Ծովինար Մարտիրոսյանը շուրջ մեկ տարի է, ինչ չի երեւում հեռուստաէկրաններին, իսկ պատճառը փոքրիկ Արշակի խնամքն է: Երկրորդ երեխայի ծննդից հետո դերասանուհին ավելի շատ ժամանակ է հատկացնում ընտանեկան գործերին` չանտեսելով նաեւ աշխատանքը, եւ, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, շուտով կվերադառնա եթեր:
Ծովինար Մարտիրոսյանի եւ Նարեկ Հայկազյանի ընտանիքը
Նա նկարահանվում է “Երջանկության արցունքները” հեռուստապատումներում, որոնք կցուցադրվեն “ATV”-ով.“Առաջարկն ընդունել եմ առանց երկար մտածելու, քանի որ խաղում եմ սիրելի ու արդեն հարազատ մարդկանց հետ: Նախագիծն իրենից ներկայացնում է կարճ պատմություններ, որոնք հիմնված են սոցիալական եւ կենցաղային խնդիրների վրա: Հանդես եմ գալիս տարբեր կերպարներով, ինչն աշխատանքս ավելի է հետաքրքրացնում”:
Այս ընթացքում Ծովինարը չի դադարել հանդես գալ ներկայացումներում. “Թեեւ Սունդուկյանի թատրոնը, որտեղ աշխատում եմ, վերանորոգման մեջ է, դա չի խանգարում դերասաններին ակտիվ գործունեություն ծավալել: Շրջագայում ենք, խաղում Պարոնյանի անվան թատրոնում: Ներգրավված եմ երկու նոր ներկայացման մեջ, նաեւ դասավանդում եմ Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում”:
Ծովինար Մարտիրոսյանը` որդու հետ
Ծովինարի խոսքով` իր համար առաջնայինն ընտանիքն է, սակայն ուրախ է, որ կարողանում է համատեղել աշխատանքի հետ.“Բնույթով անհանգիստ մայրիկ եմ. երբեք չեմ կարող երեխաներիս թողնել դայակի կամ օտար որեւէ մեկի մոտ: Նրանք խնամքի հարցում ինձ օգնում են տատիկներն ու ամուսինս: Փոքր տղաս մի քանի անգամ ինձ տեսավ էկրանին, ապշած, ոգեւորված մամա էր կանչում:)”:
Մեր հարցին, արդյոք կերպարների ընտրության հարցում խորհրդակցում է ամուսնու հետ, դերասանուհին պատասխանել է.“Ինքս որպես կին չեմ խաղա այնպիսի դերեր, որոնք կարող են տհաճ լինել Նարեկին: Գործը չի հասնի խանդին…”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ծովինար Մարտիրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: