Իվետա Մուկուչյանը մեկ ամսից ավելի ելույթ էր ունենում Իտալիայում: Երգչուհին արդեն վերադարձել է Գերմանիա, իսկ առաջիկայում պատրաստվում է այցելել Երեւան: Նա BRAVO.am-ին պատմել է ճամփորդության, գործընկերների մասին եւ ոչ միայն:
Իվետա Մուկուչյանն` Իտալիայում
- 6 շաբաթում 33 ելույթ. ինչպե՞ս անցավ շրջագայությունը: Ովքե՞ր էին գալիս ձեզ ունկնդրելու:
-Համագործակցում եմ ավտոմեքենաների հանրահայտ ընկերություների հետ որպես համերգների հատուկ հյուր: Նոր ավտոարտադրանքները ներկայացնում ենք շոուով, ինչը մեծ պատասխանատվություն, պրոֆեսիոնալ մոտեցում եւ վստահություն է պահանջում: 33 համերգին ներկա է եղել մոտ 20.000 հանդիսատես հետեւյալ երկրներից՝ Ռուսաստան, Շվեյցարիա, Ավստրիա, Գերմանիա, Պորտուգալիա, Անգլիա, Իսպանիա, Թուրքիա, Լեհաստան, Իսրայել, Իտալիա, Չեխիա եւ այլն:
-Իտալիայի ո՞ր քաղաքներում ես եղել, ի՞նչն ես ամենից շատ հավանել:
- Վերոնա, Վենեցիա, Սարդինիա, Թուրին, Պալերմո եւ այլ վայրերում: Փոքր փողոցները եւ պարաններից կախված գունավոր լվացքը, կարծում եմ, այն պատկերն է, որ բոլորին հիշեցնում է Իտալիան, եւ, բնականաբար, պաստան:
Իվետա Մուկուչյանն` Իտալիայում
- Ի՞նչ երաժիշտերի հետ ես աշխատում եւ ի՞նչ երգեր ես կատարում համերգներին:
- Իմ բենդի՝ “JCB Berlin”-ի հետ եմ աշխատում: Հնչեցնում ենք հայտնի հիթեր եւ իմ երգացանկից մի քանի երգ: Նոր երգեր են ծնվում ջեմ-սեշնների ժամանակ, եւ եթե շատ ենք ոգեւորվում, դրանք փորձարկում ենք համերգներին:
- Կարողացա՞ր համատեղել աշխատանքն ու ծովափնյա հանգիստը:
- Այո, դա պարտադիր է, քանի որ համերգները շատ էներգիա են խլում ինձնից. կրկին 6 կգ նիհարել եմ: Պետք է շատ քնել, քիչ խոսել, հանգիստ լինել օրվա ընթացքում, շատ ուտել` օրական 3-4 անգամ, ֆիզիկական մարզումներ անել, անհրաժեշտ են նաեւ մերսումներ ու վոկալի պարապմունքներ… Օրվա ընթացքում փորձում եմ այս ամենն ապահովել, որ ձայնս այդքան համերգներից հետո չտուժի:
Իվետա Մուկուչյանը` մայրիկի հետ
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ քեզ միացավ նաեւ մայրիկդ:
- Շրջագայությանս վերջին շաբաթվա ընթացքում նա եկավ Սարդինիա, ինչը հաճելի էր, որովհետեւ ապահովեցի նրա լիարժեք հանգիստը լավագույն լողափում:
- Որո՞նք են ամենակարեւոր 3 իրերը, որ անպայման վերցնում ես ճամփորդելիս:
- Իմ անձնական բարձրախոսն իր տեխնիկայի հետ, որ նոր երգերիս գաղափարները կարողանամ ձայնագրել, հատուկ թեյ եւ խունկ: Սովորաբար, հյուրանոցի սենյակում խունկ եմ վառում, որ այն մաքրվի բացասական էներգիայից, չէ՞ որ չգիտեմ՝ ով է բնակվել ինձնից առաջ:):
Իվետա Մուկուչյանը
- Ե՞րբ ես կրկին գալու Երեւան եւ ի՞նչ նորություններ ունես հայ լսարանի համար:
-Մոտ մեկ ամսից կվերադառնամ, բայց դեռ չեմ կարող խոսել այդ մասին. շուտով կիմանաք:
- Այս տարվա “եվրատեսիլյան” թոհուբոհն ավարտվեց, հավանական թեկնածուների շարքում հաճախ նաեւ քո անունն էր շոշափվում: Հաջորդ տարի Հայաստանը ներկայացնելու նպատակ ունե՞ս:
- Այո, զգում եմ, որ պահը հասունացել է. եվրոպական հզոր թիմ է կանգնած իմ կողքին: Նրանց համար ես գերմանահայ եմ, ով կներկայացնի իր հայրենիքը, իսկ հայերի համար` իրենց հայուհին, ով կներկայացնի մեր երկիրն արտերկրում: Այժմ այնքան ուժեղ եմ, որ պատրաստ եմ կրել կրկնակի պատասխանատվությունը: Կյանքում դռներ են բացվում, եւ պետք է ճիշտ ժամանակին դրանց ուշադիր հետեւել: Հուսով եմ՝ հայ ժողովուրդը համակարծիք է եւ իմ կողքին կլինի:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Իվետա Մուկուչյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: