Էրոտիկ երազներ տեսնում են կանանց մեծ մասը եւ բոլոր տղամարդիկ անխտիր. այս կարծիքին են մասնագետները: Հարց է առաջանում, թե ինչու է մեր ենթագիտակցությունը մեզ նման պատկերներ ուղարկում: Գուցե այս կերպ վերանում է արգելքների եւ ընդունված նորմերի պատնեշը, եւ սկսում են ազատորեն արտահայտվել իրականում զսպված ցանկությունները: Չէ՞ որ պատահական չէ, որ երազում մարդիկ կարող են տեսնել այնպիսի պատկերներ, որոնց ոչ մի դեպքում չէին համաձայնի իրական կյանքում:
Ե՞րբ եւ ինչո՞ւ ենք տեսնում սեքսուալ բովանդակությամբ երազներ
Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ: Մասնագետի խոսքով` մեր արթուն ժամանակ ապրածը որոշակիորեն արտացոլվում է երազներում.«Դժվար է ասել, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ էրոտիկ բնույթի երազներ տեսնում: Հայտնի է, սակայն, որ դրանց քանակն ավելանում է, երբ պակասում է սեքսուալ ակտիվությունը, իսկ երբ մարդը սկսում է ավելի ակտիվ սեքսուալ կյանքով ապրել, այդ երազների քանակը նվազում է: Այսինքն` երազները որոշակիորեն ունեն նաեւ փոխհատուցման գործառույթ»:
Սեքսոլոգների համոզմամբ` էրոտիկ բնույթի երազներն ուղեկցում են մարդկանց դեռահասության տարիքից մինչ մահը եւ հանդիսանում են սեռական հասունացման նշաններից մեկը, երբ սեռական էներգիան` լիբիդոն, ելք է փնտրում: Ստացվում է` դրանք նորմալ երեւույթ են եւ վկայում են սեքսուալ առողջության մասին: Դրանց պատճառ կարող է դառնալ անգամ սիրահարվածությունը կամ տեստոստերոն հորմոնի բարձր մակարդակը, որը եւ պատասխանատու է սեռական էներգիայի համար:
Ո՞վքեր են առավել հաճախ տեսնում էրոտիկ երազներ
Մասնագետների ուսումնասիրությունից պարզվել է, որ էրոտիկ երազներ տեսնում են գրեթե բոլոր տղամարդիկ եւ կանանց 70%-ը: Ընդ որում, տղամարդիկ սեքսուալ բովանդակությամբ երազներ ավելի հաճախ տեսնում են 20-25 տարեկանում, իսկ հետո դրանք դառնում են ավելի հազվադեպ: Կանանց դեպքում ճիշտ հակառակն է` տարիքի հետ նրանց երազները դառնում են ավելի տարաբնույթ եւ վառ: Սեռական կյանքի սկզբին կանանց միայն 2 %-ն է տարվում էրոտիկ ֆանտազիաներով, իսկ արդեն 40-50 տարեկանում` 65-70 %-ը:
Անուշ Ալեքսանյանի մեկնաբանությամբ` վերոնշյալը պայմանավորված է տղամարդու եւ կնոջ սեքսուալության տարբերություններով.«Տղամարդիկ ավելի ֆիզիկական եւ մարմնական սեքսուալություն ունեն, իսկ կանայք` ավելի հուզական: Կանանց էրոտիկ բնույթի երազները գուցե շատ բաց սեքսուալություն չպարունակեն, այլ մտերմության, սիրո տեսարաններ ունենան»:
Ի՞նչ կարող են նշանակել էրոտիկ երազները եւ արժե՞ մեկնաբանել դրանք
Էրոտիկ երազների բովանդակությունը երբեմն կարող է ակնհայտ լինել, իսկ երբեմն էլ` ոչ: Նշանավոր հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը վստահեցնում էր, որ նույնիսկ այն երազները, որոնք չեն պարունակում սեքսուալ տեսարաններ, միեւնույնն է, ունեն սեքսուալ ենթատեքստ, եւ քանի որ լիբիդոն հանդիսանում է մեր կյանքի անբաժան մասը, ապա մեր բոլոր երազները սեռականի մասին են: Երազների մեկնաբանությունը թերեւս մեծ մասամբ կախված է այն մեկնաբանող մասնագետի մոտեցումից: Հոգեվերլուծաբանների մի զգալի հատված յուրաքանչյուր երազում գուցե տեսնի սեքսուալ մոտիվ, իսկ մասնագետների մեկ այլ խումբ էլ խորհուրդ տա շատ չտարվել դրա մեկնաբանությամբ եւ յուրաքանչյուր երազում չփնտրել կոնկրետ իմաստ:
Անուշ Ալեքսանյանի կարծիքով` էրոտիկ բնույթի երազներին եւ առհասարակ երազներին լուրջ կամ անլուրջ վերաբերվելը ոչինչ չի փոխի. երազները մնում են երազներ, որոնց մեկնաբանությունները կարող են սահմանափակվել միայն ենթադրությունների մակարդակով.«Իհարկե, դրանք կարող են լուրջ նշանակություն ունենալ տեսնողի համար եւ անլուրջ լինել դարձյալ այդ մարդու համար: Իսկ թե դրա մասին ինչ են կարծում ուրիշները, այ, դա արդեն անլուրջ է»:
Էրոտիկ երազը կարո՞ղ է սեռականի հետ կապ չունեցող ենթատեքստ ունենալ
Հոգեվերլուծաբանների մի մասը պնդում է, որ նույնիսկ սեքսի մասին ակնհայտ երազը կարող է դրա հետ անմիջական կապ չունենալ: Երազի սեքսուալ թեմատիկայում կարող են թաքնված լինել կյանքի տարբեր խնդիրներ, եւ գրեթե նույնանման սյուժեով երազները տարբեր մարդկանց դեպքում տարբեր նշանակություն ունենալ:
Անուշ Ալեքսանյանի խոսքով` նման երազները կարող են բոլորովին այլ իմաստ արտահայտել.«Ինչպես մեր կյանքում սեքսուալ ոլորտը կապ ունի այլ ոլորտների հետ, այնպես էլ երազներում նման տեսարանները կարող են բացարձակ այլ բովանդակություն ունենալ: Առհասարակ միամտություն է կարծելը, որ մենք կարող ենք ինչ-որ բաներ, այդ թվում եւ երազները, լիարժեք վերլուծել կամ մեկնաբանել»:
Ի՞նչ անել, երբ տանջում է մեղքի զգացումը
Եթե Ձեր ամուսնու կամ կնոջ էրոտիկ բովանդակությամբ երազը եղել է ոչ թե Ձեր, այլ մեկ ուրիշի մասնակցությամբ, ապա մասնագետների պնդմամբ` դա դեռ չի նշանակում, որ նա դավաճանել է կամ պատրաստ է դավաճանության: Այս դեպքում չարժե մեղադրել ինքներդ ձեզ կամ մեղքի զգացում առաջացնել զուգընկերոջ մոտ, եթե նա խոստովանել է իր «մեղսագործության» մասին: Դա կարող է լինել պարզապես օրվա տպավորության արդյունք:
Հոգեբանի խոսքով` մեր այս կամ այն ապրումը, վերաբերմունքը երազներում կարող են այլ կերպարներ մարմնավորել եւ բոլորովին այլ մարդիկ(ոչ մեր զուգընկերները) իրականացնեն մեր ցանկությունները: Ցանկացած պարագայում, սակայն, պետք է հիշել, որ դրանք պարզապես երազներ են, որոնց համար պետք չէ ունենալ խղճի խայթ. «Դա նույնն է, որ երազում սպանենք մեր ամուսնուն եւ դրա համար ունենանք մեղքի զգացում: Չէ՞ որ դա ընդամենը երազ է: Այլ հարց է, եթե նույն բովանդակությամբ երազը կրկնվում է բազմիցս կամ այնտեղ ի հայտ է գալիս անձ, ով գոյություն ունի իրականում, եւ ում հետ մենք ունենք որոշակի հարաբերություններ: Այս դեպքում գուցե կարիք լինի այն վերլուծել եւ առանձին-առանձին անդրադառնալ բոլոր հարցերին»:
Մասնագետի կարծիքով` երազներն ընդհանուր օրինաչափություններով վերլուծելը բազմաթիվ սխալների եւ թյուրըմբռնումների տեղիք կարող է տալ, քանի որ յուրաքանչյուր մարդու երազ արտահայտում է իր կյանքի, իր հայացքների, իր աշխարհընկալմանը բնորոշ դրվագներ կամ գոնե դրանց նեգատիվները.«Սա բարդ երեւույթ է եւ պարզագույն մեկնաբանություններով չենք կարող բավարարվել»,- բացատրում է հոգեբանը եւ խորհուրդ տալիս ուշադրության արժանացնել միայն կրկնվող երազները եւ նույնիսկ դրանց դեպքում եզրակացություններում լինել զգույշ:
Տեքստը` Ա.Ս.-ի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: