×


«Մետրանպաժ»-ի երգիծանքն ու հանդիսատեսի արձագանքը

Երբեմն բավական է մեկ անհասկանալի բառ, որ ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից, եւ կյանքը վերածվի իսկական քաոսի։ Ո՞վ է «մետրանպաժը», որ հայտնվել է մի հանգիստ հյուրանոցում, պարզ բանվո՞ր է, շինարա՞ր, թե՞ բարձրաստիճան պաշտոնյա... Աբսուրդ կատակերգության վերածված իրավիճակը ներկայացվում է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի նոր բեմադրությունում։ «Մետրանպաժ» ներկայացման առաջնախաղին հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել է հետաքրքիր դրվագներն ու զրուցել ռեժիսորի՝ Աշոտ Հակոբյանի հետ։

«Ալեքսանդր Վամպիլովի պիեսին ծանոթ եմ դեռ ուսանողական տարիներից։ Շատ սիրում եմ: Ժամանակին ինքս էլ մարմնավորել եմ գլխավոր հերոսին։ Անցան տարիներ, եւ ճիշտն ասած՝ շատ մեծ ցանկություն ունեի կատակերգություն բեմադրելու։ Հենց այս պիեսը հիշեցի եւ առաջարկեցի մեր գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին: Ասաց՝ բեմադրեմ։ Այդպես, իմ սիրելի ընկերների՝ մեր դերասանական խմբի հետ ստեղծեցինք այս ներկայացումը»,- պատմել է բեմադրության հեղինակը։

Լուսանկարը՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունից «Մետրանպաժ» ներկայացման ռեժիսոր Աշոտ Հակոբյանը


Աշոտ Հակոբյանի խոսքով՝ իր գլխավոր նպատակը հանդիսատեսին լիաթոք ծիծաղ պարգեւելն է, որ մարդիկ լավ տրամադրությամբ դուրս գան թատրոնից․ «Իհարկե, լրջություն էլ կա, եւ այդ լրջությունը գլխավոր հերոսի մեծամտությունն է։ Նա երբեք չի պատժվել ու պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար։ Բայց եկել է պահը՝ մետրանպաժին հանդիպելու եւ լրիվ այլ կարգավիճակում հայտնվելու։ Խնդիրն այն է, որ նա չգիտի, թե ով է մետրանպաժը, եւ ինչ է սպասվում իրեն այդ հերթական արարքից հետո... Ի վերջո, հասկանում ենք, որ նրա վատ վարքի ու բնավորության հիմքում սիրո պակասն է»։


Դերասանական կազմում հանդես են գալիս Հասմիկ Գեւորգյանը, Վարդան Կուղյանոսյանը, Սոնա Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Ոսկանյանն ու Սամվել Դանիելյանը: 


«Բոլորն իմ ընկերներն են ու շատ տաղանդավոր մարդիկ։ Իհարկե, բարդություններ եղել են բեմականացման ընթացքում, բայց քանի որ հիմքում ընկերությունն է, միմյանց օգնելու եւ հասկանալու պատրաստակամությունը, ամեն ինչ մեր ընդհանուր պատկերացումներով ստացվեց»,- ասել է Հակոբյանը։


Պրեմիերայի օրը հանդիսատեսի արձագանքը, կարծես, մեծապես արդարացրեց ստեղծագործական խմբի սպասումները: Սակայն խոստովանեցին՝ հուզմունքը եւ լարվածությունը չի անցնի, քանի դեռ ներկայացումը թատրոնի խաղացանկում է եւ ամեն անգամ շարունակելու է ընդունել իր նոր հանդիսատեսին։ 

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW