«Նոր ալիք 2017»-ում Սյուզաննա Մելքոնյանը 2-րդ հորիզոնականը գրավելուց հետո արտերկրում ծրագրեր ունի։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ին այս անգամ չի մասնակցի, քանի որ Ամանորից հետո մեկնելու է Հայաստանից.«Մասնագիտական նոր պլաններ ունեմ, որոնք հիմա չեմ կարող բարձրաձայնել։ «Դեպի Եվրատեսիլը» պլաններիս մեջ չի մտնում, ցավում եմ, որ չեմ կարողանալու մասնակցել, բայց այդպես է ստացվել։ Կարծում եմ՝ որպես երգչուհի նորություններս արդարացված կլինեն»։
24-ամյա երգչուհին հավաստիացնում է, որ «Նոր ալիք» միջազգային մրցույթից իր ակնկալիքներն արդարացվել են.«Երկար սպասել էի, որ այդ բեմին հասնեմ, մրցութային թոհուբոհի ժամանակ էլ ունեի խնդիրներ, սակայն եզրափակչում հասկացա, որ ունեմ լսարան, միայն այդ փաստի համար արժեր գնալ ու դա տեսնել։ Մրցույթի շնորհիվ ձեռք բերեցի նոր ծանոթություններ, երկու շաբաթից ավելի հնարավորություն ունեցա ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինի վարպետության դասերին ներկա լինել։ Հիմա երգեցողությունս փոխվել է, սովորածս ներդնում եմ իմ ելույթների մեջ, այս ամենի համար արժեր Սոչի հասնել։ Փուլ առ փուլ առաջ եմ շարժվում»։
Սյուզաննա Մելքոնյանը
«Նոր ալիք 2017»-ում պարգեւ ստացած գումարի մի մասով նա ավտոմեքենա է գնել, որն իր առաջին մեծ գնումն է.«Վաղուց եմ սովորել վարել, մեր ընտանիքի ընդհանուր մեքենան էի վարում, իմ անձնականը չունեի։ «Նոր ալիք»-ից հետո ավտոմեքենան իմ ձեռքբերումներից մեկն է։ Իսկ թե գումարի մյուս մասն ինչպես եմ օգտագործել, իմ հետագա աշխատանքային քայլերից պարզ կդառնա»։
Սյուզաննան մրցույթից առաջ երաժիշտների նվագակցությամբ հաճախ էր ելույթ ունենում Երեւանի երաժշտական ակումբներում, սակայն այժմ դադար է վերցրել. «Մի շրջան ինձ համար ամենօրյա աշխատանք էր դարձել։ Կոպիտ է հնչում, բայց ակումբային աշխատանքը մի փուլ ունի, երբ հասկանում ես, որ կենտրոնացել ես միայն գումար աշխատելու վրա։ Ամեն օր համերգ ունենալով՝ լճանում ես քառակուսի պատերի ներսում, եւ որպեսզի չլճանայի, դադար տվեցի։ Հետագայում ակումբային մենահամերգներ կունենամ, բայց այլ ձեւաչափով»։
BRAVO.am
Լուսանկարները` Սյուզաննա Մելքոնյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: