Հայկական ու արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները երեկ ժամանել էին “Թերլեմեզյան” ցուցասրահ, միայն թե ծաղրանկարների տեսքով:):
Անժելա Սարգսյանի ծաղրանկարը
Աշխատանքների հեղինակը Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարի բաժնի հինգերորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանն է, որը ծաղրանկարների տակ հաճախ “Tigs” է ստորագրում: Փաստորեն ավարտական տարում էլ տեղի է ունենում նկարչի անհատական առաջին ցուցահանդեսը:
“Նոր տարվա նախաշեմին ուզում էի ուրախ նկարներ ներկայացնել: Կարծում եմ` ծաղրանկարը չարժեր խառնել որեւէ այլ թեմայի հետ’’,- նշել է Տիգրանը, որը ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ստեղծել է մոտ մեկ տարում:
Ծաղրանկար նա առաջին անգամ նկարել է երեք տարի առաջ, հերոսը լուսանկարիչ Դամիանն է:): Ի դեպ, այդ նկարը ցուցահանդեսին ներկայացված չէր: Փոխարենը ցուցասրահի պատերին կախված էր 39 աշխատանք` Հասմիկ Կարապետյանի, Գայանե Ասլամազյանի, Ջուսի, Շառլ Ազնավուրի, Էմի Վայնհաուսի, Ռաֆայել Ղազանչյանի, Ֆաինա Հարությունյանի, Հ.Տ. Հայկոյի, Միշոյի, Նազենի Հովհաննիսյանի, Արսեն Գրիգորյանի, Անժելա Սարգսյանի, Հերմինե Ստեփանյանի, “POP հանրագիտարան”-ի հաղորդավարներ Արփինեի, Մհերի եւ ուրիշների ծաղրանկարները:
Գայանե Ասլամազյանի ծաղրանկարը
Հերոսներից շատերի հետ Տիգրանն անձամբ ծանոթ չէ. օգտվել է լուսանկարներից, սակայն ցուցահանդեսի այցելուների արձագանքից եւ բացականչություններից կարելի է եզրակացնել, որ ծաղրանկարների հերոսները չափազանց նման են բնօրինակներին:
“Ծաղրանկարի համար կարեւոր են թե՛ բնավորության գծերը, թե՛ մասնագիտական նվաճումները: Շատ սիրում եմ ծաղրանկարչությունը. ընդգծում ես մարդում բնորոշ գծերը’’,- ասել է նկարիչը:
Նազենի Հովհաննիսյանի ծաղրանկարն արվել է “Սպանված աղավնի’’ ֆիլմի համար արված լուսանկարի հիման վրա: “Նազենին սպանված աղավնուն է նայում սարսափած, ես էլ պատկերել եմ նրանց ռեստորանում, աղավնին էլ խորոված է:)’’, -պատմել է Տիգրանը:
Հ.Տ. Հայկոյի ծաղրանկարը
Արտասահմանյան “աստղերից” ցուցահանդեսին ներկայացված էր Էմի Վայնհաուսը, որը Տիգրանի սիրելի երգչուհիներից է: Հենց այս նկարով են ամենից շատ հետաքրքրվել այցելուները. Տիգրանը ծաղրանկարը վաճառելու առաջարկ է ստացել:
“Հաջորդ ցուցահանդեսին անպայման լինելու է Լեդի Գագան: Նրան նկարելու եմ հայկական ոճում` տարազով’’,- ասել է Տիգրանը:
Հեղինակը նկարում է այն անձանց, ում համակրում է, ովքեր ոգեշնչում են իրեն. “Երբ մուսան գալիս է, արագ ու հավեսով ծաղրանկար եմ պատկերում: Չեմ սիրում առանց ոգեշնչվելու, ստիպված նկարել’’:
Տիգրանն առաջիկայում պատրաստվում է ընդլայնել ծաղրանկարների հերոսների ցանկը եւ ներկայանալ միայն շոու-բիզնեսին նվիրված ցուցահանդեսով: Տիգրանը հետաքրքրվում է նաեւ սյուրռեալիզմով, արդեն ունի այդ ոճում արված մի քանի նկար. “Ուզում եմ խառնել սյուրռեալիզմն ու ծաղրանկարչությունը’’:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: