×


Լիանա Ոսկերչյանը Լոնդոնում կայանալիք «Միսս աշխարհ 2019»-ում իր մասին գաղտնիք կբացահայտի

«Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանը ճամպրուկային տրամադրություն ունի: Վաղը նա կմեկնի Լոնդոն, որտեղ մի քանի օրից կայանալու է «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթը: 20-ամյա գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչ փուլերով է անցնելու, եւ թե ինչպես է պատրաստվում ներկայացնել Հայաստանը Լոնդոնում:

Մինչեւ դեկտեմբերի 14-ը

Կա նախամրցութային չորս փուլ` տաղանդի, ինտելեկտի, թոփ մոդել եւ սպորտ: Այս փուլերից թեկուզ մեկում հաղթող ճանաչվելու դեպքում ընդգրկվում ես այն 40-ի կազմում, ովքեր էլ կմրցեն դեկտեմբերի 14-ին: Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ դեռ այդ կազմում չի հայտնվել:

Լիանա Ոսկերչյանը


«Կներկայանամ հայկական քանոնով»

Չնայած՝ տիրապետում եմ երաժշտական երեք գործիքի, որոշեցի ներկայանալ հայկական քանոնով: Նվագում եմ նաեւ դաշնամուր, կիթառ եւ սաքսոֆոն: Շուրջ երկու ամսում սովորեցի նվագել եւ կներկայացնեմ Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Այս քայլով ուզում եմ պատճառ հանդիսանալ, որ աշխարհը եւս մեկ անգամ լսի Սայաթ-Նովա եւ հայկական քանոն:

Պարելու հույս

140 երկրի ներկայացուցիչներ բարձրանալու են բեմ իրենց ազգային հագուստներով: Նրանցից միայն 20-ն առաջ կգան ու կներկայացնեն իրենց ազգային պարը: Նրանք կընտրվեն հենց այդ պահին: Ես հատուկ պար եմ պատրաստել, հուսամ՝ կլինեմ այդ երջանիկների մեջ:

Լիանա Ոսկերչյանը


Երկու հոլովակ

Ունենք երկու հոլովակ, որոնցից մեկը «Գեղեցկությունը՝ նպատակով» հոլովակն է, որը շատ է կարեւորվում այս մրցույթում: Խոսելու եմ Հայաստանի մասին: Իմ նպատակն է, որ բոլորն իմանան՝ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք: Ուզում եմ՝ ավելի շատ մարդիկ իմանան մեր երկրի մասին: Այս հոլովակում բարեգործական աշխատանք եմ անում «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հետ: Մյուս հոլովակը պատմում է իմ մասին՝ ով եմ, ինչով եմ զբաղվում: Բացահայտելու եմ գաղտնիք իմ մասին, որի մասին երեք տարի համարձակություն չեմ ունեցել խոսել: Կարծում եմ՝ «Միսս աշխարհը» իմ խնդրի մասին բարձրաձայնելու համար լավագույն հարթակն է: Թող իմ օրինակը շատերին ոգեշնչի: Որոշեցինք, որ կխոսեմ հենց այսքան մեծ լսարանի առջեւ:

Վերջին շտկումները

Դեֆիլեի դասեր ունեցել էինք «Միսս Արմենիա 2019»-ի շրջանակում, բայց այս ընթացքում ես աշխատում եմ ինքնակրթվել թե՛ քայլելու, թե՛ անգլերենի առումով, չնայած՝ մինչ այս էլ տիրապետում էի անգլերենին: Անում ենք բոլոր շտկումները:

Լիանա Ոսկերչյանը


Գոհար Հարությունյանի մասին

Ամենամեծ աջակցությունը ստանում եմ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանից: Նա բազմակի անգամ ճանաչվել է գեղեցկուհի թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմններից դուրս, ուստի ունի մեծ փորձ: Գոհարն ինձ խորհուրդներ է տալիս ու կիսվում է իր փորձով: Ցանկացած հարցում կողքիս է: Շատ շնորհակալ եմ, որ դժվար պահին իմ կողքին է:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Էդգար Մարտիրոսյանի եւ Լիանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport