×


Իրինա Ալեգրովայի համերգի վերջնական ամսաթիվն ու կազմակերպիչների բացատրությունը

Իրինա Ալեգրովայի` մարտի 6-ին Երեւանում նախատեսված համերգի հետաձգման կապակցությամբ այսօր “Forpostart Production” ընկերության ներկայացուցիչները հանդես են եկել պարզաբանմամբ եւ տեղեկացրել, որ երգչուհին Մարզահամերգային համալիրում ելույթ կունենա մայիսի 23-ին:

Իրինա Ալեգրովան


“Ֆորպոստարտ” ընկերության Մոսկվայի գրասենյակի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տոլստելեւը հայտնել է, որ համերգի չկայացման պատճառով շրջանառվել են տարբեր ասեկոսեներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում.“Շոու-բիզնեսում այնպիսի մեխանիզմ է գործում, որ ամիսներ առաջ են որոշվում շրջագայության ամսաթվերը եւ հոնորարի մի մասը նախապես է վճարվում: Պարզապես երգչուհու առողջության վատթարացման պատճառով հնարավոր չեղավ այդ օրը իրականացնել սպասված մենահամերգը”:

Համերգի տոմսերի վերադարձի հետ կապված ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանը նշել է, որ տոմսարկղերն իրավասու չեն վերադարձնել գումարները, տոմս գնած մարդիկ կարող են նամակ գրել Ticketforpostart@mail.ru էլեկտրոնային հասցեին.“Մենք կստուգենք` արդյոք դրանք գնված տոմսեր են, թե հրավիրատոմսեր, ըստ այդմ` հետ կտանք գումարը: Մեր համերգների գումարները տոմսարղկերում չեն, տոմսավաճառներին պետք չէ ահաբեկել, մենք դեմ չենք վերադարձնել, եթե նամակ գրեն, ստորագրությամբ կընդունեք տոմսերը, հետո կվերավաճառենք”:

Նա նաեւ ասել է.“Այդ օրը խառնաշփոթ առաջացնելու փոխարեն, մարդիկ ուղղակի պետք է հարգեին արտիստին, որը մինչեւ վերջին րոպեն ցանկանում էր բեմ բարձրանալ: Իրինա Ալեքսանդրովնան այնպիսի արտիստ է, որ երեւի պատկերացնում եք` ինչ ծախսեր ենք կատարել: Նրա համերգը պետք է անպայման կայանա, թեեւ մենք վնասներ ենք կրել, բայց մեր անունը պահելու համար ամեն ինչ կանենք”:

“Իմպերիալ պալաս” հյուրանոցի գլխավոր տնօրեն Տիգրան Սանասարյանը հավաստիացրել է, որ երգչուհին օթեւանել է հյուրանոցում, նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցույց է տվել, թե երբ է մուտք գործել հյուրանոց եւ երբ հեռացել այնտեղից: Իսկ այն հարցին, թե ինչու չեն հրապարակվել լուսանկարներ Երեւանից, Զառա Մխեյանը շեշտել է, որ երգչուհին արգելում է իրեն դիմավորելիս նկարահանել:

Ասուլիսի ընթացքում ցուցադրվել է Ալեգրովայի տեսաուղերձը, որում նա իր հանդիսատեսից ներողություն է խնդրում չկայացած համերգի համար.“Ես դեռ Հայաստան գալուց առաջ վարակվել էի, չկարողացա այդ օրը ելույթ ունենալ, բայց այստեղ շատ պրոֆեսիոնալ բժիշկներ ինձ բուժեցին ու ոտքի կանգնեցրին: Շտապել էի որպես համերգի օր նշելով ապրիլի 6-ը, բայց դահլիճում այդ ժամանակ հնարավոր չէ համերգ ունենալ: Հիմա վերջնականապես հայտարարում եմ, որ մեր հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին: Հուսով եմ` մենք սիրում ու վստահում ենք միմյանց, պարզապես կան իրադրություններ, որ մեզնից ուժեղ են, բոլորս էլ մարդ ենք: Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը, շնորհակալություն ուշադրության համար”:

Զառա Մխեյանի խոսքով՝ տոմս գնած որոշ մարդիկ ցանկանում են այս համերգի տոմսերը փոխանակել այլ տոմսերով, սակայն դա հնարավոր չէ.“Ապրիլին ու մայիսին կայանալիք մյուս համերգները, բացի Սոսո Պավլիաշվիլիի համերգից, մենք չենք կազմակերպում, իսկ տոմսավաճառն իրավունք չունի տոմսերը փոխել: Ուզում եմ շեշտել, որ նման արտիստների մենեջմենթը շատ հետեւողական ու հզոր է, եւ եթե որպես կազմակերպիչ բացթողումներ ունենայինք եւ սխալ քայլեր թույլ տայինք, հիմա դատական ընթացքի մեջ կլինեինք երգչուհու հետ: Մենք չէինք կարող գովազդել ու տոմսեր վաճառել, եթե Իրինա Ալեքսանդրովնան որոշում կայացներ, որ չի գալու”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW