Արեւելյան օրացույցի համաձայն` 2012-ը սեւ վիշապի տարի է: Ամանորը դիմավորելու հագուստի, վիշապի ֆավորիտ գույնի եւ 2012-ի նորաձեւության միտումների մասին BRAVO.am-ի հետ խոսել է Նորաձեւության հայկական խորհրդի անդամ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը:
“Նոր տարին պետք է դիմավորել շքեղ, փայլփլուն հագուստով եւ թանկարժեք զարդերով”. Լիլիթ Մարգարյան
“Ինչպես գիտենք, վիշապը հորինված կենդանի է, որն ունի իրեն բնորոշ գծեր`փառասիրություն ու շքեղություն, հարստության հովանավորն է, Արեւելքում` կառնավալների ամենաակտիվ մասնակիցը: Վիշապին պետք է դիմավորել արքայավայել:)”,-ասել է դիզայներն ու հավելել, որ ամանորյա սեղանը պետք է զարդարվի շողշողացող բյուրեղյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով, Նոր տարին պետք է դիմավորել շքեղ ու փայլփլուն հագուստով եւ թանկարժեք զարդերով:
“Վիշապի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում Նոր տարին դիմավորել դեղին, ոսկեգույն հագուստով, ձիու եւ օձի տարում ծնվածներին՝ կարմրով, թավշե եւ ատլասե զգեստներով, խոյի, ցլի, շան տարում ծնվածներին՝ նույնպես դեղին հագուստով ու ոսկե զարդերով: Աքաղաղի եւ կապիկի տարում ծնվածները Ամանորը պետք է դիմավորեն սպիտակ հագուստով, առնետի ու վարազի տարում ծնվածները՝ սեւ, փետուրներով, փոռիկներով զգեստով, իսկ վագրի եւ նապաստակի տարում ծնվածները՝ կանաչ զգեստով ու ոսկյա զարդերով”,-նշել է Լիլիթն ու կարեւորել բարձր տրամադրությունը:
Տոնածառի զարդարանքում դիզայները կարեւորել է կարմրի եւ ոսկեգույնի առկայությունը. “Քանի որ սեւ վիշապի տարի է, կարելի է նաեւ սեւ աքսեսուար օգտագործել”: Նա նշել է, որ սեւ վիշապի սիրած գույները կարմիրն ու կանաչն են: Խոսելով 2012-ի նորաձեւության մասին` Լիլիթ Մարգարյանն ասել է, որ տիրելու է ռոմանտիզմը:
“2012-ը մեզ կպարտադրի կտրվել առօրյա մինիմալիզմից, լինել կանացի եւ ցանկալի: Մենք կարող ենք բացել մայրիկների ու տատիկների սնդուկները, օգտվել այնտեղ պահված հագուստներից: 2012-ի ֆավորիտը 70-80-ականների ոճն է: Կրկին երեւան են գալու միդի եւ պլիսե կիսաշրջազգեստները, ծաղկավոր եւ փոռիկավոր զգեստները”,- ասել է դիզայները:
Լիլիթ Մարգարյանն ամուսնու` պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ
Լիլիթ Մարգարյանը խոսել է նաեւ տղամարդու հագուստի նորաձեւությունից. “Ի վերջո, ինչ անում ենք, անում ենք նրանց համար:): 2012-ին տղամարդկանց համար նորաձեւ կլինեն խիստ նստեցված կոստյումները, նստեցված, բազմաշերտ հագուստը, այսինքն` կարող են հագնել շապիկ, վերնաշապիկ, ժիլետներ, պիջակներ, վերարկու, ինչպես նաեւ շարֆեր կրել: Շատ ակտուալ կլինեն բնական մորթին ու կաշիները: Տղամարդկանց համար ամենանորաձեւ գույնը կլինի մոխրագույնը, սակայն պետք չէ մոռանալ վառ գույների մասին, օրինակ` կանաչը, կարմիրը, դեղինը, որոնք կարելի է համադրել նետրալ գույների հետ”:
Դիզայները նշել է, որ 2012-ի աշնանը եւ ձմռանը կանաց համար նորաձեւ կլինեն մեղմ գույները `դրանք համեմատելով քաղցրի հետ. “Շոկոլադի, դարչնի, կարամելի, թարմ մեղրի, դդմի երանգները: Նորաձեւ կլինեն նաեւ կարմիրը, սեւը, բորդոն ու մուգ կապույտի երանգները, իսկ գարնանն ու ամռանը նորաձեւ կլինեն կանաչը, փիրուզագույնը, դեղինը: Տարվա ֆավորիտ գույնը կլինի խամրած դեղինը, կիտրոնի երանգներն ու նարնջագույնը, ինչը չարաշահել պետք չէ”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: