×


«Արարատ-73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն էկրաններ կբարձրանա հունվարի 29-ից

Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատ-73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 29-ին: Այդ մասին հայտնել է գլխավոր պրոդյուսեր ու սցենարի համահեղինակ Վալերի Սահարյանը:

«Երկար ճանապարհից, նկարահանումներից, անհանգստություններից ու սպասումներից հետո «Ոսկե դուբլ»-ը վերջապես մեծ էկրաններ կբարձրանա: Հունվարի 29-ին այն կլինի երկրի բոլոր կինոթատրոններում: Այս նախագիծն ավելին է, քան պարզապես ֆիլմ։ Այն «Արարատ-73»-ի ու այն մարդկանց պատմությունն է, ովքեր հավատացին, պայքարեցին եւ հաղթեցին։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես մեծ սպորտը տաք, ազնիվ ու իսկապես մարդկային սիրտ ունի։ Պատմություն է այն երկրի մասին, որտեղ ապրել ենք մենք, մեր ծնողներն ու մեր չեմպիոնները: Անկեղծորեն հավատում եմ, որ կզգաք այն ամենը, ինչ դրել ենք այս աշխատանքի մեջ՝ զգացմունքներ, հիշողություն, սեր եւ հարգանք անցյալի նկատմամբ»,- սոցկայքերում գրել է նա։


1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի նկատմամբ ԽՍՀՄ-ի բասկետբոլի հավաքականի անհավանական հաղթանակի մասին պատմող «Դեպի վերեւ»-ը դիտելուց հետո է Վալերի Սահարյանը մտահղացել ֆիլմ նկարահանել «Արարատ-73»-ի մասին՝ անդրադառնալով Նիկիտա Սիմոնյանի ու իր տղաների կերտած փառահեղ նվաճմանը: Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է:

Նախորդ տարի Երեւանում ընթացող նկարահանումների ընթացքում Սահարյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմել է, որ օգտվել են արխիվային նյութերից ու սիրողական տեսագրություններից, որոնք ստադիոնում շատ են արվել։ Մանրակրկիտ ուսումնասիրել են խաղային կարեւոր դրվագներն ու 3D մոդելավորմամբ դրանք ճշգրտությամբ վերականգնել։ 

Այդ ամենը վերհիշելու ու վերականգնելու հարցում շատ են օգնել «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, որոնց հետ 2019 թվականից երեք տարի շարունակ զրուցել են եւ 180 ժամ ձայնագրություններ արել։ 

Լուսանկարները՝ «Ոսկե դուբլ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW