Հաղորդավար Սուրեն Փահլեւանյանն օգոստոսի 23-ին դարձել է 27 տարեկան: Նա իր տարեդարձը նշել է տանը` հարազատների հետ միասին: Հաղորդավարի կինը` Յանա Դանիելյանը, իմանալով, որ ամուսինն ավտոմեքենաների հանդեպ մեծ սեր ունի, Սուրենին նվիրել է ավտոմեքենայի նոր համարանիշ. “Իմ սիրած թվերով համար է. լավ համարների նկատմամբ թուլություն ունեմ”:
Յանայի նվերը Սուրենի ծննդյան կապակցությամբ
Զույգի առաջնեկի` Ադելի առաջին տարեդարձն էլ նշել են օգոստոսի 10-ին` մանկական սրճարանում. “Հատուկ նրա համար տոն էինք կազմակերպել, մեծերով ու փոքրերով հավաքվել էինք: Հետաքրքիր ու լավ օր էինք կազմակերպել մեր աղջկա համար:)”,- պատմել է Սուրենը, որն այդ օրը “I love Adel” գրությամբ շապիկ է կրել:
Յանան ու Սուրենն իրենց աղջկա ծննդյան օրը
Ծննդյան երեկույթներից ու աշխատանքից զատ, Սուրենն ու Յանան ամռան ընթացքում հասցրել են հանգստանալ. օրեր առաջ նրանք առաջին անգամ միասին եղել են Արցախում. “Կարճ ժամանակի ու անձրեւոտ եղանակի պատճառով շատ տեղեր չենք հասցրել գնալ: Գանձասարը մի այլ կարգի տպավորություն է թողել մեզ վրա, եղել ենք նաեւ Գորիսում”,- ասել է Յանան, իսկ Սուրենը հավելել, որ Ադելն իրենց հետ չի եղել. “Մեզ հետ էր նաեւ մեր շունը` Չիկան, իսկ Ադելը դեռ փոքրիկ է, քաղաքից դուրս չենք տանում”:
Յանան եւ Սուրենը` Արցախում
Յանա Դանիելյանը Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակում է վարել “Առավոտ լուսո” ծրագիրը եւ նկարահանվում է “Գեներալի աղջիկը” սերիալում. “Նորից նկարվում եմ սերիալում, շարունակելու եմ նաեւ հաղորդավարի աշխատանքը: Փորձում եմ համատեղել, օգնողներ ունեմ եւ Ադելին միայնակ չեմ խնամում: Մեզ շատ են օգնում մայրս ու սկեսուրս”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Յանայի եւ Սուրենի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: