“Հայ Ֆեստ” միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական եւս մեկ բեմադրություն: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում “Ես եմ ճայը” մոնոներկայացումը բեմադրվել է Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով, գլխավոր դերում խաղում է նրա կինը` նույն թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանը:
Լարիսա Ղեւոնդյանը եւ Արտաշես Շահվերդյանը
1 ժամ տեւողությամբ ներկայացման մեջ բացի գլխավոր դերակատարից իր “լուռ” մասնակցությունն ունի նույն թատրոնի դերասան Արտաշես Շահվերդյանը: Բեմում են հայտնվում ծերացած Արկադինան եւ Տրիգորինը, որն Արկադինային ուղեկցում է հաշմանդամի սայլակով: Բեմում կատարվածն իրական աշխարհի եւ Արկադինայի երեւակայության միաձուլումն է, իսկ դեկորացիաների միջոցով համապատասխան միջավայր է ստեղծել բեմանկարիչ Անտոն Քեշիշյանը:
Հակոբ Ղազանչյանի կինը` դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանը
Ներկայացումը բեմադրվել է Չեխովի “Ճայը” պիեսի հիման վրա, որի պրեմիերան կայացել է 2011-ի հոկտեմբերին` Կորեայում` Սեուլի թատերական արվեստների միջազգային փառատոնի ժամանակ:
“Կորեայում հայերեն լեզվով եմ խաղացել, թարգմանված գրվում էր, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց, ճիշտ պահին հանդիսատեսն արձագանքում էր: Ներկայացումից հետո պետք է քննարկում լիներ, մտածում էի` դահլիճում շատ քիչ մարդ կմնա, բայց բոլորը մնացին եւ պրոֆեսիոնալ հարցեր տվեցին”, - հավաստիացրել է Լարիսա Ղեւոնդյանը:
Շուշաննա Թովմասյանը "Ես եմ ճայը" ներկայացմանը
Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր առաջին մոնոներկայացման դերակատարումը շատ պատասխանատու եւ դժվար քայլ է. “Մոսկովյան փառատոնի համար երեք տարի առաջ Արմեն Ջիգարխանյանի թատրոնից ռուս դերասանուհու հետ ամուսինս բեմադրել էր նույն ներկայացումը, որից հետո նույն դեկորներով, բայց արդեն իմ խաղով որոշեցինք ներկայացնել հայ հանդիսատեսին: Թատրոնում Հակոբն ինձ չի ընկալում որպես ընտանիքի անդամ: Տարիներ առաջ նա մի բան ասաց` “իմացիր, օրենքն առաջին հերթին ինձ ու քեզ համար է”, ես դա մինչ օրս հիշում եմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: