Երեւանի կամերային թատրոնի դերասանուհիները հանդես են եկել յուրօրինակ նոր ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել են BRAVO.am-ին: Լուիզա Ներսիսյանը, Էվա Խաչատրյանը, Քեթրին Մանասյանը, Սոֆյա Սողոմոնյանը եւ Արմինե Նազարի-Դեխնավին նոր լուսանկարներում ներկայացել են կաթով լոգանք ընդունելիս, ինչպես Կլեոպատրան:): Թատրոնի նոր ֆոտոնախագծի մասին զրուցել ենք ռեժիսոր, բեմադրիչ Լուսինե Երնջակյանի հետ:
Վերջինիս խոսքով` իրենց համար էլ էր անսպասելի նոր գաղափարը, թեեւ նման նախագծերով հաճախ են հանդես գալիս: Ռեժիսորն ընդգծեց` իրենք չեն սահմանափակվում միայն թատերական ներկայացումներով եւ հետաքրքրություն են փնտրում նաեւ արվեստի մյուս ճյուղերում, որոնք կարող են թատրոնին զուգահեռ լինել.«Լուսանկարների հեղինակը Միքայել Նազարենկոն է, ում հետ առաջին անգամ համագործակցեցինք Սուրբ Վալենտինի օրվա առիթով: Ցանկություն կար նորից աշխատել միասին, ու քանի որ ամառ էր, որոշեցինք նման հետաքրքիր ֆոտոշարք ստանալ: Այստեղ ընդգծել ենք մեր աղջիկների կանացիությունը, նրբությունն ու այդ ամենին նաեւ ամառային շունչ ենք հաղորդել: Ցավոք, ժամկետների հետ կապված` ոչ բոլոր դերասանուհիները կարողացան մասնակցել նկարահանումներին»:
Էվա Խաչատրյանը
Լուսինե Երնջակյանն ասաց, որ պատրաստվում են ցուցահանդես իրականացնել: Սեպտեմբերին, երբ կբացվի նոր թատերաշրջանը, լուսանկարները ցուցադրված կլինեն թատրոնի պատկերասրահում.«Ֆոտոշարքը կոնկրետ որեւէ նպատակով չի արվել: Պարզապես մենք հաճախ ունենում ենք ինքնատիպ գաղափարներ ու կարեւորում ենք դրանք իրականացնելը: Մենք երբեք չենք սահմանափակվել միայն թատրոնով ու ներկայացումներ բեմադրելով: Հեղինակել ենք բազմաթիվ կինոնկարներ, տեսահոլովակներ, ֆոտոշարքեր, երաժշտական գործեր ու շոուներ, այսինքն՝ այն ամենը, ինչ կարող է թատրոնին ու արվեստին մոտ լինել: Մենք հետաքրքրություն ենք փնտրում նման նախագծերում եւ փորձում ենք դրանցով տարբերվել»,- ընդգծեց Լուսինեն:
Նա պատմեց, որ ֆոտոշարքի նկարահանումները քաղաքից դուրս են իրականացվել՝ իրենց ամառանոցում: Ռեժիսորի խոսքով՝ հարկավոր էր մի տարածք, որը բացօթյա կլիներ ու միաժամանակ նաեւ կողմնակի աչքերից հեռու.«Իհարկե, նկարահանումը չանցավ առանց որոշակի բարդությունների: Օրինակ՝ ողջ շաբաթվա արեւոտ օրերից հետո հենց այդ օրը եղանակը որոշեց ամպամած ու քամոտ լինել: Բայց գիտեք, երեւի դա էլ իր հետաքրքրությունն ունի. սկսում ես հաղթահարել ինչ-որ փորձություններ ու դրանով հետաքրքրանում է աշխատելու գործընթացը, հետագայում էլ հիշվում է անընդհատ: Այս անգամ որոշեցինք մեր դերասանուհիներին Կլեոպատրայի կարգավիճակում պատկերացնել ու նրանց նստեցրինք կաթի մեջ: Դա մաշկի համար առողջարար է, լուսանկարների համար էլ՝ հետաքրքիր (ժպտում է,- հեղ.)»:
Քեթրին Մանասյանը
Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե երբ է բացվելու նոր թատերաշրջանը եւ ինչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին: Պարզվեց` ներկայացումների սկիզբը լինելու է սեպտեմբերի 7-ից, եւ առաջիկա երկու ամիսներն անցնելու են հագեցած խաղացանկով.«Ցավոք, սեպտեմբերին դեռ չունենք ներկայացման պրեմիերա, բայց կարծում եմ` այս տարվա մեր պրեմիերաներն այնքան ակտիվ են խաղացանկում, որ նույնիսկ չենք էլ կարող մեզ թույլ տալ նորն ունենալ: Բայց հոկտեմբերի վերջից հանդիսատեսը կարող է նոր անակնկալներ սպասել մեզնից: Կարծում եմ` մեկ-երկու ներկայացում խաղացանկ կմտնի այս տարվա ընթացքում, եւ Նոր տարուց հետո հանդիսատեսին սպասվում է եւս մեկ պրեմիերա»,- եզրափակեց նա:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Նազարենկոյի /Alamezone Photography/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: