×


Հունդերթվասերի անձրեւոտ օրերը Երեւանում :)

Մինչեւ հունիսի 15-ը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ պարտեզի սրահում կցուցադրվի ավստրիացի անվանի նկարիչ, ճարտարապետ եւ բնապահպան-իդեալիստ Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի “Ռեգենթագ” /“Անձրեւոտ օր”/ պորտֆոլիոն` բաղկացած գրաֆիկական տասն աշխատանքից:

Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի “Ռեգենթագ” խորագրով ցուցահանդեսին


Թեեւ ցուցահանդեսի բացման օրը Երեւանում անձրեւ չտեղաց, մետաքսագրության տեխնիկայով արված կտավներն այցելուների համար ստեղծեցին անհրաժեշտ մթնոլորն ու հնարավորություն տվեցին զգալ արվեստագետի ոգին: Ցուցադրությունն ավելի տպավորիչ են դարձնում Հունդերթվասերի ասույթներից ու մանիֆեստներից ներկայացված հատվածները:

“Ջերարդ Լ. Գաֆեսճյան” հավաքածուին պատկանող “Ռեգենթագ”-ում վառ արտահայտված է նկարչի` նորարարության հանդեպ տածած կիրքն ու բնավորության մեջ առկա բծախնդրությունը. յուրաքանչյուր աշխատանք պարունակում է տեղեկություններ օգտագործված տեխնիկայի, գույների մասին եւ ոչ միայն:

Ֆրիդենսրայխ Հունդերթվասերի “Ռեգենթագ” խորագրով ցուցահանդեսին


Ցուցադրությունից հետո “Հանդիպում արվեստի հետ’’ միջոցառման շրջանակում կայացավ ավստրիացի արվեստագետի կենսագրությանն ու գործունեությանը վերաբերող դասախոսություն, այնուհետեւ ցուցադրվեց Պիտեր Շամոնիի` “Օսկարի” առաջադրված “Հունդերթվասերի Ռեգենթագը’’ վավերագրական ֆիլմը, որը դիտողներին տարավ Ֆրիդենսրայխի` վառ գույների եւ անհավանական գրաֆիկական աշխատանքների աշխարհը, որոնք ստիպում են մի քանի րոպե կանգ առնել ու մտածել կյանքի, անցած ուղղու եւ ապագայի մասին:

“Հանդիպում արվեստի հետ’’ միջոցառմանը


“Հունդերթվասերը նշում էր, որ աշխատանքները գուցե արտաքինից դեկորատիվ տեսք ունեն, բայց պայմանավորված դիտողի աշխարհընկալմամբ, բացահայտում են իրենց խորքերում թաքնված տեսությունը մարդ-բնություն ներդաշնակ կապի մասին’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հանրային կապերի գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW