×


Իվետա Մուկուչյան. “Երբ սիրելիից չես ստանում արժանի վերաբերմունք, հարկավոր է հեռանալ”

Իվետա Մուկուչյանն այսօր ներկայացրել է իր “Running Away” էլեկտրոփոփ երգը հետեւյալ գրությամբ. “Երբեմն չես զգում ընտրյալիդ կողմից ճիշտ վերաբեմունք, բայց իրեն ուղղակի թողնելն ու փախչելը թվում է շատ դժվար…”:

Իվետա Մուկուչյանը


Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ երգը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ, բայց առաջին անգամ է այն ներկայացնում համացանցում.“Այն գրել եմ Քուինսի Ջեֆերսոնի հետ համատեղ: Այս տղան նաեւ իմ “Target” երգի հեղինակն է: Միքսինգն արվել է “V Studio” միջազգային ընկերությունում, իսկ գործիքավորումը Lazzaro-ինն է. հայ-գերմանական արտադրանք է”:

Իվետա Մուկուչյանը


Խոսելով երգի մասին` Իվետան հետեւյալն է նշել. “Երբ աղջիկը զգում է, որ տղան իրեն խաբում է, լուրջ չի վերաբերվում հարաբերություններին, նա հույս է ունենում, որ սիրելի մարդը դեպի լավը կփոխվի. նրանից հեռանալը շատ դժվար քայլ է: Իմ կյանքում այսպիսի բան զգացել եմ, բայց մարդ պետք է այնքան ուժեղ լինի, որ գիտակցի` եթե մարդուց չես ստանում արժանի վերաբերմունք, հարկավոր է հեռանալ: Պետք է արժեքդ իմանաս ու քեզ ավելի համապատասխան մարդու կողքին լինես”:

Իվետա Մուկուչյանը


 Վաղուց գրած երգի տեքստը, ինչպես երգչուհին է նշել, կապ չունի իր այժմյան հոգեվիճակի ու անձնական կյանքի հետ.“Երգի թեման ակտուալ է, որովհետեւ իմ շրջապատում կան շատ մարդիկ, որ չեն կարողանում հեռանալ ցավ պատճառող կողակիցներից, հույս ունեմ` այս երգն ու իմ ասելիքը նրանց կօգնի”:

Իվետա Մուկուչյանի փոխանցմամբ` մարդկանցից հեռու փախչելու ցանկություն է ունենում, երբ սպառված է լինում. “Ինչքան մարդիկ ինձ լավ վերաբերմունք են ցույց տալիս, ուզում եմ նույնը վերադարձնել: Վերջերս իմ հանդեպ այնքան շատ էր մարդկանց ուշադրությունը, այնքան էներգիա ու դրական լիցքեր ստացա, փոխադարձ տվեցի այդ սերն ու մի պահ զգացի, որ սպառվել եմ: Պետք է լիցքավորվեմ, որ նորից կարողանամ դրական էներգիաս փոխանցել”:

Իվետա Մուկուչյանը


Նա իր էներգիան կփոխանցի փետրվարի 21-ին ու 22-ին, քանի որ ակումբային առաջին մենահամերգից հետո կրկին երգելու առաջարկ է ստացել. “Առաջին համերգիցս հետո բացի լավ արձագանքներից, հրավեր ստացա երգելու “Mezzo” ակումբում: Դրանից հետո մի քանի երգի ձայնագրություն էլ պետք է անեմ ու մեկնեմ Պրահա, իսկ մարտ ամսին համերգների եմ մասնակցելու Բեռլինում ”:

Առաջիկա անելիքների մեջ Իվետան առանձնացնում է նաեւ առաջին ձայնասկավառակի թողարկումը, բայց հստակ չգիտի` երբ այն պատրաստ կլինի.“Հիմա մի փոքր դժվար է Հայաստան-Գերմանիա “կամուրջը” պահելը, այնտեղ “The Voice of Germany” նախագծի իմ մարզչի հետ որոշ ծրագրեր ունեմ: Եթե հասցնեմ, շատ կցանկանամ իմ երազանքներից մեկն իրականացնել եւ  ձայնասկավառակ թողարկել, բայց այս պահին ավելի կարեւոր է Գերմանիայի համերգային ծրագրերին մասնակցելը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արմեն Աղայանի, Արթուր Հովակիմյանի եւ Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից
Թոփ լուսանկարը` “ԷԼ Style” ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW