×


Լեոնիդ Ագուտինի երեւանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու մաղթանքը հայ երկրպագուներին

Լեոնիդ Ագուտինը երեկ հայ երաժշտասերների հետ հանդիպեց Մարզահամերգային համալիրում։ Մինչ մեծ դահլիճում հանդիսականները տեղերն էին զբաղեցնում, հետնաբեմում «էսպերանտո» խմբի երաժիշտները պատրաստ սպասում էին իրենց բեմելին.«Բարի երեկո, Երեւան։ Վաղուց այսքան մեծ համերգով այստեղ չէի եղել: Շնորհակալություն, որ ցանկություն ու ժամանակ եք գտել ներկա լինելու համար։ Երջանկություն է, որ վերջապես հասանք ձեզ»։

Լեոնիդ Ագուտինի երեւանյան մենահամերգին


Ռուս երգչի երկրպագուների համար սպասված երեկո էր. Ագուտինը կատարեց իր երգացանկի հայտնի ու սիրված հիթերը։ Ներկաները բուռն էին արձագանքում բոլոր երգերին՝ ձայնակցելով նրան։ Թեեւ համերգի սկզբում երգիչը խեթ հայացքով էր նայում բեմի մոտ կանգնած լուսանկարիչներին՝ ձեռքով հորդորելով չլուսանկարել, բայց մի քանի երգ հետո պաշտոնական մասը կոտրվեց։ Հանդիսականները՝ պատանիներից մինչեւ տարեցներ, հոտնկայս պարում էին, ծափահարում, տեսանկարահանում ու «բրավո» բացականչում։

Լեոնիդ Ագուտինի երեւանյան մենահամերգին


48-ամյա սիրված երգիչ-կոմպոզիտորը շուրջ երկու ժամ տեւողությամբ համերգին երաժիշտների նվագակցությամբ կատարեց ինչպես իր անհատական երգերը, այնպես էլ հայտնի զուգերգերը սոլո տարբերակով՝ «Половина сердца», «Аэропорты», «Не уходи далеко», «Мы теперь солдаты», «Остров», «Летний дождь», «Ай-яй-яй», «Ole, Ole», «Ты вернешься», «Пароход», «Как не думать о тебе» եւ այլն։

Ավելի քան 11 ալբոմ թողարկած արտիստի համար այս տարին հագեցած է համերգային շրջագայություններով։ Օրեր առաջ Ավստրալիայի Մելբուրն եւ Սիդնեյ քաղաքներում տեղի ունեցած ելույթներից հետո Ագուտինն իր խմբի հետ վերադարձել է Մոսկվա, ապա ժամանել Երեւան։ Նրա հետ բեմում էին 13 հոգի՝ բեք-վոկալիստները, սաքսոֆոնահար Կոնստանտին Գորշկովը, տրոմբոնահար Ալեքսանդր Միչուրինը, կիթառահար Ալեքսեյ Բուլգակովը եւ այլք։

Լեոնիդ Ագուտինի երեւանյան մենահամերգին


«Mezzo Production»-ի եւ «Prime Concert»-ի կազմակերպած համերգի ավարտին հանդիսականների բարձր ծափերի ներքո նրանք բիս նվագեցին.«Որքան էլ փորձենք ապրել սովորական մարդկանց նման եւ մեր երջանկությունը կառուցել, մեզ համար ծափահարություններն ու ջերմ գնահատականն ամենակարեւորն են»,-ասաց Ագուտինը՝ իր բարեմաղթանքները հղելով ներկաներին.«Երջանիկ եղեք, միշտ առողջ եղեք։ Մաղթում եմ սեր ու խաղաղություն»։

BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW