբելյարի հետ զրուցել ենք «Փոխնակ մայրը» սերիալում մարմնավորած կերպարի, կնոջը սեր խոստովանելու մասին, եւ ոչ միայն:
Հայկ Պետրոսյանի ընտանիքը
Կարեւորի մասին
Այս տարի տրամադրված չէի նշել տարեդարձս. հոգեբանորեն սպասում չկար, ոչ էլ պատրաստվել էի: Բայց, անկախ ամենից, կեսգիշերին անակնկալ տորթով ու շամպայնով ինձ շնորհավորեցին ընտանիքիս անդամները: Օրս նրանց հետ եմ անցկացրել, իսկ երեկոյան պարզապես զբոսնել եմ կնոջս հետ: Այդ երկարատեւ զբոսանքն ու զրույցն ինձ համար շատ ավելի կարեւոր էին, քան որեւէ վայրում խնջույք կազմակերպելը: Ակամայից մի պատմություն հիշեցի՝ կինը մազերը վաճառում է, որ ամուսնու համար ժամացույցի շղթա գնի, իսկ տղամարդը վաճառում է ժամացույցը՝ կնոջը մազակալ գնելու համար: Արդյունքում, նրանք համբուրվում են ու պարզապես նշում առիթը:):
«Կայացման փուլում ենք»
Կնոջս հետ շատ ենք սիրում խոսել մեր ապագա ծրագրերից: Մեր ընտանիքն այժմ կայացման փուլում է. ամեն մեկս մեր աշխատանքն ենք անում, մեր տղան էլ մանկապարտեզ է գնում: Ես եւ Անին հաճախ ենք քննարկում, թե ինչը կարող ենք մեր մեջ փոխել, որ ավելի լավ լինի:
«Չպետք է բողոքենք»
Կնոջս հետ որոշել ենք, որ չպետք է բողոքենք: Մարդը երբեք չի հոգնում իր ընկերական շրջապատից, որովհետեւ նա այնտեղ լիցքաթափվում է. ոչ ոք չի բողոքում: Կարծում եմ՝ բողոքը ձանձրույթի ու նյարդային ավելորդ գրգիռների է հանգեցնում: Անիից միայն չակերտավոր բողոքներ եմ լսում: Իհարկե, նա ուզում է, որ իրենց հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ, բայց, դե, գիտի, որ ամեն մեկս մեր աշխատանքն ունենք:
Հայկ Պետրոսյանի ընտանիքը
«Նրա հետ լիարժեք հանգստանում եմ»
Տղաս բացահայտ ցույց է տալիս, որ կարոտում է: Եթե շուտ եմ ավարտում աշխատանքս, նրա հետ մանկական ժամանցի վայրերից մեկն ենք գնում, կամ էլ տանն ենք խաղում. միասին գիրք ենք թերթում, ծանոթանում կենդանիների հետ: Նրա հետ ժամանակ անցկացնելն իմ ամենահաճելի զբաղմունքն է. լիարժեք հանգստանում եմ:
Սիրո խոստովանություն
Երբ մեկին շատ ես սիրում, պետք է տարբեր ձեւերով արտահայտես զգացմունքդ: Միօրինակը կարող է քեզ համար էլ անհետաքրքիր լինել: Վերջերս սոցցանցի իմ էջում կնոջս լուսանկարը հրապարակեցի եւ սեր խոստովանեցի: Նայում էի նկարը եւ երջանկանում, որ հենց նա է իմ կողքին, իմ կինն է: Թեեւ ոչ միշտ են խոսքերն էական, լռությունն էլ արտահայտվելու մի ձեւ է. կարող ես լուռ նայել ու ժպտալ:
«Փոխնակ մայրը» սերիալի դերասանական կազմը
Արամի կերպարը
«Փոխնակ մայրը» սերիալում նկարահանվելու առաջարկը միանգամից եմ ընդունել, քանի որ պայմանները բոլոր առումներով համապատասխան էին: Ի սկզբանե, ինձ այլ կերպարի համար էին կանչել, բայց արդյունքում՝ Արամի դերը ստանձնեցի: Միակ մտավախությունս այն էր, որ կերպարս պետք է հասուն երեւա՝ կայացած եւ հոգեպես հավասարակշռված: Ուրախ եմ, որ խաղալու շատ բան կա:
«Նման բան չէի անի»
Ի տարբերություն Արամի, կյանքում չէի ամուսնանա առանց սիրո: Պետք է հարյուր տոկոսով վստահ լինեմ իմ ընտրության մեջ, նոր որեւէ քայլի գնամ: Իսկ նման ենք երեւի նրանով, որ ես էլ սիրում եմ մտածված ապրել, բայց, միեւնույն ժամանակ, փորձում եմ նաեւ թեթեւություն, արկածներ, էներգիա տվող բաներ անել:
Աշխատանքային
Այժմ վերանորոգված Կամերային երաժշտական թատրոն ունենք եւ նոր ներկայացումներ: Խաղում ենք ցերեկային ներկայացումներ մանուկների, դպրոցականների համար: Բացի այդ, երբեմն վարում եմ կորպորատիվ միջոցառումներ, դերասանի վարպետություն եմ դասավանդում Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: