×


“Համերգ ճեմասրահում”` “արքայական” երեկույթների սիրահարների համար :)

Սեպտեմբերի 27-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահներից մեկում էին հավաքվել երեկոյան զգեստներով կանայք եւ կոստյումներով տղամարդիկ: Հնչում էր բարոկկո, Վերածննդի ժամանակաշրջանի, նաեւ հոգեւոր երաժշտություն: Ներկաները մի պահ իրենց արքայական երեկույթներից մեկում զգացին:

Վարսենիկ Ավանյանը


“Համերգ ճեմասրահում” նոր նախագծի հեղինակը երաժիշտ Շմավոն Գրիգորյանն է, որը ուսանել է Եվրոպայում եւ այնտեղ էլ ծանոթացել նման համերգների կուլտուրային: Երեւանում գաղափարի իրականացումը բուռն արձագանքի է արժանացել թատրոնի տնօրինության, նաեւ երաժիշտների կողմից:

“Այսօր կայացավ կամերային գալա-համերգը: Մեծ հույսեր ունենք, որ նախագիծը շարունակական բնույթ կունենա: Կարծում եմ` ապագայում համերգները թեմատիկ կլինեն` իտալական, հայկական, ժամանակակից, հոգեւոր երաժշտության երեկոներ: Երազում ենք, որ շաբաթը մեկ օր հյուրընկալենք դասական երաժշտության հայ սիրահարներին, որպեսզի նրանք այս մտերմիկ մթնոլորտում վայելեն համաշխարհային երաժշտության գանձերը”,- նշել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:

Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը


Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն էլ հետեւյալն է ասել. “Սա ակադեմիական թատրոն է, ունենք տարբեր ժանրերում աշխատող մասնագետներ: Մենք բարոկկո եւ միջնադարյան երաժշտության մատուցման ձեւի պակաս ունենք, այնպես որ, այս գաղափարը շատ կարեւոր է մեր թատրոնի համար”:

Համերգի ընթացքում հնչել են Նարեկացու, Դվորժակի, Բախի, Հենդելի, Պուչչինիի ստեղծագործությունները: Ելույթ են ունեցել թատրոնի մենակատարները` Գուրգեն Բավեյանը, Վարսենիկ Ավանյանը եւ այլք, սիմֆոնիկ նվագախմբի արտիստները եւս հանդես են եկել որպես մենակատարներ:

“Համերգ ճեմասրահում” նախագծի գալա-համերգի հյուրերը


Ի դեպ, Կարեն Դուրգարյանը հույս է հայտնել, որ բացի շարունակական լինելուց, համերգների շարքը միջազգային փառատոնի կվերածվի. “Այն կանվանվի “Սպենդիարյանական երեկոներ”, բայց թեմաները տարբեր կլինեն` միջնադարյան երաժշտությունից մինչեւ ժամանակակից ստեղծագործություններ”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW