«Երբ քեզ թվա, թե ամեն ինչ գիտես, դուրս արի մի նոր ճանապարհորդության»՝ այսպես է սկսվում ռեժիսոր Արտակ Իգիթյանի նոր՝ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմը, որը բացահայտում է հայկական խոհանոցի բազմաբույր համերն ու ավանդույթները: «Մոսկվա» կինոթատրոնում երեկ ֆիլմի առաջին ցուցադրությունն էր, որին ներկա էին նաեւ սցենարի հեղինակն ու ստեղծագործական անձնակազմի մյուս անդամները: BRAVO.am-ը նույնպես դիտել է ճանաչողական նոր ֆիլմը, որը նպատակ ունի Հայաստանը ներկայացնել իր խոհանոցային գրավչությամբ եւ մեր երկիր հրավիրել արտասահմանցի բազմաթիվ զբոսաշրջիկների:
Ֆիլմի հիմքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի եւ բրենդ-շեֆ Զորիկ Իսպիրյանի ճանապարհորդությունն է Հայաստանի գյուղերով ու քաղաքներով, Արցախի տարբեր բնակավայրերով: Այդ ընթացքում նրանք բացահայտում են յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ավանդական ճաշատեսակները` դրանց պատրաստման առանձնահատկությունները համեմատելով իրենց ընկերության ռեստորաններում պատրաստվող նույնանման կերակուրների հետ: Ֆիլմում ներկայացված են հայկական ազգային խոհանոցի այնպիսի ճանաչված ուտեստներ, ինչպիսիք են ղափաման, հարիսան, խորվուն, լոբաճաշը, ավելուկով ապուրը, ժինգյալով հացը, փախլավան եւ գաթան:
Կադր՝ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմից
Նշենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը հաղորդավարուհի, դերասանուհի Հերմինե Ստեփանյանն է, ով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ համագործակցում է նաեւ «Համով պատմություններ» նախագծի շրջանակում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեքստը գրելիս աշխատել է հեռու չգնալ ֆիլմի հերոսների իրական կերպարներից: Այսինքն` նրանցից յուրաքանչյուրն ասում է այն, ինչն իրականում իր գաղափարախոսությունն է կամ իրեն անհանգստացնող հարցը:
«Իհարկե, Դավիթ Երեմյանն ու Զորիկ Իսպիրյանը գործի մարդիկ են, եւ դժվարություն կար տեսախցիկի հետ աշխատելու: Բայց քանի որ ամեն ինչ արվում էր սիրով, հետեւաբար, ֆիլմի զարգացումներն էլ եղան ճիշտ ու համահունչ: Նրանք շատ լավ հասկանում էին, որ ֆիլմը նպատակ ունի Հայաստանում զարգացնել գաստրոտուրիզմը, եւ որ հայկական ճաշատեսակները միայն ռեստորաններում չեն մատուցվում, այլեւ հենց գյուղերում ու քաղաքներում, մարդկանց տներում: Հենց այդ գյուղերի շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք մեր ռեստորաններում պահպանել ու կատարելագործել հայկական խոհանոցի լավագույն ավանդույթները»,- նկատեց դերասանուհին:
«Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությանը
Խոսելով ֆիլմի ստեղծման շարժառիթների մասին՝ ռեժիսոր Արտակ Իգիթյանն էլ ասաց, որ միշտ ցանկացել է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել եւ ներկայացնել իրական Հայաստանը՝ իր բնության գույների ողջ շքեղությամբ, արեւի լույսով եւ անմոռանալի համով-հոտով:
«Որպես ֆիլմի առանցքային հերոսներ՝ ես միանգամից տեսա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին եւ բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանին: Տեղյակ էի, որ իրենց ռեստորանների ճաշացանկերը ձեւավորվել են հենց ՀՀ տարբեր տարածաշրջաններ այցերի, ուսումնասիրությունների արդյունքում: Դա նրանց առաքելությունն է՝ պահպանել ու նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: Այն, ինչ նկարելու էինք, ըստ էության, իրենց տարիների աշխատանքն էր»,- ընդգծեց ռեժիսորը:
Դավիթ Երեմյանը, պատմելով ֆիլմում նկարահանման իր փորձի եւ տպավորությունների մասին, նշեց, որ այդ ընթացքում է հասկացել, թե որքան դժվարին աշխատանք է.«Պատկերացրեք՝ ինձ համար ավելի հեշտ է մեր մեծ աշխատակազմը ղեկավարել, քան մասնակցել նկարահանումներին: Ամենակարեւորն այն է, որ ֆիլմում իրական մարդիկ են՝ իրենց յուրահատուկ կենցաղով, ինքնատիպ մտածելակերպով, բացառիկ տաղանդով եւ ջերմ հյուրընկալությամբ: Նրանք իրենց խոհանոցներում պատրաստում եւ հյուրասիրում են այն ուտեստները, որոնցով տվյալ տարածաշրջանը հայտնի է»:
Կադր՝ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմից
Հավելենք, որ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի նկարահանումները տեւել են հինգ օր եւ իրականացվել են Գավառ, Գորիս, Դիլիջան քաղաքներում, Գառնի, Մուսալեռ, Սերս, Ավան գյուղերում, Արցախում՝ Ստեփանակերտ, Խաչմաչ գյուղ, եւ, իհարկե, Երեւանում: Ֆիլմում ներկայացված ճաշատեսակները եւ բազմաթիվ այլ բաղադրատոմսեր վերականգնված կամ մշակված տարբերակներով ներառված են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում գտնվող «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի, «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երեւան. գետափին» ռեստորանների (ավելի քան 60 ուտեստ) ճաշացանկերում: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիրները շեշտում են՝ հայկական ավանդական ուտեստների պատրաստման եղանակների վերհանումն ու նորովի մատուցումն իրենց առաքելությունն է:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: