×


«Վախենալու է, թե ինչպես կընդունեն ներկայացումը». «Բլոկադա»-ն ստիպում է վերհիշել Արցախի 287 օրը

Եթե հնարավոր լիներ գոնե մեկ օրով վերադառնալ Արցախ: Հաստատ այս միտքը շատերիս գլխում է պտտվում։ Թեեւ հիմա դա տեսականորեն անել հնարավոր չէ, բայց ոչինչ չի կարող խանգարել հիշողություններով հասնել այնտեղ։ 

«Բլոկադա» ներկայացումը նման հնարավորություն է տալիս ու ստիպում վերհիշել 287 օր տեւած շրջափակման տխուր ու երջանիկ, քաղցած ու հայրենիքով կուշտ օրերը, երբ կարեւորը՝ չէր մարել հույսն ու ոտքերով ամուր զգացվում էր հայրենի հողը։ 


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միջանցքներում ու դահլիճում լսվում էին Արցախի բարբառով զրույցներ։ Բեմում այն հնչում էր Մարջան Ավետիսյանի (Աստղիկ) ու դեդոյի՝ Շանթ Հովհաննիսյանի շուրթերից։ Նրանք Արցախի երկու պատերազմների թոհուբովով անցած ու իրենց սիրելիներին կորցրած հարս ու սկեսրայր են, որոնց փրկում են Աստղիկի հումորով սուր լեզուն եւ դեդոյի լավատեսությունը, ինչպես նաեւ տան դուստրը՝ Մանեն (Էլեն Գեւորգյան)։ 


Երբ թվում է՝ նրանց կյանքում ոչինչ տեղի չի ունենում ու շուրջը ոչինչ չի փոխվում, պապիկի հրավերով հյուր են գալիս Արցախում վիրավորում ստացած Հայկը (Բորիս Մելքոնյան), նրա քույր Աննան (Մարիամ Ալեքսանյան) ու ամուսինը՝ Ավետիքը (Վաչե Երիցյան)։ 


Հաջորդ օրվանից սկսվում է շրջափակումը՝ շատացնելով ամեն տեսակ զրկանքները, բայց մեծացնելով մարդկանց սրտերն ու փոխելով նրանց ներաշխարհը։ Թեեւ շրջափակման հանգուցալուծումը բոլորիս հայտնի է, բայց կարեւոր է, թե հերոսներից յուրաքանչյուրն ինչ է իր հետ տանում ու ինչպես գտնում Արցախում մնալու ելքը։ 

Ներկայացման ավարտին սեղանին դրված աթոռները, տնական օղու շիշը, հենց լքելու պահին մաքրված հատակն ու ընտանեկան ալբոմը հուշում են, որ դա դեռ ավարտը չէ։ Հերոսները հեռանում են, որ մի օր վերադառնան:


Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը պատմում է, որ ներկայացումը ստեղծելու գաղափարն Արմեն Պետրոսյանինն է. «Մի քիչ անսովոր է թվում, որ առաջարկել է Մենչը, քանի որ նա ավելի շատ հայտնի է իր հումորային նախագծերով։ Միշտ ասում եմ, որ մի գարնանային առավոտ ես ու Արմենը նախաճաշի էինք գնում, եւ նա պատմեց՝ նկարահանումների գնալիս արցախցի վարորդների է հանդիպում, որոնք այս քաղաքում իրենց լքված են զգում։ Արագ մտահղացումը ծնվեց, եւ Արմենի առաջարկով ընտրեցինք շրջափակման թեման։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ. մի քանի օրից սցենարիստ Անի Մաղաքյանի հետ խոսեցինք ու դերասանական կազմն ընտրեցինք»: 


Գոջամանյանի խոսքով՝ թեման բարդ ու պատասխանատու է։ Նա զուգահեռ է տանում քաղցկեղով հիվանդների հետ: Բուժվելու համար հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս նախ ընդունել հիվանդությունը։ Միայն դրանից հետո է հնարավոր լինում պայքարել. «Պետք է հասկանանք պարտվելու պատճառները։ Եթե դա կարողանանք անել, ապագայում շատ հաղթանակներ կլինեն։ Հասկանում էինք, որ պետք է ներկայացման ավարտին հանդիսատեսին հույս տանք, ինչն էլ արեցինք»։


Սցենարիստ Անի Մաղաքյանը «Բլոկադա» ներկայացմամբ նորամուտը նշեց թատրոնում։ Խոստովանում է, որ պիեսը գրելը բարդ է եղել, քանի որ թեման ու դրա հետ կապված վերքերը դեռ շատ թարմ են. «Սեդրակի հետ փորձել ենք իրականությունը ցույց տալ։ Գրելիս վերհիշել եմ, թե պատերազմի ու շրջափակման ժամանակ արցախցի ընկերներս ինչ են ինձ պատմել: Նաեւ շատ եմ ուսումնասիրել համացանցում եղած հարցազրույցներն ու արցախցիների հուշերը։ Օգտվել եմ բոլոր հասանելի աղբյուրներից, որպեսզի պատկերը հնարավորինս ճշգրիտ լինի»։ 


Մաղաքյանի խոսքով՝ հայերի գլխավոր խնդիրն այն է, որ իրար տարանջատում են ըստ մարզերի ու բարբառների։ Ուզում էին ցույց տալ, որ էական չէ, թե ամեն մեկս որտեղից ենք ու ինչ բարբառով ենք խոսում, բոլորս էլ հայ ենք ու մեր դռները պետք է միմյանց առաջ բաց լինեն։


«Վախենալու է, թե հատկապես արցախցիներն ինչպես կընդունեն ներկայացումը։ Այդ ամենի միջով անցած մարդիկ որքա՞ն իրական կհամարեն մեր արածն, կդիպչի՞ իրենց սրտին։ Երբ նրանց դուր գա, գործը ստացված կհամարեմ»,- ավելացրել է պիեսի հեղինակը։


Հաջորդ անգամ հանդիսատեսը «Բլոկադա»-ն դիտելու հնարավորություն կունենա մարտի 18-ին եւ 19-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: Ներկայացումներ կլինեն նաեւ ապրիլին, իսկ մայիսին թատերախումբը հյուրախաղերով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW