Երգչուհի-մոդել Keyoh-ը՝ Կարինե Օհանյանը, նորություններ ունի, որոնց մասն առաջինը հայտնել է BRAVO.am-ին։ Նրա նոր տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Միացյալ Նահանգներում՝ ամուսնու հետ ուղեւորության ընթացքում, այնուհետեւ շարունակվել Բելգիայում։ Պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին։
Կարինե Օհանյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Անգլալեզու երգը կոչվում է՝ «Սե՞ր, թե՞ անեծք», հեղինակը հենց Կարինեն է. «Նկարագրում եմ մի իրավիճակ, որը հաճախ է պատահում, երբ կինը հաջողակ է լինում եւ տղամարդը դա չի կարողանում տանել։ Խոսքս տարբեր ասպարեզների մասին է, ոչ միայն շոու-բիզնեսի։ Սա միակ երգն է, որ իմ կյանքի ապրումներից եմ ոգեշնչվել։ Շատ չպատմեմ, որ դիտելիս հետաքրքիր լինի»։
Կարինե Օհանյանը
Սիրո ու խանդի մասին երգի հոլովակում գլխավոր դերակատարը մոդել-դերասան Կլաուդիո Դինքալն է.«Նա ազգությամբ կիսով չափ իտալացի է, կիսով չափ՝ արգենտինացի։ Մոտավորապես քսան հոգի է մասնակցել նկարահանումներին։ Ես շատ լարված, բայց կենտրոնացած աշխատում էի, երեւի պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում օտար միջավայրում էի»։
Keyoh-ի հույն ամուսինը՝ երգիչ Ջեյսոնը, եւս ներկա է եղել նկարահանմանը, ինչպես կինն է նրա նկարահանումներին մասնակցում.«Մենք միշտ ամեն բան անում ենք, որ դժվար ու սթրեսային պահերին իրար հանգստացնենք։ Այս անգամ երգը գրելու եւ տեսահոլովակը ստեղծելու հետ նա կապ չունի, բայց, իհարկե, իր մեծ դերն ունի իմ կյանքի ամեն ոլորտում»։
Կարինե Օհանյանն՝ ամուսնու հետ
Զույգը նախատեսում է սեպտեմբերին առաջին անգամ միասին այցելել Հայաստան. «Ջեյսոնը ոգեւորված է, հիմա ավելի լավ է հայերեն խոսում։ Ասում է՝ արդեն պատրաստ է իմ բարեկամների հետ որոշ չափով հայերենով շփվել, Հայաստանն ուսումնասիրել։ Ցավոք, դեռ չենք պլանավորել, թե քանի օրով կգանք, քանի որ երկուսս էլ զբաղվածություն ունենք»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: