Հունվարի 28-ը հայկական օրացույցում կարմիրով է նշված. այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձն է:): Այս առիթով երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է “Ես եմ հայրենիքիս զինվորը” խորագիրը կրող տոնահանդեսը:
“Ես եմ հայրենիքիս զինվորը” խորագրով հանդիսավոր միջոցառմանը
Միջոցառման մեկնարկը տրվել է ժամը 17:00-ին: Մարզահամերգային համալիր տանող աստիճաններին հարակից շատրվանների հարթակներում ներկաներն ականատես են եղել հայոց պատմության տարբեր դարաշրջանների դրվագներին, որոնք ներկայացվել են տվյալ դարաշրջանին համապատասխան բեմականցմամբ եւ դեկորացիայով: Պատմության “վերջին կանգառը ” եղել է Շուշիի ազատագրումը, որից հետո շենքի ներսում խոսվել է միայն հաղթանակների մասին:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյնաը եւ պաշտոնատար այլ անձինք:
“Ես եմ հայրենիքիս զինվորը” խորագրով հանդիսավոր միջոցառմանը
“Այսօր ուրախությամբ ու հպարտությամբ լի այն օրերից է, երբ բոլորս շնորհավորում ենք միմյանց ու մերթ ժպիտով, մերթ արցունքով հիշում շուրջ երկու տասնամյակների վաղեմության շատ ու շատ իրադարձություններ, որոնք դարձան մեր հայրենիքի ու նորանկախ պետականության պաշտպանության հերոսական պատմության տարբեր դրվագները: Դրանք սկիզբ են առնում հայկական բանակ թանկ ու հարազատ հասկացությունից, որի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիս”,-իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով հետեւյալը. “Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Ռազմատենչ, նվաճող ածականները երբեք չեն բնութագրել հային, սակայն հանուն իր հողի, հավատի ու արժանապատվության` միշտ էլ անվարան սուր է վերցրել ձեռքը եւ այն բանեցրել ոչ պակաս հմտությամբ”:
“Ես եմ հայրենիքիս զինվորը” խորագրով հանդիսավոր միջոցառմանը
ՀՀ պաշտպանության նախարարի խոսքին հաջորդել է ռազմական շքերթը, ապա բեմն ու միջոցառման հրապարակը հանձնել են հեմարգային շոու-ծրագրի մասնակիցներին: Ներկաներին իրենց կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ “Զորական” երգի համույթը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը եւ երգի ու պարի համույթը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հասմիկ Պապյանը, Նունե Եսայանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը`Մրոն, Արմեն Պողոսյանը, Ասոն, Մկրտիչ Մկրտչյանը, Եվա Ռիվասը, Եվա Ղազարյանը, Ռուսլան Ելյազյանը, “Empyray” ռոք-խումբը, Երգի պետական թատրոնի մեներգիչները:
Իսկ տոնական շոու-ծրագրին մասնակցել են “Երեւանյան կրկես” մշակութային կենտրոնը, “Երեւանյան թմբուկներ” խումբը, “Վտանգավոր բարձրություն” լեռնագնացների խումբը, Հայաստանի կասկադյորների մասնագիտացված դպրոցը, խուլերի “Օվասիս” մնջախաղի թատրոնը, “Հայ բայքերներ”-ը, “Սարդարապատ” եւ “Ասամբլե” պարային համույթները: Աճպարարական հնարքներով հանդես են եկել Գինեսի քառակի ռեկորդակիրներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները:
“Ես եմ հայրենիքիս զինվորը” խորագրով հանդիսավոր միջոցառմանը
Երեկոյի ընթացքում ուղիղ կապ են հաստատել “Ես եմ” ֆիլմի գլխավոր դերակատար, հայոց բանակի զորամասերից մեկում ծառայության մեկնած Լեւս Դավթյանի հետ, որը շնորհավորել է ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին եւ բոլոր ներկաներին` հպարտությամբ նշելով` “Ես եմ հայրենիքիս զինվորը:)”: Լեւսին միացել են միջոցառման հյուրերը: Տոնահանդեսին հաջորդել է 3D շոուն:
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձնին նվիրված “Ես եմ հայրենիքիս զինվորը” նախագծի ղեկավարն ու բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանն է:
BRAVO.am-ը միանում է տոնի առթիվ հնչած շնորհավորանքների:):
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: