«Ինչո՞ւ է պարտադիր ամուսնանալը։ Կարելի է շատ ավելի երջանիկ լինել՝ կայուն հարաբերություններ ունենալով եւ միասին կենցաղ չմտնելով»,- Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր եւ նախկին կնոջ՝ դերասանուհի Օլյա Հակոբյանի ամուսնալուծության, ներկայիս շփման եւ երեխաների դաստիարակության մասին՝ պատմել է դերասան, ռեժիսոր Աբել Աբելյանը։
«Կդժվարանամ ասել՝ լավ ամուսին էի, թե ոչ»
Ես միանշանակ լավ հայր եմ եղել, կամ ու հաստատ կլինեմ։ Ես նաեւ եղել եմ շատ լավ զավակ իմ ծնողի համար։ Կարծում եմ՝ եթե մարդը լավ զավակ է ու լավ ծնող, կարեւոր չէ՝ նա ինչպիսի ամուսին է եղել։ Ամուսիններն իրար օտար մարդիկ են՝ օտար նիստուկացով, օտար գենետիկայով, տարբեր դաստիարակությամբ, եւ այդ մարդիկ մի օր հանդիպում են իրար, սիրահարվում, որոշում են ամուսնանալ։ Հետո այդ հույզերը քիչ-քիչ սկսում են նվազել, ինչը տրամաբանական է։ Պարտադիր չէ, որ նրանք ամեն կերպ համընկնեն։ Մի խոսքով՝ լավ կին կամ լավ ամուսին լինելը հայելային է․ եթե ամուսինը վատն է, ուրեմն՝ կինն էլ է այդտեղ մեղավոր, եթե կինը վատն է, ուրեմն ամուսինն էլ է մեղավոր։ Ուզում եմ ասել՝ ես կդժվարանամ ասել՝ լավ ամուսին էի, թե ոչ, դա կարող եք Օլյային հարցնել (ժպտում է,- հեղ․)։
«Տեղի ունեցածը գրում էի ու հետո դարձնում ներկայացում»
Մեր ընտանիքում երբեւիցե բռնություն չի եղել, որովհետեւ ես լուծումը գտել էի։ Երբ մենք վիճում էինք, ես գնում էի իմ աշխատասենյակ եւ սկսում էի գրել այն, ինչ տեղի էր ունեցել։ Հասկանում էի՝ կռվողի համար դա դժոխք է, բայց կողքից որ նայում ես, շատ զավեշտալի պատմություն է։ Երբ գրում էի, թեթեւանում էի, համ էլ հետո եկավ ժամանակ, երբ մտքերս դարձան ներկայացում. իմ գրածների մեծ մասն օգտագործեցի սցենարներում։ Կամ էլ ուղղակի տնից դուրս էի գալիս, մինչեւ հույզերս սառեին։
Ամուսնալուծվելու որոշումը
Բաժանման որոշումը միշտ լինում է էմոցիոնալ, այսինքն՝ այդ պահին լինում է սխալ։ Շատ ժամանակ հետո միայն կարող ես ադեկվատ նայել ու հասկանալ՝ ճիշտ արեցիր, թե չէ։ Տարիներ անց ես հասկացա, որ Օլյան ինձ համար որպես ընկեր ավելի լավ է, ես էլ՝ իր համար, վստահ եմ։ Մենք լավ ընկերներ ենք, եւ դա շատ ավելի առաջ է տանում մեր երեխաներին: Առողջ «մրցակցություն» կա՝ ավելի լավ ծնող լինելու։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


×
154







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: