×


«Նեմրա»-ն կբացի Զեմֆիրայի երեւանյան համերգը՝ 45 րոպեանոց ծրագրով

Զեմֆիրայի՝ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք համերգի հատուկ հյուրը «Նեմրա» ռոք խումբ է: Լուրը հայտնել է խմբի մենակատար Վան Եղիազարյանը: 

«Սիրելիներ, ֆանտաստիկ նորություն ունենք: Շաբաթներ առաջ ստացանք այս առաջարկը, ու չէի համբերում՝ երբ ենք ձեզ հետ կիսվելու: 45 րոպե տեւողությամբ ծրագրով ելույթ կունենանք Զեմֆիրայի համերգից առաջ: Կտեսնվենք այնտեղ»,- ֆեյսբուքում գրել է երգիչը:

Վանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ Զեմֆիրայի համերգների պրոդյուսերն է առաջարկել բեմ բարձրանալ երգչուհու երեւանյան համերգից առաջ:

«Ասաց, որ բազմիցս լսել է մեր խմբի մասին, եւ ուրախ կլինեն, եթե համաձայնենք հատուկ հյուր լինել: Պատասխանեցի, որ ավելի քան համաձայն ենք: Մեզ համար մեծ պատիվ կլինի, քանի որ շատ ենք սիրում ու գնահատում Զեմֆիրայի արվեստը: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ առաջարկը «տաքացնող» կամ «բացող» խմբի ձեւաչափով չէր, այլ հատուկ հյուր ենք՝ 45 րոպեանոց ծրագրով, ինչը մեծ գնահատական է մեզ համար»,- նշել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ Զեմֆիրայի ելույթից առաջ կատարելու են «Նեմրա»-ի նոր ալբոմի երգերը, ինչպես նաեւ հին երգերից մի քանիսն ու հայերեն 2 ստեղծագործություն:

Եղիազարյանն ավելացրել է, որ Զեմֆիրայի երգացանկում լավ կատարումները շատ են, իսկ իր սիրելիներից առանձնացրել է «Хочешь?»-ն ու «П.М.М.Л.»-ը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW