Լուսին բեմական անունն ընտրած Լուսինե Վարդանյանը շուրջ 5 տարի է` իր մանկական նախասիրությունը դարձրել է սիրելի մասնագիտություն: 26-ամյա դերասանուհին 2008 թվականից աշխատում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: BRAVO.am-ը նրան լուսանկարել է իր հարազատ թատրոնում եւ զրուցել վեհ թեմաների շուրջ:):
Լուսին Վարդանյանը
“Երբեւէ չեմ գոռոզանում”
Ամեն անգամ նոր դեր ստանալիս շատ եմ անհանգստանում, ինձ թվում է` բացարձակ չեմ կարողանա, բայց մի քանի փորձից հետո հանգստանում եմ ու սկսում աշխատել կերպարիս ստեղծման վրա: Բեմում շատ կարեւոր է խաղընկերներիդ մարդկային վերաբերմունքը. երբ նրանք ինձ գովեստի խոսքեր են ասում, երբեւէ չեմ գոռոզանում, հակառակը` ներքուստ հանգստանում եմ ու ավելի լավ աշխատում:):
Լուսինը
“Երկընտրանքի առջեւ կանգնեցրեց”
Երբ սովորում էի Թատերական ինստիտուտում, ուզում էի գեղարվեստական ֆիլմերում նկարվել, թատրոնը եւս սիրում էի, բայց չէի կողմնորոշվում` որ թատրոն գնալ: 4-րդ կուրսում էի, երբ Դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանը հնարավորություն տվեց ուժերս փորձել որպես Ջուլիետի դերակատար, Նիկոլայ Ծատուրյանն էլ մերժեց ու երկընտրանքի առջեւ կանգնեցրեց` կամ դիպլոմայինիս վրա պետք է աշխատեի, կամ չէի ավարտի ու կաշխատեի Դրամատիկականում: Հիշում եմ` Ծատուրյանն ասաց` եթե ինձ հավանել են, մի տարի հետո էլ կհավանեն: Ես էլ որոշեցի ավարտել, այդ ընթացքում ուսումնասիրել թատրոնի բոլոր ներկայացումները, հետո անցնել աշխատանքի:
Լուսին Վարդանյանը
“Ես լարվում էի, նա էլ նյարդայնանում էր”
Դերասանական աշխատանքս սկսեցի “Չաո” ներկայացման մասսայական տեսարաններից ու “Արմենիա” հեռուստաընկերության “Ճակատագրի գերիները” սերիալից, որտեղ խաղում էին Հովհաննես Բաբախանյանը, Արմեն Բարսեղյանը եւ սկսնակիս համար կարեւոր էր նման դերասանների հետ աշխատելը:
Դրամատիկում առաջինը հանդես եմ եկել Մեգիի կերպարով` “Մամա Միա” ներկայացման մեջ, որը բեմադրում էր Արմեն Բարսեղյանը եւ ինքն էլ երաշխավորել էր ինձ այդ դերի համար: Առաջին անգամ պետք է աշխատեի Արմեն Խանդիկյանի հետ, շատ դժվար էր, ես լարվում էի, նա էլ նյարդայնանում էր, բայց ասում էր` աղջիկս արի… Եթե այդպես էր դիմում, ուրեմն հույս ուներ, որ կկարողանամ:): Իսկ պրեմիերային այնքան հանգիստ էի, որ նույնիսկ դերասաններն էին զարմացել:
Լուսին Վարդանյանը
“Ճանապարհին տաքսու մեջ լացում էի”
Հաջորդն “Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի” ներկայացման մեջ Բրիջիթի կերպարն էր: Փորձերին կրկին լարվում էի, նույնիսկ առաջին փորձին այնքան էի հուզվել, որ տուն վերադառնալու ճանապարհին տաքսու մեջ լացում էի: Ինքս ինձ վրա զարմանում էի, թե փորձը հաջող է անցել, ինչո՞ւ եմ արտասվում, բայց գերլարվածությունից էմոցիաներս չէի կարողանում զսպել: Այս կերպարս էլ բարեհաջող խաղացի ու ինձ համար շատ հաճելի էր, որ առաջին երկու դերիս համար նոմինացվեցի “Արտավազդ” մրցանակաբաշխության “Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում, չնայած որ մրցանակ չստացա: Ինձ համար նաեւ կարեւոր էր Վլադիմիր Մսրյանի կարծիքը, երբ ժողովի ժամանակ ասաց` “Թող ինձ ներեն վաստակավորները, բայց աղջիկը չէր զիջում ձեզ”: Շատ էի հուզվել նրա խոսքերից :):
Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանը
“Լավատեսորեն սպասում եմ :)”
Առաջին սերիալում նկարվելու ընթացքում գլխավոր դեր առաջարկեցին “Հանուն սիրո” սերիալում: Առաջին մեկ ամիսը զուգահեռ երկու սերիալում էլ նկարվում էի: “Հանուն սիրո”-ն նման էր Ռոմեոյի ու Ջուլիետի պատմությանը, բայց կեսից սցենարը փոխվեց ու, ինչպես բոլոր սերիալները, երկարաձգվեց:
Հիմա տարբեր սերիալներից նկարվելու առաջարկներ հաճախ են անում, բայց լավատեսորեն սպասում եմ, թե երբ են բարձրորակ սերիալ նկարելու: Լավ աշխատանքը նաեւ պետք է կադրից դուրս լինի. երբ նկարվում էի, իմ ամենամեծ խնդիրը ժամանակի բաշխումն էր, քանի որ թատրոնում փորձի էի լինում, որից իրավունք չունեմ նույնիսկ երկու րոպե ուշանալ, իսկ նկարահանումները երկարաձգվում էին, ես էլ ստիպված կիսատ էի թողնում ու գնում, որովհետեւ չեմ սիրում անպատասխանատու վերաբեմունք:
Բաբկեն Չոբանյանն ու Լուսին Վարդանյանը “Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացման ժամանակ
“Երկրորդական կերպարներից չեմ հրաժարվում”
Մեկ անգամ նկարվել եմ հայ-ռուսական կարճամետրաժ ֆիլմում, որտեղ գլխավոր դերում էի եւ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը լրիվ ուրիշ հաճույք էր: Նոր դեր ստանալիս հաշվի եմ առնում, որ անկողնային տեսարաններ չլինեն, որովհետեւ ինչքան էլ դերասանի համար հրաժարվելը պրոֆեսիոնալ չէ, այնուամենայնիվ, մենք Հայաստանում ենք ապրում: Եթե կան կիսամերկ տեսարաններ, ուրեմն ես դրա մեջ չկամ: Իսկ բացասական կամ երկրորդական կերպարներից չեմ հրաժարվում, կապ չունի թագուհու դերում ես, թե` խոհարարի, կարեւորը` կերպարդ ճիշտ կերտես:
Լուսին Վարդանյանը
“Գիտակցում էի, որ երգարվեստն իմը չէ”
Կարելի է ասել, որ բեմական ճանապարհս դեռ փոքրուց հարթել է մայրիկս. նա արդեն 20 տարի աշխատում է Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ու զբաղվում միջոցառումների, հանդեսների կազմակերպչական հարցերով: Ես էլ միշտ մասնակցում էի ու գլխավոր դերերում լինում, շատ էր ուզում, որ դերասանուհի կամ երգչուհի դառնամ: Դպրոցական տարիներից վոկալի ու դաշնամուրի դասերի էի գնում, Աշոտ Բզնունու, Նաիրա Գյուրջինյանի մոտ էի հաճախում, բայց գիտակցում էի, որ երգարվեստն իմը չէ ու մեծ դիապազոն չունեմ, չնայած` ընդունվել էի Կոնսերվատորիայի զրո կուրս, բայց Բզնունու խորհրդով Թատերականն ընտրեցի: Թատրոնում բեմ բարձրանալն ու դերի մեջ մտնելն ինձ համար շատ հետաքրքիր է եւ անչափ ուրախանում եմ, որ ինձ ճանաչում ու գնահատում են հենց թատրոնից:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: