×


Կանադայից Հայաստան. Սարյան փողոցում բացվել է «Կաֆե Սարքիս» սրճարան-գինետունը

Կանադահայ գործարար Սարքիս Թոսունյանը, ով ծննդով Բեյրութից է, երկու տարի առաջ որոշեց ընտանիքով տեղափոխվել Հայաստան եւ հայրենիքում շարունակել գործունեությունը: Արդյունքում հիմք է դրվել նրա նոր՝ «Կաֆե Սարքիս» սրճարան-գինետանը, որն իր նոր համերով ու գույնով լրացնելու է գալիս Սարյան փողոցի ինքնատիպ մթնոլորտը: 19/21 հասցեում գինետան բացումն ազդարարվեց հայկական ժողովրդական երգ ու պարով, իսկ անցորդները հրավիրվեցին համտեսելու տեղական գինիներն ու օղիները: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել «Կաֆե Սարքիս»-ի բացմանը եւ լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագները:

«Կաֆե Սարքիս» սրճարան-գինետան բացմանը


Հատկանշական է, որ սրճարանն իր նախատիպն ունեցել է նաեւ Տորոնտոյում՝ 1996 թվականին Սարքիս Թոսունյանի հիմնադրած երրորդ ռեստորանը: Գործունեության յոթ տարիների ընթացքում, ինչպես հիմնադիրն է ասում, այս ռեստորան են այցելել այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Ռոբերտ դե Նիրոն, Քուինսի Ջոնսը, «Ռոլինգ Սթոնս» խմբի անդամները, վարչապետ Էլիոթ Տրյուդոն եւ հայտնի այլ հյուրեր: Բայց հայրենիքի հանդեպ սերն ու կարոտը ի վերջո պարոն Սարքսին Հայաստան են բերել, որտեղ էլ այժմ շարունակում է իր կյանքն ու գործունեությունը:

«Կաֆե Սարքիս» սրճարան-գինետունը


«Մեր տանը բոլորը հայասեր են եղել, միշտ խոսել ենք հայերի ու հայոց պատմության մասին, միշտ երազել ենք հայրենիքի անկախության մասին, որ մի օր տեղափոխվենք ու շենացնենք մեր երկիրը: Եվ երբ երկու տարի առաջ Հայաստանում տոնեցինք կնոջս երկրորդ 25-ամյակը, նա առաջարկեց վերջնական տեղափոխվել Երեւան: Գաղափարն ինձ շատ դուր եկավ, եւ որոշեցինք այստեղ տուն գնել: Արդեն մի քանի ամիս մեր նոր գինետուն-սրճարանի բացման աշխատանքներով էինք զբաղված եւ ի վերջո հասանք մեր նպատակին»,- պատմում է Սարքիս Թոսունյանը:

«Կաֆե Սարքիս» սրճարան-գինետան հիմնադիր Սարքիս Թոսունյանը


Նա ընդգծում է՝ իրենց նպատակը ոչ թե պարզապես սրճարան-գինետուն ունենալն էր, այլ երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը, հայրենիքում իր փորձն ու գիտելիքները ներդնելը, ինչպես նաեւ սկսնակ գինեգործներին ներկայանալու հնարավորություն տալը: Ի դեպ, նշենք, որ «Կաֆե Սարքիս»-ում այս պահին տեղական գինիների, օղիների, շամպայնի, կոնյակի եւ այլ խմիչքների 65 տեսակ է ներկայացված, որոնց թիվն ավելանալու միտում ունի: Պարոն Սարքիսն ասում է՝ նախապատվությունը տալու են բացառապես հայկական գինիներին, որպեսզի քաջալերեն տեղական արտադրողներին.«Ինչո՞ւ բերենք արտասահմանյանը, երբ մենք շատ շքեղ գինիներ ունենք Հայաստանում»,- նկատում է նա:

«Կաֆե Սարքիս» սրճարան-գինետան հիմնադիր Սարքիս Թոսունյանը՝ տիկնոջ հետ


Նշենք նաեւ, որ կենդանի երաժշտությունն այստեղ հնչելու է շաբաթվա բոլոր երեկոներին՝ բացի երկուշաբթի օրերից: Այցելուները հնարավորություն կունենան հայկական երաժշտության եւ գինիների մթնոլորտում վայելել իրենց երեկոները, ինչպես նաեւ օգտվել հարուստ ճաշացանկից եւ սուրճի լայն ընտրանուց: Էլ ի՞նչ է անհրաժեշտ երեւանյան օրերն ավելի հաճելի եւ հիշվող դարձնելու համար, երբ կարելի է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ օրվա ավարտն անցկացնել Սարյան փողոցի այս գողտրիկ անկյունում: Սարքիս Թոսունյանը հրավիրում է բոլորին հաճելի մթնոլորտում հայկական գինիներ վայելելու:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport