Լիդուշիկի համար մեծ երազանք էր անհատական ձայնասկավառակ ունենալ, որն արդեն իրականություն է: Մանկական սրճարաններից մեկում օրերս տեղի է ունեցել փոքրիկ երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Աղջիկն ունի նաեւ նախկինում թողարկված իր երկու տեսահոլովակով սկավառակը:
Լիդուշիկը պատրաստվում է գնալ Իտալիա՝ մասնակցելու “Ti lascio una canzone” երաժշտական հեռուստաշոուին
Երգչուհուն շնորհավորելու էին եկել բազմաթիվ երեխաներ իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ, ինչպես նաեւ ավագ կոլեգաները, իր ընտանիքի անդամները եւ այն մարդիկ, որոնք անմիջական կապ են ունեցել ձայնասկավառակի հետ:
Լիդուշիկն իր շնորհանդեսին ոչ միայն երգել, այլեւ շվի է նվագել, լուսանկարվել հյուրերի հետ, իսկ իր նկարով տորթը տեսնելիս մտածել է՝ ինչպես է ամբողջն ուտելու:):
Արսեն Գրիգորյանը կնոջ եւ դստեր հետ
Աղջիկը հաճախում է երգի, պարի դասերի, նաեւ դաշնամուրի ու շվիի: Նրա բեմական կերպարներով զբաղվում է դիզայներ Արամ Նիկոլյանը, որը եւս ներկա էր շնորհանդեսին:
“Շնորհակալ եմ, որ ձեր թանկ ժամանակից հատկացրել ու եկել եք իմ ձայնասկավառակի շնորհանդեսին: Շատ ուրախ եմ, որ իմ երազանքներից մեկն իրականացավ եւ ունեմ իմ անդրանիկ ձայնասկավառակը”,-ասել է Լիդուշիկը:
Հասմիկ Կարապետյանը եւս շնորհավորել է Լիդուշիկին
“Փոքրերի աշխարհ” CD-ում ընդգրկված են 2006-ից մինչ այժմ ներկայացված երգերը՝ “Փուշը”, “Ի՞նչ են խոսում մրջյունները”, “Փոքրերի աշխարհ”, “Երգ եմ հորինել”, “Իմ Երեւան”, “Մանկություն”, “Պարը” եւ այլն: 11 երգից մեկը “Փոքրերի աշխարհ” երգի կարաոկե տարբերակն է: Լիդուշիկի երգերի հեղինակները հիմնականում մեծահասակների համար երգեր գրողներն են, օրինակ՝ Մանե Հակոբյանը, Արմեն Գեւորգյանը, Ռիչարդ Մադլենյանը, Էդգար Ալեքսանյանը եւ այլք:
“Բեմն արդեն երկրորդ տունս է դարձել: Նույնիսկ դաս սովորելիս անկախ ինձնից սկսում եմ երգել”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լիդուշիկն ու հավելել` իր բոլոր երազանքներն այժմ կապված են երգի հետ. ուզում է շրջագայել արտերկրում, ունենալ մենահամերգ, դուրս գալ միջազգային ասպարեզ:
Լիդուշիկը
Աղջկա համար նաեւ մեծ երազանք է Սելենա Գոմեսին, Հաննա Մոնտանային տեսնելը՝ թեկուզ երկու մետրից:). “Նրանք հայտնի են ամբողջ աշխարհում, շատ երեխաներ են նրանց սիրում: Եթե ինձ բախտ վիճակվեր Սելենայի կամ Հաննա Մոնտանայի հետ երգել, բայց դժվար, չեմ հավատա աչքերիս:)”:
Մանկական “Նոր ալիք-2011”-ից հետո Լիդուշիկը կրկին եղել է Մոսկվայում, մասնակցել ամանորյա նկարահանումների, գարնանն էլ պատրաստվում է գնալ Իտալիա՝ մասնակցելու “Ti lascio una canzone” երաժշտական հեռուստաշոուին:
Լիդուշիկը, Էդգարն ու Դալիթան
12-ամյա աղջիկն անկեղծորեն ասել է, որ համերգների, նկարահանումների պատճառով դպրոցի դասերը չի հասցնում լիարժեք սովորել. “Փորձում եմ բաց թողած դասերս գոնե հետո սովորել, չեմ ուզում այնպիսի աշակերտի տպավորություն թողնել, որ շնորհանդես է անում, համերգների է մասնակցում, իր համար դասերը կարեւոր չեն: Ես դպրոցում հասարակ երեխա եմ, շփվում եմ դասարանցիներիս հետ, նույնիսկ նեղվում եմ, երբ դասարանով հավաքվում են ինչ-որ առիթ նշելու, իսկ ես պարապմունքներիս պատճառով չեմ հասցնում գնալ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի/Bravo.am/ եւ Լիդուշիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: