«Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մյուզիքլի մասին պատմել ենք: Նախագծի նկարահանումներն արդեն անցյալում են: BRAVO.am-ը զրուցել է նախագծի կրեատիվ պրոդյուսեր, սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանի հետ եւ նոր բացահայտումներ արել: Ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես է անցել նկարահանման վերջին օրը՝ լուսանկարներով:
Դալիթան եւ Վիվյեն Բաստաջյանը
Երեւակայական երաժշտական դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել «Արմենիա Պրեմիում»-ի աշնանային եթերաշրջանում, սակայն ստույգ օրը դեռ որոշված չէ.«Առաջին եթերաշրջանը 12 մաս կունենա: Նկարահանումները մեկ ամսից ավելի են տեւել: Երեխաների հետ աշխատանքն ու առհասարակ, հումորային նախագծի նկարահանումն ինքնին արդեն հետաքրքիր ընթացք է ունենում, աչքի ընկնում զավեշտալի դեպքերով, որոնք ամեն օր ու ամեն պահ էին: Եթե հավաքենք այդ պահերը, երեւի մի եթերաշրջան եւս կարող ենք անել»,-նշել է Ջեյմս Նազարյանը:
Բացի Ջեյմսից, նախագծի սցենարիստներն են Խորեն Թեւանյանը, Երվանդ Ասլանյանը, Գուրգեն Մնացականյանը: Գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գրիգոր Վահրամյանը, երաժշտական պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, գործադիր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Մհերյանը, իսկ խորեոգրաֆը Քրիստինա Հովակիմյանն է:
Ջեյմս Նազարյանը
Նկարահանման վերջին օրվա մասին խոսելիս Ջեյմս Նազարյանն ասել է, որ սովորականից տասնապատիկ անգամ գերհագեցած է անցել. «Արդյունքում հարյուրապատիկ ավելի գերհոգնած ենք: Ըստ սցենարի՝ երեխաները մասնակցում են մի երաժշտական փառատոնի, որի եզրափակիչ համերգն էլ տեղի է ունենում եթերաշրջանի վերջին սերիայում: Շատ հագեցած, հետաքրքիր, արդյունավետ, երաժշտական, որակով նկարահանում ենք ունեցել, կարելի է ասել՝ այն չի զիջում որեւէ համերգասրահում կազմակերպվող համերգի: Հուսամ՝ հեռուստադիտողը կգնահատի: Մենք ամեն ինչ արել ենք, ընդհուպ մինչեւ առողջություն ենք ներդրել լավ արդյունք ստանալու համար»:
Մյուզիքլում նկարահանվել են Դալիթան, Մկրտիչ Արզումանյանի եւ Գրիգոր Դանիելյանի որդիները՝ Ալիկն ու Ալբերտոն, Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտը, Մերի Քոչարյանը եւ այլք: Կրեատիվ պրոդյուսերը դժվարացել է նշել, թե երեխաներից ով էր ամենից հումորովն ու ակտիվը.«Չեմ ցանկանա առանձնացնել որեւէ մեկին: Այնքան մանրակրկիտ ենք ընտրել դերակատարներին, որ առանց հումորի երեխա չենք ունեցել: Այնպիսի ներդաշնակություն ենք ստեղծել, որ բոլորն իրար փոխլրացրել են թե երաժշտական առումով, եւ թե դերասանական խաղով ու հումորով»:
Լուսինե Արշակյանը եւ Տիգրան Գյուլումյանը
Նշենք նաեւ, որ հայտնի դերասաններից նախագծում ներգրավված են Լուսինե Արշակյանը, Տիգրան Գյուլումյանը, Վիվյեն Բաստաջյանը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ նախագծի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: