×


Ինչ է կատարվում «Աիդա»-ի հայկական ետնաբեմում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմին «Աիդա» օպերան է, իսկ BRAVO.am-ը ետնաբեմից հետեւել է 5 տարի առաջ բեմադրված եւ առ այսօր ներկայացվող օպերայի կուլիսային անցուդարձին։

Օպերային թատրոնի բեմին «Աիդա» օպերան է


Փաստեր  «Աիդա» օպերայի մասին

Իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝  եգիպտական կառավարության պատվերով։ Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության օրոք։ Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի եւ ստրկուհի Աիդայի սիրո մասին է։

«Աիդա» օպերայի երեւանյան պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման մեջ զբաղված է ավելի քան 250 դերակատար։

Բեմադրող-նկարիչ Ավետիս Բերբերյանի էսքիզներով պատրաստվել են փարավոնների ժամանակաշրջանին բնորոշ դեկորացիաներ եւ շուրջ 350 կոստյում։

Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա»-ն առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին՝ Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին։

«Աիդա» օպերայի նախապատրաստական աշխատանքները


«Աիդա»-ի նախապատրաստությունը

Մինչ հանդիսատեսն ընդմիջումներին դահլիճում սպասում էր վարագույրների բացվելուն, մենք հետեւում էինք, թե ինչպես են աշխատակիցները տեղափոխում ու տեղադրում մեծածավալ դեկորները։ Դերակատարներն իրենց հագուկապի վերջին շտկումներն էին անում, հանդերձասենյակներում անհանգիստ շրջում էին, իսկ միջանցքներում իրենց բեմելին էին պատրաստվում պարողները։ Ընդմիջումների ընթացքում զրուցել ենք նաեւ դերակատարների հետ։

Մագդա Մկրտչյանը


ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյան - Աիդա

Բեմ բարձրանալուց առաջ աղոթում եմ, որ Աստված ինձ հետ լինի, ամեն ինչ բարեհաջող անցնի։ Հանդերձասենյակում ունեմ Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերը, հավատով բեմ եմ բարձրանում։ Ձայնավարժություններս միշտ սկսում եմ Նարեկացիով, քանի որ փափուկ ու ճիշտ ընթացք է ձայնին տալիս։ Օպերա երգելը շատ բարդ է, այնքան եմ կլանվում դերերգով, որ այլ գործ չեմ կարողանում անել։ Ամեն կերպ հեռու ենք մնում վարակիչ հիվանդություններից, որ ձայնալարերի վրա չազդեն։ Աստված հեռու պահի հիվանդություններից, սակայն երբեմն միմյանց փոխարինում ենք։ Այստեղ յուրաքանչյուրն իր անելիքը գիտի, բայց ռեժիսորն ու օգնականները բոլորին համախմբում են։ Երբ վարագույրները փակվում են, ցնծություն եւ ուրախություն է, կարծես սթրեսից դուրս ենք գալիս։ Աիդայի դերակատարները չորսն են՝ Մարինե Դեինյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը եւ ես։

Օպերային թատրոնի բեմին «Աիդա» օպերան է


Գեորգի Առաքելով – Ամոնասրո (Աիդայի հայրը)

Օպերայում գլխավորը գեղեցիկ ձայնն ու ճիշտ երգեցողությունն է։ Դիրիժորի հետ քննարկում ենք՝ ով ինչպես կատարեց իր դերերգը եւ որ հատվածում թերացավ։ Միմյանց վաղուց ենք ճանաչում, քննարկումն ավելի անմիջական մթնոլորտում է անցնում, հազվադեպ նաեւ նկատողություններ ենք ստանում։ Երբ ներկայացումը լավ է անցնում, իմ ինքնազգացողությունն էլ դրական է լինում, կախված է նաեւ հանդիսատեսից։ Անկախ ներկաների քանակից, մեր աշխատանքն ենք կատարում, բայց, իհարկե, մեզ համար հաճելի ու ցանկալի է դահլիճը տեսնել լեփ-լեցուն։ Համացանցի շնորհիվ դիտել եմ այլ երկրների բեմադրությունները, «Լա Սկալա»-ի, «Գրանդ օպերա»-ի ներկայացրած «Աիդա»-ն ուղղակի հիանալի է։ Երբ համեմատում եմ, մերն էլ բավական լավ բեմադրություն է, մենք էլ աշխատում ենք, որ շատ ավելի լավը լինի:

Պողոս Բեազբեկյան- քրմապետ Ռամֆիս


«Աիդա»-ն իր մասշտաբներով լուրջ ներկայացում է։ Անընդհատ փորձերի մեջ ենք, սկզբում սենյակային պայմաններում դաշնամուրի մոտ դիրիժորի հետ պարապում ենք, այնուհետեւ նվագախմբի հետ բեմում ենք փորձեր անում։ Բոլոր կերպարներն ունեն մի քանի դերակատար։ Իմ դերերգը մեծածավալ չէ, սակայն ողջ ընթացքում փոքր հատվածներով ներկայանում եմ։ Ամեն ավարտից հետո ուրախության ճիչեր են. եթե հաջող է անցնում, բոլորս իրար շնորհավորում ենք։ Հանդիսատեսից լավ խոսքեր ենք լսում, որպես հիշատակ միասին լուսանկարվում ենք։

Պարուհի Քրիստինե Սարգսյանը

 
Քրիստինե Սարգսյան - պարուհի

Թագավորական պալատի պարուհիներից մեկն եմ: Պարում ենք՝ գոհացնելու թագավորին եւ թագուհուն։ Ներկայացնում ենք ժամանակակից մոտիվներով դասական պար։ Ես չորրորդ անգամ եմ պարում, ընդամենը երկու տարի առաջ եմ ընդունվել թատրոն։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզվում եմ, ամեն ներկայացումից առաջ գալիս ենք ու կրկին փորձում այն հատվածները, որոնցում զբաղված է պարի խումբը։ Պարուհիները շատ են, երբ նոր էի ընդունվել, սպասում էի իմ հերթին, միանգամից չես կարող գալ ու ինչ-որ մեկի տեղը կանգնել։ Ժամանակ է հարկավոր ողջ ռեպերտուարը սովորելու, ներքին խոհանոցին ծանոթանալու եւ ընտելանալու համար։ Ինչպես բոլոր բնագավառներում, մեզ մոտ էլ կա մրցակցություն, իսկ առողջ մրցակցությունն արդեն լավ է։

Հավելենք, որ բեմադրող ռեժիսորը իտալացի Մարիո Կորադին է, բալետմայստերը՝ Վիլեն Գալստյանը, իսկ դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport