×


Իրինա Դանիելյանն` իր եւ Հրանտ Թոխատյանի հարաբերությունների, սիրելի աշխատանքի եւ ապագա հարսի մասին

Դերասանուհի Իրինա Դանիելյանն այս շրջանում թատրոնի բեմը փոխարինել է հեռուստատեսության տաղավարով եւ աշխատանքային յուրաքանչյուր օր որպես հաղորդավարուհի ներկայանում է Առաջին ալիքի “Մեր մեջ ասած” ծրագրի շրջանակում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ջանք չի խնայում հեռուստադիտողին հաճելի պահեր պարգեւելու համար.“Չգիտեմ` ինչքանով է լավ ստացվում, բայց աշխատում եմ մեծ սիրով”:

Իրինա Դանիելյանը


Իրինայի խոսքով` նոր ներկայացումներում եւ ֆիլմերում չխաղալու պատճառը նախընտրելի առաջարկների պակասն է, իսկ ինչ վերաբերում է երգարվեստին, իրեն պրոֆեսիոնալ երգչուհի երբեք չի համարել.“Երգելով գումար չեմ վաստակում, հետեւաբար, ներդրումներ անելու իմաստ չեմ տեսնում: Ինչքան էլ սիրում եմ երգը, բայց այլեւս չեմ թաթախվի այդ ամենի մեջ, թեպետ... լավ առաջարկներից էլ չեմ հրաժարվի”:

Անսպասելի առաջարկ Խորեն Աբրահամյանից

Դերասանուհին, որը հանրությանը հայտնի է իր մարմնավորած կատակերգական կերպարներով, պատմել է, որ տարիներ առաջ միայն Խորեն Աբրահամյանն է իրեն տեսել դրամատիկական կերպարում.“Մի օր Խորեն Բաբկենիչն ինձ կանչեց իր մոտ եւ առաջարկեց մարմնավորել շատ հուզիչ ու լուրջ դեր: Սկզբում զարմացա, բայց նրան չվստահել չկարողացա: Անմիջապես հավաքվեց դերասանական կազմը, մի քանի անգամ կարդացինք պիեսը, բայց դրանից մոտ մեկ ամիս անց Խորեն Բաբկենիչը, ցավոք, մահացավ, ինչից հետո մեզ այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել այդ ներկայացումը”: Թեեւ նա ցավով է հիշում այս դեպքը, խոստովանել է, որ երբեք չի երազել լուրջ դերերի մասին եւ իրեն շատ ավելի ուժեղ է զգում հումորային կերպարներում:

Իրինա Դանիելյանը


“Ինձ միայնակ չեմ համարում, բայց…”

Շրջապատում Իրինա Դանիելյանին ուժեղ կին են համարում, ինչը նա մեկնաբանում է հետեւյալ կերպ.“Նման կարծիքի առիթն իմ ապրելակերպն է: Ինձ միայնակ չեմ համարում, բայց ապրելով մենակ ու շատ բաներ անելով ինքնուրույն, ուժեղ եմ թվում: Բացի այդ, զգացմունքներս արտահայտելու հարցում բավական զուսպ եմ. երբեք իմ խնդիրները շրջապատիս վրա չեմ բարդում: Գուցե մտերիմներս իմ տեսակը ճանաչելով են ինձ ուժեղ կին համարում, սակայն դա ոչ թե ուժեղություն է, այլ խառնվածք: Իմ տունն իմ ամրոցն է, որտեղ էլ վերականգնում եմ ուժերս”:

Հրանտ Թոխատյանի հետ հարաբերությունների մասին

Խոսելով իր եւ նախկին ամուսնու` Հրանտ Թոխատյանի հարաբերությունների մասին` Իրինան նշել է, որ երբեք չեն ծագել այնպիսի խնդիրներ, որոնք կթշնամացնեին իրենց.“Այն, որ մենք այսօր լավ հարաբերություններ ունենք, առաջին հերթին մեր տեսակի արդյունքն է, իհարկե, նաեւ ժամանակին ունեցած մեծ սիրո եւ միասին ապրած տարիների, որոնք մենք շատ հարգանքով ու սիրով ենք հիշում: Հրանտն ինձ տվել է լավ տարիներ, այդ տարիներից եկած վստահություն եւ ամենակարեւորը` տղայիս: Ես նրան շատ հարցերում եմ շնորհակալ”:

Իրինա Դանիելյանը` որդու հետ


Իր կյանքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունը նա այսպես է մեկնաբանել.“Կարծում եմ` յուրաքանչյուր կնոջ, ինչպես եւ ինձ համար, բաժանությունը ծանր երեւույթ էր: Դրանից հետո իմ կյանքում ինչ-որ բան փոխվեց, գուցե ավելի պնդացա”:

Եթե ժամանակը գա…

Ինչ վերաբերում է կրկին ամուսնանալուն, Իրինան նշել է, որ դեմ չէ, միայն թե իր համար դա պատկերացնելն այնքան էլ հեշտ չէ.“Երբեք չեմ հրաժարվի կյանքս նորից կապել այն մեկի հետ, ով ինձ արժանի կլինի, սակայն խնդիրն այն է, որ բավական կայացած կին եմ եւ այս տարիքում ունեմ որոշակի պահանջներ, որոնք, իմ կարծիքով, կարող է բավարարել միայն հավաքական կերպարը: Այժմ այդ ամուսնությունը չեմ տեսնում, բայց եթե ժամանակը գա, ինչո՞ւ ոչ”:

Ապագա հարսի մասին

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք` Իրինան պատրաստվում է արդյոք սկեսուրի դերին:).“Խիստ հաստատ չեմ լինի, քանի որ ինձ համար գլխավորը որդուս երջանկությունն է, իսկ իմ պարտականությունը դա կրկնապատկելն է: Կցանկանամ, որ ապագա հարսս լինի դաստիարակված, մաքրասեր եւ ամենակարեւորը` ժպտերես”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իրինա Դանիելյանի անձնական արխիվից եւ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին