×


Խուլիո Իգլեսիասն եկել է ծափահարելու հայ ժողովրդին

“Երեւանյան համերգիս երգելու եմ հոգով, իսկ հոգու լեզուն համաշխարհային է: Երկուշաբթի օրը ելույթիս ժամանակ աչքերս փակելով` պատկերացնելու եմ, որ գտնվում եմ զգացմունքների տիեզերքում: Պատրաստվում եմ կատարել այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են հայ հանդիսատեսին”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առաջին անգամ Հայաստանում հյուրընկալված հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը:

Խուլիո Իգլեսիասը


Խոսելով հայերի ու Հայաստանի մասին` 69-ամյա իսպանացին հետեւյալն է ասել. “Հրաշալի երկիր է: Հայ ժողովրդի երաժշտությունը գալիս է հոգուց եւ սրտից: Այստեղ մարդիկ շատ նրբազգաց են: Ես եւ անձնակազմս տպավորված ենք ձեր ջերմ ընդունելությամբ: Երեկ Մոսկվայի օդանավակայանում ինձ ասացին, որ պատրաստվում եմ այցելել մի երկիր, որը շատ ջերմ է, բայց ոչ թե այն պատճառով, որ եղանակն ավելի տաք է, քան Ռուսաստանում, այլ քանի որ տեղի ժողովուրդը հոգով ավելի ջերմ է”:

Խուլիո Իգլեսիասը


Երգիչը նշել է, որ իր այցի նպատակը ողջունելն ու ծափահարելն է մի ժողովրդի, որի երկիրն առաջին անգամ է այցելում.“Հայաստանն իմ ընկերների շնորհիվ եմ ճանաչում: Ես նայում եմ հայերին եւ նրանց աչքերում տեսնում մելանխոլիայի նշույլներ, որոնք տեսնում եմ նաեւ իմ ժողովրդի աչքերում”:

Իգլեսիասը երազող մարդ չէ, ինչպես խոստովանել է` 18-19-ը տարեկանում վերածնվել է եւ երազանքների փոխարեն իր առջեւ միայն նպատակներ է դնում ու իրականացնում.“Մարդիկ մտածում են, որ մենք` երգիչներս, երազկոտ ենք: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Մենք ավելի շատ ձգտում ենք ստիպել մարդկանց երազել, քան ինքներս դա վերապրել”:

Խուլիո Իգլեսիասը


Հարցին, թե որն է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու կորուստը, Խուլիո Իգլեսիասը պատասխանել է. “Ամենամեծ կորուստս այն է, որ  կորցրել եմ շատ ժամանակ, իսկ ձեռքբերումը ճիշտ ժամանակին մահանալը կլինի”:

BRAVO.am-ի հետ զրույցում երգչի երեւանյան համերգի կազմակերպչական հարցերով զբաղվող Կարպիս Թիթիզյանը նշել է, որ համերգից առաջ Իգլեսիասը կշրջի Երեւան քաղաքով, բայց հստակ սահմանված օրակարգ չկա: Նախատեսված է այց Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խուլիո Իգլեսիասը


Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգի բացումը կանեն Մհերն ու Արփինեն

Երգիչը Հայաստան է ժամանաել  30 հոգանոց անձնակազմի` երաժիշտների, տեխնիկական սպասարկողների, բեք-վոկալիստների ու պարողների հետ: Կարպիս Թիթիզյանի խոսքով` փորձել են բավարարել երգչի ներկայացրած բոլոր պահանջները. “Թեեւ Երեւանը Մոսկվայի կամ Դուբայի նման ռեսուրսներ չունի, բայց ամեն բան փորձեցինք կատարել”:

Երկու ժամ տեւողությամբ եւ առանց ընդմիջումների համերգի բացումը վստահված է “POP հանրագիտարան”-ի հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանին ու Արփինե Գաբրիելյանին: Կիրակի օրը Մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի կունենա համերգի փորձը:

Նշենք, որ վերջին շրջանում Խուլիո Իգլեսիասը համերգներ է ունեցել Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ հայաստանյան համերգից հետո կմեկնի Դուբայ, ապա` Սինգապուր, Կորեա, նաեւ Բրազիլիա ու Ավստրալիա:

BRAVO.am-ը Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW